- Главная
- Node
- ԵՊՀ մագիստրանտի փորձառությունը Բրյուսելի նորարարական լաբորատորիայում
Июня 11, 2026 | 11:11
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԵՊՀ մագիստրանտի փորձառությունը Բրյուսելի նորարարական լաբորատորիայում
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրանտ Մանե Մխիթարյանը վերջերս վերադարձել է Բրյուսելից, որտեղ երկու ամիս շարունակ մասնագիտական պրակտիկա է անցել Բրյուսելի ազատ համալսարանի ֆոտոնիկայի ինովացիոն կենտրոնում։
Մանեի բրյուսելյան փորձառությունը՝ ի նպաստ ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի զարգացման
Բրյուսելում Մանեի հիմնական աշխատանքը կապված է եղել Nanoscribe GT+ սարքավորման հետ: Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիան լայն տարածում ունի նաև բժշկության մեջ․ դրա կիրառությամբ ստանում են նաև շատ փոքր չափսերի ասեղներ, որոնց միջոցով հնարավոր է դեղամիջոցներ ներարկել մարդու մարմնի այնպիսի հատվածներում, որոնց համար սովորական ասեղները չափազանց մեծ են:
«ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում աշխատում ենք նմանատիպ «սեթափների» ստեղծման վրա։ Բրյուսելում ստացած փորձը օգնել է հասկանալու պատրաստի սարքերի աշխատանքի տրամաբանությունը։ Պատրաստի սարքի և մեր ստացած արդյունքների համեմատությունը հնարավորություն կստեղծի հասկանալու, թե ինչպես բարելավել մեր լաբորատորիայում ստեղծվող սարքավորումները»,- ասում է նա:
Տվյալագիտության և ֆոտոնիկայի հատման կետում. Մանե Մխիթարյանի գիտական ուղին
Մանեի հետազոտական հետաքրքրությունների կենտրոնում է տվյալագիտության կիրառումը ֆոտոնիկայի բնագավառում:
«Ներկայում սովորում եմ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսում։ Դեռ բակալավրի տարիներից ինձ հետաքրքրել է վիճակագրական մեթոդների արդիականությունը գիտական խնդիրների լուծման ոլորտում։ Հետաքրքրությունս ավելի խորացավ, երբ ծանոթացա մի շարք հոդվածների, որոնցում նկարագրվում է, թե ինչպես է մեքենայական ուսուցումը գնալով ավելի լայն կիրառություն ստանում գիտական հետազոտություններում՝ ստեղծելով նոր հնարավորություններ տվյալների վերլուծության և օրինաչափությունների հայտնաբերման համար»,- նշում է նա։
Ուսանողն ընդգծում է, որ տվյալների գիտությունը և ֆոտոնիկան իրեն հավասարապես հետաքրքրող ոլորտներ են, ուստի որոշել է իր մասնագիտական հետազոտությունը նվիրել այս երկու բնագավառների հատման կետին՝ ներդնելով իր գիտելիքները գիտության զարգացման գործընթացում:
Մշակութային երկխոսություն և հայկական պարեր
Բացի գիտական աշխատանքից՝ պրակտիկան նաև բազմամշակութային շփումների հարթակ էր։ Մանեն ապրել և շփվել է տարբեր ազգերի, հատկապես իսպանացիների հետ։ Նա օտարերկրացի ընկերներին ծանոթացրել է հայկական մշակույթին, պատմել Հայաստանի բնության, լեռների և ավանդույթների մասին։
«Հայաստանի բնությունը ընկերներիս ցույց տալուց հետո որոշեցինք մի օր արշավ կազմակերպել Հայաստանում։ Հետաքրքիր էր նաև, որ կային մարդին, որոնք տեղյակ էին Հայաստանի պատմությունից ու հետաքրքրությամբ պատմում էին մյուսներին։ Սա զարմանալի էր ինձ համար, քանի որ չէի սպասում, որ օտարերկրացիները այդքան գիտելիքներ կունենան Հայաստանի պատմության մասին»,- ասում է նա:
Մանեն իր ընկերներին ծանոթացրել է նաև հայկական ազգագրական պարերին՝ պատմելով, որ Հայաստանում գեղեցիկ ավանդույթ կա․ շատերը յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հավաքվում և պարում են:
Ապագայի տեսլականը
Մանեն, իր մասնագիտությամբ աշխատելով Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում, նպատակ ունի ստացած գիտելիքներն օգտագործելու ֆիզիկայի, մասնավորապես՝ ֆոտոնիկայի ոլորտում նորարարություններ մտցնելու համար։
«Բրյուսելում անցկացրած երկու ամիսները կարևոր վերապատրաստում էին ինձ համար, ինչը հնարավորություն տվեց խորացնելու գիտելիքներս և ձեռք բերելու գործնական փորձ՝ այն Հայաստանում գիտության զարգացմանը ծառայեցնելու համար»,- մատնանշում է ԵՊՀ ուսանողը: