- Главная
- Node
- Ֆինանսական ոլորտում վեճերի այլընտրանքային լուծումը՝ որպես կրթական նոր հարթակ
Июня 03, 2026 | 14:37
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Ֆինանսական ոլորտում վեճերի այլընտրանքային լուծումը՝ որպես կրթական նոր հարթակ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ամրապնդելու համալսարան-մասնագիտական կառույց համագործակցությունը, զարգացնելու ուսանողների գործնական հմտությունները և առավել կիրառական դարձնելու իրավաբանական կրթությունը։
Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը վեճերի այլընտրանքային լուծման կարևոր մեխանիզմներից է, որի հիմնական առաքելությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունն ու լուծումն է։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա ուսանողներին առավել մանրամասն ծանոթանալու ոլորտի գործնական առանձնահատկություններին և ներգրավվելու մասնագիտական իրական գործընթացներում։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանն ընդգծեց, որ համագործակցության կարևորությունը պայմանավորված է ժամանակակից իրավաբանական կրթության պահանջներով, որտեղ տեսական գիտելիքը պետք է համադրվի գործնական փորձի հետ։
«Այսօր իրավաբանական կրթության ոլորտում անհրաժեշտություն է տեսության և պրակտիկայի արդյունավետ համագործակցային մշակույթի ձևավորումը։ Մեր նպատակը ոչ միայն որակյալ տեսական գիտելիք փոխանցելն է, այլև ուսանողներին գործնական հմտություններով զինելը։ Նման համագործակցությունները հնարավորություն են տալիս ուսանողներին կիրառելու իրենց գիտելիքները իրական աշխատանքային միջավայրում և ավելի պատրաստ մտնելու մասնագիտական դաշտ»,- նշեց դեկանը։
Նա նաև շեշտեց, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները տարիներ շարունակ իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ներկայանում են հանրային կյանքի տարբեր ոլորտներում, իսկ համալսարանի և շրջանավարտների համագործակցությունը շարունակական է։ Դեկանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը նաև այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդումն է։
Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի գրասենյակի կառավարիչ, ֆակուլտետի շրջանավարտ Վազգեն Մնացականյանը նշեց․ «Այս համագործակցությունը կարևոր է ոչ միայն պրակտիկ աշխատանքի կազմակերպման, այլև ֆինանսական կրթության մշակույթի զարգացման տեսանկյունից։ Այսօր տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ՝ մեծացել են նաև ֆինանսական զեղծարարությունների ռիսկերը, և հասարակության իրազեկվածության բարձրացումը դարձել է առաջնահերթություն։ Մենք կարևորում ենք ուսանողների ներգրավվածությունը և ուրախ ենք, որ այս գործընթացները շարունակելու ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ արդեն ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա»։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական քննարկումներ, իրականացնել կրթական ծրագրեր, անցկացնել պրակտիկաներ և համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրավաբանական կրթության և մասնագիտական միջավայրի միջև կապի ամրապնդմանը։