- Главная
- Node
- Կրթական կամուրջներ դեպի Շվեդիա․ ԵՊՀ-ում ձևավորվում է բազմաշերտ համագործակցություն
Май 13, 2026 | 14:14
Գործընկերներ
Կրթություն
Կրթական կամուրջներ դեպի Շվեդիա․ ԵՊՀ-ում ձևավորվում է բազմաշերտ համագործակցություն
ԵՊՀ-ում հյուրընկալվել էր Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, միջազգային համագործակցության, ԵՊՀ-ում շվեդերենի զարգացմանն ուղղված և տարբեր նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ Այցի շրջանակում կողմերը ստորագրել են նաև համագործակցության համաձայնագիր՝ ուղղված շվեդերենի դասավանդման զարգացմանը, ինչպես նաև ակադեմիական կապերի ընդլայնմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով համալսարանի կրթական և գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծեց միջազգային համագործակցության զարգացման կարևորությունը։ Նա անդրադարձավ նաև համալսարանում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը և օտարերկրյա գործընկերների հետ կապերի ընդլայնմանը։ Ռեկտորն ընդգծեց, որ համալսարանում կրթությունը զուգակցվում է գիտական ակտիվ գործունեության հետ։
«Յուրաքանչյուր տարի պետական ֆինանսական աջակցությունը մեծանում է՝ պայմանավորված համալսարանի գիտական արդյունքների աճով։ Արդյունքների գնահատման հիմնական ցուցիչներից մեկը գիտնականների հրապարակած հոդվածներն են։ Վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գիտական հրապարակումների թիվը աճել է շուրջ 50 տոկոսով, ինչը պայմանավորված է նաև խրախուսական տարբեր մեխանիզմների ներդրմամբ, որոնք նպաստում են աշխատակիցների գիտական ակտիվության բարձրացմանը։ Համալսարանի մի շարք գիտական հանդեսներ անցել են անգլիալեզու ձևաչափի, որոշ հանդեսներ արդեն ընդգրկվել են «Scopus» և «Web of Science» միջազգային շտեմարաններում։ Իսկ մյուները գտնվում են այդ շտեմարաններում ընդգրկվելու գործընթացում»,- հավելեց ռեկտորը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵՊՀ-ի և շվեդական բուհերի միջև համագործակցությանը։ Նշվեց, որ համալսարանը համագործակցում է Ուփսալայի, Լունդի և Ստոկհոլմի համալսարանների հետ՝ հիմնականում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը հիշեցրեց, որ համագործակցության շրջանակում վերջերս Շվեդիա կատարած այցի ընթացքում ուսումնասիրել են շվեդական բուհերի կառավարման և ենթակառուցվածքային համակարգերը, ինչպես նաև քննարկել համագործակցության նոր ուղղություններ։ Նա ընդգծեց, որ այցը եղել է բավականին հետաքրքիր, տպավորիչ և արդյունավետ։
«Մենք այցելել ենք երեք համալսարաններ՝ Լունդի, Ուփսալայի և Ստոկհոլմի։ Հիմնական նպատակն էր ուսումնասիրել դրանց ենթակառուցվածքներն ու ներքին կառավարման համակարգերը։ Արդեն իսկ որոշակիորեն կիրառել ենք շվեդական համալսարանների փորձը, մասնավորապես՝ Ստոկհոլմի համալսարանի կառավարման համակարգի ոլորտում։ Մեր գործընկերները մեծապես աջակցել են մեզ՝ մանրամասն ներկայացնելով և բացատրելով իրենց ներքին քաղաքականություններն ու ընթացակարգերը»,- մատնանշեց Միքայել Հովհաննիսյանը և հավելեց, որ այնտեղ ևս քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Շվեդիայի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը, ակադեմիական փոխանակումները և համալսարանների միջև կապերի խորացման ուղղությունները։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել շվեդերենի և սկանդինավագիտության զարգացման հեռանկարներին։ Այս համատեքստում Երևանի պետական համալսարանի և Շվեդական ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր՝ «Շվեդերենի դասախոսներ արտերկրում» («Swedish Teachers Abroad Programme») ծրագրի շրջանակում։ Համաձայնագրի նպատակն է խթանել շվեդերենի և շվեդական մշակույթի ուսումնասիրությունը ԵՊՀ-ում՝ միաժամանակ ընդլայնելով հայ-շվեդական ակադեմիական համագործակցության հնարավորությունները։ Ծրագիրը միտված է արտասահմանյան բուհերում շվեդերենի դասավանդման զարգացմանը, ինչպես նաև Շվեդիայի նկատմամբ հետաքրքրության և վստահության ամրապնդմանը։
