- Главная
- Node
- ԵՊՀ և ֆրանսահայ գիտնականների համագործակցությամբ մեկնարկեց ակադեմիական նոր նախաձեռնություն ուսանողների համար
Май 29, 2026 | 11:00
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ և ֆրանսահայ գիտնականների համագործակցությամբ մեկնարկեց ակադեմիական նոր նախաձեռնություն ուսանողների համար
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ բացառիկ գիտակրթական նախաձեռնություն՝ «Գերազանցության մրցանակ» ուսանողական մրցույթը, որը կազմակերպվել էր ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակում։
Միջազգային համագործակցությունից դեպի ուսանողական մրցույթ
«Գերազանցության մրցանակ» ուսանողական մրցույթը կազմակերպվել էր ֆրանսահայ գիտնականների՝ դոկտոր Աննա Մարտիրոսյանի («AP-HM» (Ֆրանսիա) բիզնես զարգացման և համագործակցության տնօրեն, Էքս-Մարսելի համալսարանի հրավիրյալ դասախոս) և պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանի (Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, «X-PHARMA» ընկերության հիմնադիր և նախագահ, կենսաքիմիկոս, կենսաբան և դեղաբան, թերապևտիկ պեպտիդների ոլորտի մասնագետ) նախաձեռնությամբ։
Մրցույթի ստեղծման գաղափարը և դրա կազմակերպման շուրջ նախնական պայմանավորվածությունները ձևավորվել են դեռևս 2025 թվականի հոկտեմբերին՝ պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանի նախաձեռնությամբ։ Այնուհետև այն կյանքի կոչվեց և կայացավ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաբանություն» բակալավրի կրթական ծրագրի ղեկավար, մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աննա Կարապետյանի ջանքերով և անմիջական համակարգմամբ՝ ապահովելով դրա ակադեմիական բարձր մակարդակը։
Նախաձեռնության նպատակն էր խթանել ուսանողների գիտական մտածողությունը, զարգացնել գիտական հոդվածների վերլուծության և ակադեմիական ներկայացման հմտությունները, ինչպես նաև նրանց ներգրավել միջազգային գիտական հաղորդակցության միջավայրում։
Գիտական մարտահրավեր ուսանողների համար
Դեռևս փետրվարին մրցույթի մասնակիցներին տրամադրվել են իմունաօնկոլոգիայի ոլորտի բարձր վարկանիշ ունեցող 12 գիտական հոդվածներ։ Յուրաքանչյուր ուսանող պետք է ընտրեր մեկ հոդված, կատարեր դրա գիտական վերլուծությունը և արդյունքները ներկայացներ անգլերենով։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել Կենսաբանության ֆակուլտետի 12 ուսանող։
Մրցույթի ժամանակ մասնակից ուսանողները ներկայացրին բարձր մակարդակի զեկուցումներ՝ ցուցաբերելով գիտական գրականության վերլուծության, քննադատական մտածողության և ակադեմիական հաղորդակցության հմտություններ։ Հանձնաժողովի անդամները մասնակիցներին ուղղեցին բավականին բարդ և խորքային մասնագիտական հարցեր, որոնց ուսանողները կարողացան պատշաճ և հիմնավորված պատասխանել։
Գիտական աշխատանքի արժևորում
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Ինչպես նախատեսված էր, լավագույն երեք զեկուցումների հեղինակները պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանի կողմից արժանացան դրամական մրցանակների՝ յուրաքանչյուրը 1000 եվրո։
Հաղթող ճանաչվեցին՝
Հակոբ Փերիխանյանը - «Կենսաբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող,
Սոսե Մարկոսյանը - «Կենսաբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող,
Մարի Գասպարյանը - «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող։
Մրցույթը դարձավ ֆակուլտետի ակադեմիական կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ ստեղծելով միջազգային գիտական համագործակցության, ուսանողական մոտիվացիայի և ակադեմիական գերազանցության խրախուսման յուրահատուկ հարթակ։
Պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանը՝ հայ ուսանողների գիտական ներուժի մասին
Պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանն ընդգծեց, որ մեծապես տպավորված է ուսանողների պատրաստվածությամբ, գիտական հետաքրքրվածությամբ և անգլերենով գիտական աշխատանք կատարելու և ներկայացնելու նրանց ունակություններով։ Սորբոնի համալսարանի պրոֆեսորը փաստեց, որ հպարտությամբ է հետևել հայ ուսանողների գիտական մոտիվացիային, հետաքրքրասիրությանը և ժամանակակից կենսաբժշկական գիտության նկատմամբ նրանց անկեղծ հետաքրքրությանը։
Նա հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ մրցույթի բոլոր մասնակիցները կարողացան լիարժեք հաղթահարել գիտական մարտահրավերը՝ ընտրելով և վերլուծելով գիտական հոդվածներ, ներկայացնելով դրանք անգլերենով և պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին։ Ըստ նրա՝ նույնիսկ մրցանակային տեղեր չզբաղեցրած ուսանողների մասնակցությունն ինքնին կարևոր ձեռքբերում է։
Պրոֆեսոր Կարոյանը առանձնահատուկ գնահատեց դոկտոր Աննա Մարտիրոսյանի, Աննա Կարապետյանի և ԵՊՀ թիմի աշխատանքը՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու և բարձր մակարդակով կազմակերպելու գործում։
Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը կդառնա Հայաստան-Ֆրանսիա, ԵՊՀ-Սորբոնի համալսարան համագործակցության կարևոր հարթակներից մեկը և հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով նաև միջազգային գիտական և բիոտեխնոլոգիական շրջանակներ։
Պրոֆեսորը մատնանշեց, որ արդեն քննարկվում է մրցույթը ամենամյա դարձնելու հնարավորությունը՝ այն շարունակաբար զարգացնելու և կատարելագործելու նպատակով։ Նա առաջարկել է ուսանողներին ներգրավվել նաև ապագա գիտական օրվա անվան և տարբերանշանի ստեղծման գործընթացում՝ իրենց ստեղծարար և նորարարական գաղափարներով նպաստելով նախաձեռնության հետագա ինքնության ձևավորմանը։


