- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ից Վառնայի կառավարման համալսարան. ուսանողի միջազգային փորձը տուրիզմի ոլորտում
Մարտ 19, 2026 | 10:37
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԵՊՀ-ից Վառնայի կառավարման համալսարան. ուսանողի միջազգային փորձը տուրիզմի ոլորտում
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի ուսանող Մարիա Մայիլյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ սովորել է Վառնայի կառավարման համալսարանում։ Նա ուսանել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ ուսումնասիրելով տուրիզմի և հյուրանոցային կառավարման ոլորտին վերաբերող առարկաներ։
«Ուսումնասիրել եմ տուրիզմի կառավարում, հյուրանոցային բիզնեսի կազմակերպում, ծառայությունների մարքեթինգ, ինչպես նաև բիզնեսի կառավարմանն առնչվող մի շարք առարկաներ։ Դրանք ինձ հնարավորություն տվեցին ավելի խորությամբ հասկանալու միջազգային տուրիզմի ոլորտի զարգացման միտումները և ծառայությունների կառավարման ժամանակակից մոտեցումները»,- ասում է Մարիա Մայիլյանը՝ խոսելով Վառնայի կառավարման համալսարանում իր ուսումնառության մասին։
Սովորելու ընթացքում նա ծանոթացել է եվրոպական տուրիզմի կառավարման մոդելներին, հյուրանոցային բիզնեսում կիրառվող ժամանակակից ռազմավարություններին և աշխատակազմի կառավարման արդյունավետ մեխանիզմներին։
«Դասընթացների շրջանակում ուսումնասիրել եմ միջազգային տարբեր հյուրանոցային ցանցերի փորձը, դրանց կառավարման կառուցվածքը և ծառայությունների որակի ապահովման համակարգերը։ Բացի դրանից՝ մասնակցել եմ քննարկումների, թիմային նախագծերի և պրակտիկ դասընթացների, որոնք ուղղված էին իրական բիզնես իրավիճակների վերլուծությանը»,- նշում է նա։
ԵՊՀ ուսանողի ստացած գիտելիքները հնարավորություն են տալիս նրան ընդգծելու, որ աշխատակազմի արդյունավետ կառավարման համար կարևոր է ստեղծել կազմակերպված և համագործակցային աշխատանքային միջավայր։
«Առաջին հերթին՝ մեծ դերակատարում ունի հստակ հաղորդակցությունը թիմի ներսում, որպեսզի աշխատակիցները հասկանան իրենց պարտականությունները և կազմակերպության նպատակները։ Կարևոր է նաև աշխատակիցների մոտիվացիան ինչպես նյութական խրախուսումների, այնպես էլ մասնագիտական աճի հնարավորությունների միջոցով։ Արդյունավետ մեխանիզմներից են նաև շարունակական վերապատրաստումները, որոնք օգնում են աշխատակիցներին զարգացնելու իրենց հմտությունները և ավելի լավ կատարելու իրենց աշխատանքը»,- ընդգծում է Մարիան և շեշտում, որ այս ամենին զուգահեռ՝ կարևոր է ունենալ աշխատանքի գնահատման արդար և թափանցիկ համակարգ, որը հնարավորություն է տալիս գնահատելու աշխատակիցների ներդրումը և խրախուսելու նախաձեռնողականությունը։
«Այսպիսի մոտեցումը նպաստում է թիմի արդյունավետությանը և կազմակերպության ընդհանուր զարգացմանը»,- մատնանշում է նա:
Ինչ վերաբերում է միջազգային տուրիզմի ոլորտի զարգացման միտումներին, Մարիան ընդգծում է, որ վերջին տարիներին նկատվող առաջին միտումը թվայնացումն է, քանի որ զբոսաշրջիկներն օգտագործում են առցանց հարթակներ՝ ճանապարհորդությունները պլանավորելու, հյուրանոցներ ամրագրելու, տոմսեր ձեռք բերելու համար։
«Բացի դրանից՝ մեծ ուշադրություն է դարձվում կայուն և էկոլոգիական տուրիզմին, երբ կարևոր է դառնում շրջակա միջավայրի պահպանությունը և տեղական համայնքների աջակցությունը։ Մեկ այլ կարևոր միտում է անհատականացված ծառայությունների պահանջարկը․ զբոսաշրջիկները ցանկանում են ոչ միայն տեսնել նոր վայրեր, այլև ունենալ յուրահատուկ փորձառություններ, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին, ավանդույթներին և խոհանոցին։ Այս ամենը նպաստում է, որ միջազգային տուրիզմը դառնա ավելի ճկուն, նորարարական և հաճախորդակենտրոն»,- ասում է նա։