Խոսելով լեզուների ոլորտում համագործակցության ընդլայնման մասին՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը նշեց, որ ֆակուլտետում մեծ հետաքրքրություն կա շվեդերենի նկատմամբ․ շուրջ 200 ուսանող և 50 դասախոս ցանկություն են հայտնել սովորելու լեզուն։ Նրա խոսքով՝ թեև շվեդերենը դեռևս ընդգրկված չէ հիմնական կրթական ծրագրերում, հետաքրքրվածների թիվը վկայում է լեզվի և սկանդինավյան մշակույթի նկատմամբ ձևավորված մեծ հետաքրքրության մասին։
«Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը, ինչպես նախատեսել ենք, կմեկնարկի արդեն սեպտեմբերից։ Հնարավոր է՝ այս գործընթացում մեզ աջակցի նաև դեսպանատունը։ Քննարկել ենք նաև վկայականների հարցը․ եթե մեր ուսանողները սովորեն շվեդերեն և հասնեն, օրինակ, B2 մակարդակի, ապա համապատասխան հավաստագրերի տրամադրումը կարևոր աջակցություն և լրացուցիչ մոտիվացիա կլինի նրանց համար լեզուն սովորելու ճանապարհին»,- ընդգծեց Մարինե Յաղուբյանը։
Այս համատեքստում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մատնանշեց, որ համագործակցության մեկնարկը նախատեսվում է շվեդերենի ուսուցմամբ, սակայն հետագայում համալսարանը դիտարկում է նաև սկանդինավագիտության առավել խորքային զարգացման հնարավորությունը՝ մինչև սկանդինավյան ուսումնասիրությունների դպրոցի, ծրագրի կամ առանձին կրթական ուղղության ձևավորում։
Դեսպանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՊՀ նախաձեռնություններին նաև շվեդերենի ուսուցման և կրթական ծրագրերի զարգացման համատեքստում՝ կարևորելով լեզվական և մշակութային կապերի ամրապնդումը։ Միաժամանակ, դեսպան Եվա Սունդքվիստը նշեց, որ վերջին տարիներին Շվեդիան զգալիորեն ընդլայնել է Հայաստանի հետ զարգացման համագործակցության ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, «կանաչ» անցման և կրթական համագործակցության ոլորտներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «COP17»-ի շրջանակում ԵՊՀ ներգրավվածությանը և համալսարանի կողմից համակարգվող նախաձեռնություններին։ Նշվեց, որ ձևավորվել է մի շարք բուհերի մասնակցությամբ համագործակցային ակադեմիական հարթակ, որի նպատակն է աջակցել բնապահպանական և կլիմայական օրակարգին առնչվող ծրագրերի իրականացմանն ու միջոցառումների կազմակերպմանը՝ ներառյալ գիտաժողովներ, աշխատաժողովներ և ուսանողական ներգրավմամբ նախաձեռնություններ։
Ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերից մինչև համատեղ գիտակրթական նախաձեռնություններ, ամառային դպրոցներից և ուսումնական ճամբարներից մինչև հետազոտական նախագծերի իրականացում․ Երևանի պետական համալսարանի և շվեդ գործընկերների միջև ձևավորվող համագործակցությունը ընդգրկում է ակադեմիական կյանքի գրեթե բոլոր մակարդակները։ Այն դիտարկվում է ոչ միայն որպես լեզվական կամ առանձին կրթական ծրագրերի ընդլայնում, այլև որպես բազմաշերտ և երկարաժամկետ գործընկերություն՝ ուղղված կրթության, գիտության և միջազգային ակադեմիական կապերի ամրապնդմանը։