- Главная
- Node
- ԵՊՀ «Translation Studies: Theory and Practice» հանդեսն արժանացել է Q3 վարկանիշի և ընդգրկվել «Web of Science» շտեմարանում
Апреля 28, 2026 | 10:30
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
ԵՊՀ «Translation Studies: Theory and Practice» հանդեսն արժանացել է Q3 վարկանիշի և ընդգրկվել «Web of Science» շտեմարանում
Երևանի պետական համալսարանի հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» գիտական հանդեսը գրանցել է աննախադեպ հաջողություն՝ միջազգային գիտաչափական հարթակներում ամրապնդելով իր դիրքերը։ «SCImago Journal & Country Rank» պորտալի 2025 թվականի թարմացված տվյալների համաձայն՝ ամսագրին միանգամից շնորհվել է Q3 քառորդի կարգավիճակ՝ «Scopus»-ի տվյալների հիման վրա:
«Translation Studies: Theory and Practice» հանդեսի (գլխավոր խմբագիր՝ ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյան) առաջին համարը լույս է տեսել 2021 թվականին: Հատկանշական է, որ ամսագիրը, շրջանցելով ամենացածր՝ չորրորդ քառորդը (Q4), միանգամից հայտնվել է երրորդում (Q3)։
ԵՊՀ հրատարակչության պատասխանատու խմբագիր (անգլերեն ամսագրի համար) Աշոտ Գևորգյանի դիտարկմամբ՝ հանդեսի այս վարկանիշը թիմի չորս-հինգ տարվա հետևողական ու պրոֆեսիոնալ աշխատանքի և միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխանելու արդյունքն է։
«Ամսագրի վարկանիշի բարձրացման հարցում վճռորոշ դեր են խաղացել նաև հեղինակավոր այլ ամսագրերից ստացված հղումները: 2025 թվականին ամսագիրն ընդգրկվել էր «Scopus» շտեմարանում, իսկ արդեն 2026 թվականին՝ «Web of Science» հարթակում»,- ընդգծեց նա:
Աշոտ Գևորգյանի խոսքով՝ հանդեսը հաջողել է նաև իր միջազգային լայն ընդգրկվածության շնորհիվ։
«Հոդվածների հեղինակների աշխարհագրությունը բավականին լայն է․ հետազոտություններ են հրատարակվում ԱՄՆ-ից, Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից։ Ամսագիրը սերտորեն համագործակցում է նաև Վերոնայի և Լիոնի համալսարանների հետ»,- մատնանշեց նա։
Հրատարակչության պատասխանատու խմբագիրը, կարևորելով հանդեսի՝ «Web of Science» շտեմարանում ընդգրկվելու փաստը, նշեց. «Վերջին տարիներին «Web of Science» շտեմարանում ամսագրերի ընտրության գործընթացը զգալիորեն խստացվել է։ 2026 թվականի առաջին չորս ամիսներին շտեմարանում ընդգրկվել է մոտ 40 ամսագիր, ինչը վկայում է ընտրության չափանիշների զգալի խստացման մասին։ Հատկանշական է նաև, որ միայն ապրիլին ընդգրկվել է 13 ամսագիր, որոնց թվում է նաև «Translation Studies: Theory and Practice»-ը»:
Այս համատեքստում նա հավելեց, որ «Web of Science»-ը նաև մշտապես վերահսկում է ընդգրկված հանդեսների որակը՝ ապահովելով միջազգային բարձր չափանիշների պահպանումը: Հետևաբար, «Translation Studies: Theory and Practice» ամսագրի ընդգրկումը կարելի է գնահատել որպես կարևոր ձեռքբերում, որը հաստատում է դրա համապատասխանությունը առավել խիստ ակադեմիական և հրատարակչական պահանջներին։
«Հավելեմ նաև, որ «SCImago Journal & Country Rank» պորտալը ծառայում է որպես որոշումների ընդունման գործիք թե՛ հետազոտողների, թե՛ բուհերի և գիտական հաստատությունների համար՝ օգնելով գնահատելու հրապարակումների որակը և ընտրելու համապատասխան հարթակներ գիտական արդյունքների տարածման համար»,- եզրափակեց Աշոտ Գևորգյանը:
Ընդգծենք, որ «Translation Studies: Theory and Practice» ամսագիրը դարձավ համալսարանական առաջին ամսագիրը, որը փուլային կերպով ինդեքսավորվեց միջազգային հեղինակավոր շտեմարաններում։ Հանդեսի Q3 վարկանիշը պահպանվելու է մեկ տարի: