- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ գունավոր հեռուստատեսության նախատիպի «ծննդավայր»․ Հովհաննես Ադամյանի գիտական ժառանգությունը
Մայիս 13, 2026 | 10:00
Գիտություն
Հետազոտություն
ԵՊՀ-ն՝ գունավոր հեռուստատեսության նախատիպի «ծննդավայր»․ Հովհաննես Ադամյանի գիտական ժառանգությունը
Հայ գիտության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն ազգային, այլև համաշխարհային հնչեղություն ու ճանաչում ունեն։ Այդպիսի բացառիկ դեմքերից է Հովհաննես Ադամյանը՝ գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից մեկը։ Նրա գիտական գործունեությունը կապված է ոչ միայն Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների, այլև անմիջապես Երևանի պետական համալսարանի հետ, որտեղ էլ կատարել է գյուտերից մեկը։
«Հեռատես»-ը՝ ստեղծված Երևանի համալսարանում
1920-ականներին Հովհաննես Ադամյանը լաբորատորիա է հիմնում Երևանի համալսարանում (այժմ՝ ԵՊՀ), իսկ արդեն 1925 թ․ համալսարանի հատուկ լաբորատորիայում ստեղծում և փորձարկում է եռագույն պատկերման սարք, որը ստանում է «Հեռատես» անվանումը։ Այս գյուտը՝ հիմնված կարմիր, կանաչ և կապույտ լուսային ճառագայթների սկզբունքի վրա, համարվում է գունավոր հեռուստացույցի նախատիպերից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
1908 թ․ ազդանշանների փոխանցման երկգույն սարքի համար Բեռլինում նրան տրվել է հավաստագիր, որի արտացոլումն էր «Հեռատես»-ը։ Սակայն պատմական է այն հանգամանքը, որ հենց Երևանում՝ համալսարանական միջավայրում, գիտնականը կարողացավ ստեղծել այս համակարգը և փորձարկել գունավոր պատկերի փոխանցման հնարավորությունը։ Համանման համակարգ ներկայացվել է միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։
Հետագա ճանաչումը և համաշխարհային կիրառումը
Հովհաննես Ադամյանը մահացավ 1932 թ․, իսկ նրա ստեղծած եռագույն համակարգը՝ որպես տեխնիկական հիմք, ընդունվեց միայն հետագայում՝ 1951–1953 թթ․ ԱՄՆ-ում գունավոր հեռուստահաղորդումների գործարկման ժամանակ։ Այսպիսով, մի գաղափար, որն իրագործվել էր Երևանի պետական համալսարանում, միջազգային ճանաչում ստացավ՝ դառնալով հեռուստատեսության մի ամբողջ դարաշրջանի տեխնոլոգիական մեկնակետ։
«Աշխարհն իսկապես երփներանգ է, սև ու սպիտակ չէ, բայց ժողովրդիս պատմությունը, ավա՜ղ, միշտ երկգույն է եղել: Գույների կարիք շատ ունենք: Ուրեմն, էլ որտե՞ղ, եթե ոչ Երևանում պետք է մեկնարկի գունավոր հեռուստատեսության նախագիծը»։
Հովհաննես Ադամյան
ԵՊՀ-ն՝ որպես Հովհաննես Ադամյանի ժառանգության կրող
Երևանի պետական համալսարանը տարիներ շարունակ պահպանում և զարգացնում է Հովհաննես Ադամյանի գիտական ժառանգությունը։ Նրա գյուտերը ներառված են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կրթական ծրագրերում՝ որպես գիտական մտածողության, տեխնիկական ճշգրտության և տեսական գիտելիք-գործնական հմտություն կապի օրինակ։
ԵՊՀ-ում անցկացվում են թեմատիկ սեմինարներ, քննարկումներ, իսկ մի շարք գիտական աշխատանքներ ուղղված են Ադամյանի՝ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծած համակարգերի վերակազմությանը։
ԵՊՀ-ում Ադամյանի գիտական մոտեցումը դիտարկվում է նաև միջգիտակարգային տեսանկյունից՝ որպես այն ըմբռնման հիմնասյուն, թե ինչպես կարող են տեսական ֆիզիկան, ինժեներությունը և ստեղծարար միտքը հանգեցնել համաշխարհային մասշտաբի տեխնոլոգիական հեղափոխության։
Երևանի պետական համալսարանը՝ տեխնոլոգիական շարժիչ ուժ
«Հեռատես»-ի՝ Երևանի պետական համալսարանում ստեղծման փաստն այսօր ընդգծում է համալսարանի պատմական դերը՝ որպես նորարարական գիտության կենտրոն։ Հովհաննես Ադամյանի օրինակը վկայում է, որ հայաստանյան գիտական միջավայրը նույնիսկ 20-րդ դարի սկզբում ունակ էր լինելու համաշխարհային տեխնոլոգիական շարժիչ ուժ։
Երևանի պետական համալսարանը շարունակում է պահպանել և զարգացնել այդ ժառանգությունը՝ գիտելիքը դարձնելով կամուրջ անցյալի և ապագայի միջև։
Հավելենք, որ ԵՊՀ-ում գործում է Հովհաննես Ադամյանի անվան սրահ (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 5-րդ հարկ), որտեղ անցկացվում են ինտերակտիվ դասընթացներ, սեմինարներ և գիտական այլ միջոցառումներ։