- Главная
- Node
- «ԵՊՀ դասավանդման մեթոդները ոչ միայն արդիական են, այլև ունեն գիտականորեն հիմնավորված խոր արմատներ». Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի ուսանող
Май 05, 2026 | 13:13
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
«ԵՊՀ դասավանդման մեթոդները ոչ միայն արդիական են, այլև ունեն գիտականորեն հիմնավորված խոր արմատներ». Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի ուսանող
Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի (ԱՄՆ) ուսանող Միխայիլ Ցարևսկին շուրջ մեկ տարի ուսումը շարունակել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում՝ խորապես ուսումնասիրելով ռուսաց լեզուն: Նա ԵՊՀ էր ժամանել «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագրի շրջանակում:
Բոուլդերի համալսարանում Միխայիլի ուսումնասիրության տիրույթում են միջազգային հարաբերությունները՝ քաղաքական փիլիսոփայության, լեզվի և մշակույթի շեշտադրմամբ:
«ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ուսումնառությունս սկսել եմ 2025 թվականի սեպտեմբերին: Համալսարանի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ այն հայտնի է իր Ռուս բանասիրության ֆակուլտետով, ինչպես նաև ԵՊՀ-ն գործընկերային կապեր ունի և՛ «American Councils»-ի, և՛ Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի հետ»,- ասում է Միխայիլ Ցարևսկին:
Օտարերկրյա ուսանողի համար ռուսաց լեզուն ոչ միայն ակադեմիական առարկա է, այլև մշակութային կամուրջ:
«Ռուսերենը գեղեցիկ լեզու է՝ հզոր մշակույթով և հարուստ պատմությամբ։ Այն եզակի է իբրև կայսերական լեզու, որը ծառայում է որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ Այն բնականորեն դարձել է ավելի լայն տարածաշրջանի մաս և կարևոր դեր է խաղում Ասիայի ու Եվրոպայի բազմաթիվ երկրների մշակույթներում»,- նշում է նա:
Միխայիլի դիտարկմամբ՝ ԵՊՀ դասավանդման մեթոդները, լինելով արդիական, նաև ունեն գիտականորեն հիմնավորված խոր արմատներ։ Ըստ նրա՝ համալսարանում կիրառվող բազմաթիվ մեթոդներ ժառանգված են խորհրդային կրթական համակարգից, որն ուսանողը համարում է պատմության մեջ ամենաարդյունավետն ու առաջադեմը:
«Խորհրդային կրթական համակարգը հիմնված էր ցարական Ռուսաստանի կրթական համակարգի վրա, որը բավականին առաջադեմ էր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, արվեստը, մաթեմատիկան և հումանիտար գիտությունները։ Ռուսաստանը նաև ժառանգել է ինտելեկտուալ ավանդույթներ Արևելահռոմեական կայսրությունից: Կոստանդնուպոլսի անկումից հետո սկսեց այն դիտվել որպես «Երրորդ Հռոմ»՝ ամրապնդելով կրթության և մշակութային շարունակականության նկատմամբ մեծ շեշտադրումը»,- նկատում է ուսանողը:
Ըստ նրա՝ թեև ԽՍՀՄ-ը գաղափարապես հակադրվում էր կայսրությանը, սակայն նրա առաջնորդները գիտակցում էին հզոր կրթության դերը պետության կայացման գործում. «Արևելյան Հայաստանը պատմական կապեր ունի ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ ԽՍՀՄ-ի հետ, ուստի արժեքավոր է տեսնել այս մեթոդների տարրերը, որոնք դեռևս կիրառվում են այսօր»։
Միխայիլի խոսքով՝ խորհրդային կրթական մեթոդը հնարավորություն է տալիս խորապես տիրապետելու առարկային՝ ապահովելով ռուսերենի բարձր մակարդակի իմացություն. «Սա ձեռք է բերվում նաև քերականության, հնչյունաբանության և մեթոդաբանության ուսումնասիրության ընթացքում ցուցաբերվող խիստ կարգապահության շնորհիվ»:
Մեծ այգի՝ ԵՊՀ տարածքում. ահա՛, թե ինչ է ակնկալում տեսնել իր հաջորդ այցին ԱՄՆ-ից ժամանած ուսանողը:
«ԵՊՀ-ն շատ հյուրընկալ «տանտեր» է, որն արտացոլում է Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը օտարերկրացիների, ընդհանրապես մարդկանց նկատմամբ. դա հյուրասիրությունն է։ Այնուամենայնիվ, կցանկանայի մի առաջարկ անել. հաճելի կլիներ, եթե համալսարանը դիտարկեր մեծ այգի ունենալու գաղափարը, որտեղ ուսանողները կկարողանան նստել դրսում, շփվել կամ սովորել բնական միջավայրում»։
Հայաստանը օտարերկրյա ուսանողի համար կմնա որպես երկրորդ տուն:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Ես այստեղ անցկացրել եմ յոթ ամիս: Այս երկիրը կհամարեմ իմ երկրորդ տունը կյանքիս մնացած տարիների համար,- անկեղծանում է ուսանողը և հավելում,- ինձ ամենից շատ տպավորել է մարդկանց հյուրընկալ ու հյուրասեր վերաբերմունքը։ Հուսով եմ, որ երիտասարդ սերունդները կպահպանեն այն ավանդույթները, որոնց համար պայքարել և զոհաբերվել են իրենց նախնիները։ Սա եզակի երկիր է՝ շատ պայծառ ապագայով: Շնորհակալ եմ Հայաստանին՝ ուսումնառության հրաշալի փորձի համար»: