- Главная
- Node
- Գիտելիք, մրցակցություն և նոր հնարավորություններ․ ամփոփվեցին ԵՊՀ աշակերտական օլիմպիադայի արդյունքները
Май 29, 2026 | 16:13
Գիտություն
Ընդունելություն
Կրթություն
Գիտելիք, մրցակցություն և նոր հնարավորություններ․ ամփոփվեցին ԵՊՀ աշակերտական օլիմպիադայի արդյունքները
Համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ աշակերտական օլիմպիադայի արդյունքների ամփոփման արարողությունը։ Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին օլիմպիադայում բարձր արդյունքներ գրանցած մասնակիցները։ Աշակերտական օլիմպիադան միավորել էր Երևանի և ՀՀ մարզերի տարբեր դպրոցների աշակերտների՝ նպատակ ունենալով խթանելու աշակերտների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, բացահայտելու տաղանդավոր երիտասարդներին և նրանց համար ստեղծելու մասնագիտական կողմնորոշման ու հետագա կրթական հնարավորությունների նոր հարթակներ։
ԵՊՀ աշակերտական օլիմպիադան պարզապես մրցույթ չէ։ Այն հնարավորություն է ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների համար փորձարկելու սեփական գիտելիքները, բացահայտելու իրենց կարողությունները, ծանոթանալու համալսարանական միջավայրին և ավելի վստահ քայլ կատարելու մասնագիտական ընտրության ճանապարհին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով մասնակիցներին, ասաց․ «Անկախ նրանից՝ ովքեր են զբաղեցրել մրցանակային տեղեր, բոլոր նրանք, ովքեր համարձակվել են մասնակցել օլիմպիադային, արդեն իսկ հաղթող են»։
Ռեկտորի խոսքով՝ ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար կարևոր է ոչ միայն մեկ ոլորտում խորացված գիտելիք ունենալը, այլև տարբեր գիտակարգեր համադրելու կարողությունը։
«Այսօր կրթական համակարգում խրախուսվում և կարևորվում է միջգիտակարգային մոտեցումը։ Ժամանակակից աշխարհում միայն բնական գիտություններով լիարժեք հաջողության հասնել հնարավոր չէ առանց հումանիտար գիտությունների ընձեռած մտածողության և արժեհամակարգի։ Հումանիտար գիտություններն են ձևավորում երևակայությունը, քննադատական ու վերլուծական մտածողությունը, լեզվամշակութային զգայունությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն հասարակագիտական, այլև տեխնոլոգիական ու գիտական ոլորտներում։ Այս փոխկապակցվածությունն է, որ նպաստում է նորարարության, ստեղծարարության և գիտության կայուն զարգացմանը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա առանձնահատուկ կարևորեց նաև ՀՀ մարզերի աշակերտների ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով ուսուցիչների դերակատարումը երիտասարդ սերնդի հաջողությունների ճանապարհին։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը խոսեց ոչ միայն հաղթանակների, այլև երջանիկ կրթական միջավայրի կարևորության մասին։
«Հաղթանակներն իսկապես կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է լինել երջանիկ։ Երջանկություն է, երբ զբաղվում ես սիրելի գործով և գտնվում ես այնպիսի միջավայրում, որտեղ կարող ես ազատ ստեղծագործել, մտածել ու հարցեր տալ։ Երևանի պետական համալսարանը տալիս է հենց այդ հնարավորությունը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ համալսարանը ձգտում է լինելու անվտանգ և ստեղծարար միջավայր յուրաքանչյուր երիտասարդի համար։
Այս տարի ԵՊՀ աշակերտական օլիմպիադան առանձնացավ թե՛ մասնակիցների աննախադեպ ակտիվությամբ, թե՛ ձևաչափային նորություններով։ Մրցույթին գրանցվել էր 1482 մասնակից՝ նախորդ տարիների համեմատ զգալի աճ գրանցելով, իսկ առարկաների թիվը 12-ից հասել էր 17-ի։ Հանրակրթական առարկաների օլիմպիադան անցկացվել է երկփուլ ձևաչափով․ առաջին փուլը՝ առցանց, երկրորդը՝ Երևանի պետական համալսարանում՝ լավագույն արդյունքներ գրանցած աշակերտների մասնակցությամբ։ Օլիմպիադայի կարևոր նորամուծություններից էր առաջին փուլի ամբողջական թվայնացումը․ մասնակիցները մուտք են գործել ԵՊՀ «e-learning» հարթակ և հենց այնտեղ լուծել առաջադրանքները՝ դրանով իսկ անմիջականորեն ծանոթանալով համալսարանական կրթական միջավայրին։
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Անի Ավետիսյանի խոսքով՝ այս տարվա արդյունքները փաստում են, որ օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում է։
«Նախորդ տարիների համեմատ այս տարի աննախադեպ էր մասնակիցների թիվը։ Թվայնացված համակարգը ոչ միայն հեշտացրեց գործընթացը, այլև մասնակիցներին հնարավորություն տվեց օգտվելու ԵՊՀ կրթական հարթակից և զգալու համալսարանական թվային միջավայրի մի մասը լինելու փորձառությունը»,- նշեց նա։
Միջոցառման ընթացքում կարևորվեց գիտության, քննադատական մտածողության և համարձակության դերը ժամանակակից աշխարհում։ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանի խոսքով՝ օլիմպիադաները միայն գիտելիքի ստուգման միջոց չեն։
«Օլիմպիադաները մարդու բնավորության, ինքնահաղթահարման, կարգապահության, հարցեր տալու և պատասխաններ փնտրելու մասին են։ Միայն այդպիսի մարդիկ կարող են փոխել հասարակությունը, զարգացնել գիտությունը և ստեղծել ավելի ուժեղ պետություն»,- ասաց նա։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը շեշտեց գիտության միջգիտակարգային բնույթը՝ ընդգծելով, որ ապագան պատկանում է մտածող և տարբեր ոլորտներ համադրող մարդկանց։
«Այսօր լավ մասնագետը նա չէ, ով միայն մեկ առարկա գիտի։ Ժամանակակից աշխարհը պահանջում է տարբեր ոլորտների գիտելիքներ միավորելու, վերլուծելու և նոր գաղափարներ ստեղծելու կարողություն»,- մատնանշեց նա։
Օլիմպիադան մասնակիցների համար դարձել է նաև համալսարանական կյանքի առաջին իրական փորձառությունը։ Գորիսի №4 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Մարտիրոսյանը, որը ֆրանսերենի օլիմպիադայի մրցանակակիրներից է, նշեց, որ վաղուց էր ցանկանում սովորել ԵՊՀ-ում, իսկ օլիմպիադան իրեն ավելի է մոտեցրել այդ նպատակին։
Նույն դպրոցի աշակերտ Անահիտ Մինասյանն էլ ընդգծեց, որ համալսարանական միջավայրն ու մթնոլորտը մեծ ազդեցություն ունեցան իր որոշման վրա։
«Ինձ շատ դուր եկավ համալսարանի մթնոլորտը, շենքը, մարդկանց վերաբերմունքը։ Այս ամենը վստահություն է տալիս, ուստի ուզում եմ ուսումս շարունակել հենց այստեղ»,- նշեց նա։
ԵՊՀ աշակերտական օլիմպիադան շարունակում է լինել այն կարևոր հարթակը, որտեղ գիտելիքը վերածվում է հնարավորության, մրցակցությունը՝ մոտիվացիայի, իսկ առաջին հաղթանակները՝ ապագայի մեծ ճանապարհի մեկնարկի։
Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական և լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցմամբ՝ համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոսի չափով:





