Մարիա Մայիլանը ներկայում 4-րդ կուրսի ուսանող է, կենտրոնացած է ավարտական աշխատանքի վրա, որը վերաբերում է հյուրանոցային ցանցերի ռազմավարական զարգացմանն ու աշխատակազմի արդյունավետ կառավարմանը։ Խոսելով իր ավարտական աշխատանքի թեմայից՝ նա նշում է․ «Այս թեման ընտրել եմ, քանի որ մեծ հետաքրքրություն ունեմ հյուրանոցային բիզնեսի կառավարման, հատկապես՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կազմակերպման նկատմամբ։ Կարծում եմ, որ հյուրանոցային ոլորտում հաջողության հիմնական գործոններից մեկը ճիշտ կառավարվող և մոտիվացված աշխատակազմն է։ Ապագայում ինձ տեսնում եմ հենց այս ոլորտում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հնարավոր է նաև հյուրանոցի սեփականատեր»։
Արտերկրում սովորելու հնարավորությունը, ըստ Մարիայի, պայմանավորված էր մի քանի գործոններով՝ ակադեմիական առաջադիմությամբ, ոլորտի նկատմամբ հետաքրքրվածությամբ ու միջազգային փորձ ձեռք բերելու ցանկությամբ։
«Միջազգային փոխանակման ծրագիրը լավ հնարավորություն էր տեսնելու, թե ինչպես է կազմակերպվում տուրիզմի և ծառայությունների ոլորտի կրթությունը այլ երկրներում, ինչպես նաև ծանոթանալու տարբեր մշակույթների և կրթական մոտեցումների։ ԵՊՀ-ում ստանում ենք տեսական ամուր հիմք, ինչը շատ կարևոր է մասնագիտական զարգացման համար։ Իսկ արտերկրի համալսարանում առավել մեծ էր շեշտադրումը գործնական գիտելիքների վրա՝ թիմային նախագծերի, քննարկումների և իրական բիզնես իրավիճակների վերլուծության միջոցով»,- ասում է Մարիան ու տեսակետ հայտնում, որ երկու մոտեցումների համադրությունը շատ արդյունավետ է։
Համեմատելով ԵՊՀ-ի և Վառնայի կառավարման համալսարանի դասախոսների մոտեցումները՝ Մարիան նշում է. «Երկու համալսարաններում էլ առկա է մասնագիտական բարձր փորձառություն։ Սակայն արտերկրում ավելի մեծ ուշադրություն է դարձվում ուսանողի ակտիվ ներգրավվածության և գործնական մտածողության զարգացման վրա։ Միևնույն ժամանակ, ԵՊՀ-ում ստացած տեսական գիտելիքները շատ կարևոր հիմք են մասնագիտական զարգացման համար»։
ԵՊՀ ուսանողը բազմամշակութային միջավայրում ընկերացել է տարբեր երկրների ուսանողների հետ, ծանոթացել նրանց մշակույթին, մտածողությանը և կրթական փորձին, ինչպես նաև զարգացրել է հաղորդակցման հմտություններն ու ընդլայնել աշխարհայացքը։
«Եվրոպայի, ինչպես նաև այլ տարածաշրջանների ներկայացուցիչների հետ հաճախ աշխատում էինք թիմային նախագծերի շուրջ, ինչը հնարավորություն էր տալիս ավելի լավ ճանաչելու միմյանց մշակույթը։ Ունեցել եմ նաև հնարավորություն ներկայացնելու հայկական մշակույթը՝ պատմելով Հայաստանի, մեր ավանդույթների և մշակութային արժեքների մասին։ Դա շատ հետաքրքիր էր մյուս ուսանողների համար, և նման շփումները նաև լավ հնարավորություն են մեր երկիրը միջազգային միջավայրում ներկայացնելու համար»։
Մարիան նպատակ ունի արտերկրում ստացած գիտելիքները կիրառելու Հայաստանում՝ տուրիզմի և հյուրանոցային կառավարման ոլորտում։ Նա հատկապես հետաքրքրված է աշխատակազմի կառավարման և կազմակերպությունում արդյունավետ աշխատանքի կազմակերպման մեխանիզմներով։ ԵՊՀ ուսանողը կարծում է, որ այս ոլորտը Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի: