- Главная
- Node
- «ԱԲ-ն փոխում է կանոնները»․ հարցազրույց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ
Апреля 27, 2026 | 11:00
Գիտություն
Հասարակություն
«ԱԲ-ն փոխում է կանոնները»․ հարցազրույց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ
«Արհեստական բանականությունը փոխելու է ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում նշեց «NVIDIA» ընկերության փոխնախագահ, «AI Conf 2026» համաժողովի գլխավոր բանախոս Ռև Լեբարեդյանը։ Նրա խոսքով՝ չկա ոլորտ, որը չի օգտվում արհեստական բանականությունից, հետևաբար՝ այն ազդեցություն է ունենալու բոլոր ոլորտների վրա՝ առանց բացառության։
Արհեստական բանականությունն այսօր արդեն ոչ թե ապագայի խոստում է, այլ ներկայի ամենաազդեցիկ ուժերից մեկը, որը վերափոխում է տնտեսությունը, գիտությունը և մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Այս համատեքստում «AI Conf 2026»-ը դարձավ կարևոր հարթակ՝ քննարկելու, թե որտեղ է Հայաստանն այս արագ փոփոխվող աշխարհում և ինչ դեր կարող է ստանձնել։
Համաժողովի գլխավոր բանախոսը՝ Ռև Լեբարեդյանը՝ արհեստական բանականության ոլորտի առաջատար մասնագետներից մեկը, ներկայացրեց ոչ միայն գլոբալ տեխնոլոգիական միտումները, այլև խոսեց Հայաստանի համար ստեղծվող բացառիկ հնարավորությունների մասին։
Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում «խաղի կանոնները», ինչու այս պահը կարելի է համարել «վերազրոյացման» հնարավորություն փոքր երկրների համար, և ինչ պետք է անեն Հայաստանի բուհերն ու պետական կառույցները՝ համաշխարհային մակարդակի մասնագետներ ձևավորելու համար։
- Պարո՛ն Լեբարեդյան, նախ՝ խոսենք տեխնոլոգիական գլխավոր իրադարձության մասին․ ի՞նչ կարծիք ունեք «AI Conf 2026»-ի մասին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ երկրի ԱԲ էկոհամակարգի զարգացման վրա։
- Համաժողովին գրանցված մարդկանց թիվը վկայում է, որ այս նախաձեռնությունը իսկապես կարևոր իրադարձություն է Հայաստանի համար։ Արհեստական բանականությունը որպես հիմնարար տեխնոլոգիա դիտարկելու գաղափարը, ինչը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին, նոր չէ։ Այն ձևավորվել է դեռևս 2019 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր «NVIDIA» և հանդիպել ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի հետ։ Վերջինս, պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար, խորհուրդ էր տվել ստեղծել արհեստական բանականության գերհամակարգիչ, այսինքն՝ անցնել այն նույն ճանապարհով, որը անցնելով՝ նա զարգացրել էր իր թիմը։
Տարիներ առաջ ծնված այս գաղափարն այսօր արդեն իրականություն է դառնում Հայաստանում, ընդ որում՝ ավելի արագ, քան շատ այլ երկրներում։ Սա այն եզակի դեպքերից է, երբ մենք ունենք որոշակի առավելություն, և այդ ներուժը հստակ զգացվեց նաև այս համաժողովի շրջանակում։
- Ձեր կարծիքով՝ առաջիկա տարիներին ո՞ր ոլորտներում է արհեստական բանականությունն առավել արագ փոխելու մարդկանց կյանքը կամ ավանդական մասնագիտությունները։
- Իրականում, արհեստական բանականությունը փոխելու է ամեն ինչ։ Եթե մի փոքր հեռվից նայենք ու փորձենք հասկանալ՝ ինչ է արհեստական բանականությունը, ապա կտեսնենք, որ դա, ըստ էության, «ինտելեկտի արտադրություն» է։ Իսկ ո՞ր ոլորտը չի պահանջում ինտելեկտ։ Այդպիսի ոլորտ պարզապես չկա։ Ամենուր՝ յուրաքանչյուր գործունեության մեջ, ինտելեկտը անհրաժեշտ է, և այն երբեք չի լինում բավարար․ մենք մշտապես ունենք դրա անհրաժեշտությունը։ Այսօր, երբ արդեն հնարավոր է «արտադրել» ինտելեկտ՝ բանականություն, ավելի արագ ստեղծել գիտելիք և ավելի մեծ ծավալով, անխուսափելիորեն փոխվելու են բոլոր ոլորտները։ Այդ փոփոխությունն արդեն սկսվել է և շարունակելու է խորանալ ամբողջ աշխարհում։
Հայաստանի համար այս գործընթացը ունի մի կարևոր առանձնահատկություն․ ամեն անգամ, երբ ի հայտ է գալիս կտրուկ փոխակերպող տեխնոլոգիա, ստեղծվում է «վերազրոյացման» պահ։ Այդ պահին բոլոր երկրները գտնվում են հավասար դիրքում, քանի որ դեռևս ոչ ոք ամբողջությամբ չի հասկացել՝ ինչպես օգտագործել այն։ Սա նշանակում է, որ նույնիսկ փոքր երկրները, ինչպես Հայաստանը, ստանում են իրական հնարավորություն՝ արագ առաջ շարժվելու և նույնիսկ առաջ անցնելու մյուսներից։ Կարևոր է նաև այն, որ արհեստական բանականության զարգացման հիմքում ընկած ռեսուրսները, օրինակ, GPU-ները (գրաֆիկական պրոցեսորներ), Հայաստանում արդեն ձևավորվում են մեծ ծավալով։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայն օգտագործելու, այլև «արտադրելու» ինտելեկտ՝ ստեղծելով նոր կիրառություններ, որոնք կարող են դառնալ արժեք և արտահանվել։ Տարվա վերջում Հայաստանը ավելի շատ GPU-ներ կունենա, քան Եվրոպայի ցանկացած երկիր։ Այն կլինի աշխարհի լավագույն չորս կամ հինգ երկրների շարքում ոչ թե մեկ շնչի հաշվով, այլ ընդհանուր առմամբ։
Ինչ վերաբերում է մասնագետների հարցին, այստեղ ևս իրավիճակը հօգուտ մեզ է։ Քանի որ տեխնոլոգիան նոր է, աշխարհում գրեթե չկան մեծ փորձ ունեցող մասնագետներ․ բոլորը սովորում են հենց հիմա։ Սա ևս մեկ «հավասար մեկնարկի» պահ է, երբ ամեն ինչ կախված է ընտրությունից՝ կօգտվե՞նք այդ հնարավորությունից, թե՞ ոչ։
Հենց այդ պատճառով է կարևոր, որ նման քննարկումները տեղի են ունենում համալսարանում, որ ուսանողները լսում են այս ուղերձը և հասկանում՝ իրենք հավասար են աշխարհի ցանկացած այլ ուսանողի հետ։ Ավելին՝ որոշ դեպքերում նույնիսկ առավելություն ունեն, քանի որ այս տեխնոլոգիաներին հասանելիություն են ստանում ավելի շուտ։
- ԵՊՀ-ում արդեն գործում է գերհամակարգիչ, որն աննախադեպ է Հայաստանի համար․ ըստ Ձեզ՝ այն ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի ԱԲ և հետազոտական ոլորտների համար։
- Այսօր համակարգչային գիտության հիմնական գործիքը գերհամակարգիչն է։ Սա հենց այն գաղափարն է, որը դեռևս 2019 թվականին Ջենսեն Հուանգը ներկայացրել է Հայաստանի վարչապետին։ Եթե նախկինում հնարավոր էր գիտահետազոտական լուրջ աշխատանք կատարել նույնիսկ սովորական նոթբուքով՝ ծրագրավորելով և փորձարկելով բարդ ալգորիթմներ, ապա այսօր իրավիճակը փոխվել է։ Համակարգչային գիտության առաջատար ուղղությունը դարձել է արհեստական բանականությունը, իսկ դրա հիմնական «գործիքը»՝ արհեստական բանականության գերհամակարգիչը։
Աշխարհի գրեթե բոլոր հետազոտողները մշտապես զգում են հաշվարկային հզորությունների պակաս։ Նրանք անընդհատ ավելի մեծ և հզոր համակարգիչների անհրաժեշտություն ունեն, և իրականում ոչ ոք չի ունենում բավարար ռեսուրս։ Այս միտումը նկատվել է դեռևս տասը տարի առաջ։ Աշխարհի առաջատար համալսարաններում, օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), Սթենֆորդի, Տորոնտոյի համալսարաններում, բոլոր վայրերում, որտեղ ձևավորվել է խորքային ուսուցման (deep learning) գիտական հիմքը, շատ գիտնականներ ստիպված էին լքել համալսարանները և տեղափոխվել տեխնոլոգիական ընկերություններ՝ «NVIDIA», «Google»՝ պարզապես անհրաժեշտ հաշվարկային ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար։
Սա կարելի է համեմատել այլ գիտությունների հետ․ նյութագիտության մեջ անհրաժեշտ է մանրադիտակ, աստղաֆիզիկայում՝ հեռադիտակ, մասնիկների ֆիզիկայում՝ գծային արագացուցիչ։ Նույն կերպ, ժամանակակից համակարգչային գիտության և հատկապես արհեստական բանականության համար անփոխարինելի գործիք է գերհամակարգիչը։ Առանց դրա՝ լիարժեք գիտական հետազոտություն կատարելը գրեթե անհնար է։ Հենց այս պատճառով էլ տարիներ շարունակ առաջ եմ տարել Հայաստանում նման համակարգ ունենալու գաղափարը։
Այժմ, երբ պետական ֆինանսավորմամբ հնարավոր է դարձել համալսարանում ունենալ գերհամակարգիչ և այն հասանելի դարձնել հետազոտողներին, արդեն իսկ ակնհայտ է դրա պահանջարկը։ Գործարկումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ համակարգը աշխատում է իր առավելագույն ծանրաբեռնվածությամբ։
- Պարո՛ն Լեբարեդյան, շատերին հետաքրքրում է՝ ի՞նչ գործոններ են ամենաշատն ազդում «NVIDIA»-ի երևանյան գրասենյակում AI տաղանդների ներգրավման վրա, կամ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հայկական բուհերը և պետությունը, որ «NVIDIA»-ի երևանյան գրասենյակը կարողանա ներգրավել ավելի շատ մասնագետների։
- «NVIDIA»-ի համար ամենակարևոր գործոնը բարձրակարգ մասնագետների հասանելիությունն է։ Իսկ այդ մասնագետների ձևավորման հիմքը դրվում է համալսարաններում։ Հենց բուհերում է տեղի ունենում գիտական առաջատար հետազոտությունը, և այդ հետազոտությամբ զբաղվող մարդիկ հետագայում դառնում են այն կադրերը, որոնց ընկերությունը ներգրավում է իր աշխատանքներում։ Նրանք նաև այն մարդիկ են, որոնք իրենց գաղափարների հիման վրա ստեղծում են նոր ընկերություններ։ «NVIDIA»-ն հետևում է այդ գործընթացներին՝ համագործակցելով նրանց հետ, աջակցելով կամ նույնիսկ ձեռք բերելով նման նախաձեռնությունները։
Ինչ վերաբերում է կրթական ուղղություններին, ապա այստեղ առաջնայինը համակարգչային ճարտարագիտությունն ու համակարգչային գիտությունն են։ Դրանք են հիմքը, իսկ արհեստական բանականությունը՝ ժամանակակից համակարգչային գիտության դրսևորումը։ Ընկերության համար կարևոր չէ ծրագրավորման կոնկրետ լեզվի իմացությունը․ առավել կարևոր է խորքային, հիմնարար գիտելիքը համակարգչային գիտության ոլորտում։
Բուհերի դերը այս գործընթացում առանցքային է։ Նրանք պետք է ոչ միայն սովորեցնեն ծրագրավորում կամ համակարգչի կիրառություն, այլև ապահովեն առաջատար, սահմանները առաջ մղող գիտական հետազոտություն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք արժեքավոր կլինեն աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների համար։
Եվ ամենակարևորը՝ անհրաժեշտ է կատարել առաջադեմ գիտական հետազոտություններ։ Խոսքը միայն այն մասին չէ, որ մարդիկ սովորեն օգտագործել համակարգիչը կամ ծրագրավորել․ նրանք պետք է կատարեն առաջատար և նորարարական հետազոտություններ, որոնք արժեքավոր կլինեն «NVIDIA»-ի համար։ «NVIDIA»-ն հաշվարկային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից է և աշխարհում խոշորագույններից մեկը։ Աշխարհում համակարգչային գիտության ոլորտի լավագույն գիտնականները ձգտում են աշխատել հենց այստեղ․ Հայաստանը պետք է «արտադրի» համաշխարհային մակարդակի այդօրինակ գիտնականներ։
Նշենք, որ օրեր առաջ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «AI Conf Armenia 2026» համաժողովը, որը գրանցել էր ռեկորդային մասնակցություն՝ համախմբելով շուրջ 3000 այցելուների և մասնակիցների։
Համաժողովի ընթացքում Ռև Լեբարեդյանը «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» խորագրով բանախոսության ժամանակ հնչեցրել է մի շարք առանցքային գաղափարներ․
Այսօր աշխարհում ոչ ոք չգիտի՝ ինչպես օգտագործել ԱԲ-ն, ինչը հավասար հնարավորություններ է տալիս թե՛ Հայաստանին, թե՛ ԱՄՆ-ին։
Երբ տարեվերջին գործարկվեն հայտարարված 50 հազար GPU-ները, Հայաստանը դրանց քանակով կարող է հայտնվել աշխարհի առաջատար հնգյակում։
Առաջին փուլի 6 հազար GPU-ները հետազոտողներին հասանելի կդառնան առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու միակ շանսը մեր բնական ռեսուրսը՝ մարդկային ուղեղները օգտագործելն է։ Մարդկային ուղեղը մեր ուժն է, մեր հնարավորությունը։ Մենք կարևոր ենք աշխարհի համար, մենք պարզապես փոքր երկիր չենք, որը խնդրում է այլ երկրներին իրեն օգնել, օժանդակել։ Մենք պետք է զարգացնենք մեր ուղեղները, որպեսզի աշխարհի մաս դառնանք։
Ես հավատում եմ Հայաստանին, ես հավատում եմ մեր հնարավորություններին, ուղեղներին, հավատում եմ աշխատասիրությանը, հավատում եմ, որ մենք մտածում ենք մարդկանց մասին, ունենք բարձր արժեքներ և կարող ենք օգտակար լինել աշխարհին։ Կարծում եմ՝ այդ ամենը դուք էլ եք տեսնում։