- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում քննարկվեցին հայ-շվեյցարական կրթական համագործակցության հեռանկարները
Մարտ 19, 2026 | 15:27
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում քննարկվեցին հայ-շվեյցարական կրթական համագործակցության հեռանկարները
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ՝ ընդլայնելու միջազգային ակադեմիական համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կրթական և գիտական համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով համալսարանների միջև միջազգային կապերի ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց համալսարանի զարգացման հիմնական ուղղությունները՝ ընդգծելով կրթության որակի բարձրացմանն ու գիտահետազոտական կարողությունների ընդլայնմանը միտված բարեփոխումները, ենթակառուցվածքների զարգացումը, միջազգային գիտական հրապարակումների թվաքանակի աճը, ինչպես նաև ակտիվ ներգրավվածությունը միջազգային, մասնավորապես փոխանակման ծրագրերում՝ նպատակ ունենալով բարձրացնելու բուհի միջազգային մրցունակությունն ու համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ։
Նա ընդգծեց, որ վերջին տարիներին արդիականացվել են համալսարանի լաբորատորիաները, համալրվել եվրոպական չափանիշներին համապատասխան սարքավորումներով, աճել է միջազգային գիտական հրապարակումների թիվը, ներդրվել է տարածաշրջանի ամենամեծ գերհամակարգիչը, որը գիտնականներին հնարավորություն է տալիս աշխատելու առաջադեմ ու արդիական պայմաններում։
«ԵՊՀ-ն ակտիվորեն ներգրավված է «Էրազմուս+» ծրագրերում, որոնք ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին հնարավորություն են տալիս մասնակցելու միջազգային փոխանակումների, ընդլայնելու իրենց գիտելիքները, ձեռք բերելու նոր հմտություններ և փորձ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ մատնանշելով, որ համալսարանը շարունակաբար իրականացնում է կրթական ծրագրերի հավատարմագրում եվրոպական գործակալությունների միջոցով՝ նպատակ ունենալով պահպանելու և բարձրացնելու ծրագրերի միջազգային որակը։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, արժևորելով օտարերկրյա գործընկերների հետ գործակցային կապերի ամրապնդումը, ներկայացրեց Շվեյցարիայի համալսարանների հետ ԵՊՀ համագործակցության պատմությունն ու դրա կարևորությունը:
Անդրեա Բարբարա Բաումանն ընդգծեց միջազգային կրթական համագործակցության և ակադեմիական շարժունության կարևորությունը՝ նշելով, որ ուսանողների և դասախոսների փոխանակումը էական դերակատարում ունի գիտելիքի և փորձի փոխանակման գործում։ Նա կարևորեց Հայաստանի, հատկապես ԵՊՀ դերը՝ որպես տարածաշրջանային կրթական և հետազոտական հարթակ։
«Մեր կրթական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկն ուսանողների և դասախոսների շարժունակության խթանումն է: Կրթության արդյունավետությունը մեծապես կախված է այն հնարավորությունից, որ մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել և կառուցել համագործակցություն տարբեր համալսարանների և երկրների միջև»,- շեշտեց դեսպանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ երկխոսությունը՝ նպաստելով կրթության և գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը։



