- Главная
- Node
- Դպրոցից դեպի գիտության աշխարհ․ ճամբար, որը փոխեց աղջիկների՝ գիտության մասին պատկերացումները
Июнь 29, 2026 | 11:30
Կրթություն
Հասարակություն
Դպրոցից դեպի գիտության աշխարհ․ ճամբար, որը փոխեց աղջիկների՝ գիտության մասին պատկերացումները
Երբ գիտությունը դուրս է գալիս դասագրքերի սահմաններից ու դառնում իրական փորձ, հետաքրքրությունը վերածվում է վստահության։ Այսպիսի փորձառություն են ստացել ԲՏՃՄ ճամբարի մասնակից աշակերտուհիները՝ բացահայտելով գիտությունը նոր՝ կենդանի ու կիրառական տեսանկյունից։ Գիտության ոլորտում աղջիկների ներգրավվածությունը խթանելու նպատակով անցկացված ԲՏՃՄ ճամբարը ոչ միայն կրթական, այլև ոգեշնչող հիշողություն դարձավ մասնակիցների համար։ Հոդվածում նրանք պատմում են իրենց տպավորությունների, փորձի և ձեռքբերումների մասին։
ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Սարգսյանը մասնակցել է ԲՏՃՄ ճամբարին, որը, նրա խոսքով, զգալիորեն փոխել է գիտության մասին իր պատկերացումները։ Աստղիկը պատմում է, որ ճամբարի մասին իմացել է դպրոցում՝ իր ուսուցչից։ Ծրագրով նախատեսված գիտափորձերն ու լաբորատոր աշխատանքները անմիջապես գրավել են նրա ուշադրությունը։
«Պատկերացրի, թե ինչպես ենք ոչ միայն սովորելու, այլև մեր աչքով տեսնելու գիտությունը, ու հենց այդ պահին որոշեցի մասնակցել»,- նշում է նա։
Մինչ ճամբարին մասնակցելը գիտությունը նրա համար հիմնականում տեսական նյութ էր՝ բանաձևեր, դասագրքեր, երբեմն՝ դժվար ընկալվող գաղափարներ։ Սակայն ճամբարին մասնակցելուց հետո այդ պատկերացումը ամբողջությամբ փոխվել է։
«Հասկացա, որ գիտությունը կենդանի գործընթաց է։ Երբ տեսնում ես կիրառությունը, ամեն ինչ շատ ավելի հասկանալի է դառնում»,- ասում է Աստղիկը։
Թեև նա դեռ չի առանձնացնում կոնկրետ մի ուղղություն, սակայն խոստովանում է, որ կենսաբանությունն իրեն ավելի հոգեհարազատ է թվում, և մանկուց իրեն պատկերացրել է որպես ապագա բժիշկ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ գիտությունը պետք է դիտարկել որպես ամբողջական համակարգ։
Հարցին, թե մեկ բառով ինչպես կնկարագրի ճամբարը, Աստղիկը պատասխանում է՝ անվերջանալի՝ բացատրելով, որ դրա ազդեցությունը շարունակվել է նաև ծրագրի ավարտից հետո։ Նրա խոսքով՝ այս փորձառությունը չի ավարտվել ճամբարով․ հետագայում ևս նա ստացել է նոր առաջարկներ և հնարավորություններ՝ շարունակելու զարգանալ նույն ոլորտում։ Աստղիկը վստահ է, որ իր ապագա մասնագիտությունը, ինչպիսին էլ այն լինի, հիմնված կլինի այսօրվա ձեռք բերած գիտելիքների և փորձի վրա։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղից Հասմիկ Մուրադյանը ևս ճամբարին մասնակցած աշակերտուհիներից է։ Նրա հիմնական ակնկալիքներն էին նոր գիտելիքների ձեռքբերումը, նոր մարդկանց հետ ծանոթանալը և ակտիվ ու աշխույժ միջավայրում հայտնվելը։
«Իրականությունը գերազանցեց սպասումներս»,- ասում է Հասմիկը՝ ընդգծելով, որ ճամբարին մասնակցելը հատկապես նպաստել է քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, որոնք անցել են տարբեր փուլերով և ամրապնդվել գործնական աշխատանքի միջոցով։ Նա առանձնացնում է նաև ճամբարի ընթացքում առաջադրված մարտահրավերները՝ նշելով, որ դրանք պահանջում էին ինքնուրույն մտածել և ստեղծել տարբերվող աշխատանքներ։
«Մեր ձեռքերում էր ամեն ինչ, և հենց մենք պետք է գտնեինք լավագույն լուծումները»,- ասում է Հասմիկը։
Սակայն ճամբարի ամենակարևոր ազդեցություններից մեկը, նրա խոսքով, եղել է անձնական աճը։
«Բնագիտական այս ճամբարի շնորհիվ ես դարձա ավելի ինքնավստահ ու նախաձեռնող, սկսեցի վստահ արտահայտել կարծիքս և ակտիվ մասնակցել քննարկումներին»,- նշում է նա։
Թեև ճամբարի ընթացքում նրան հետաքրքրել են տարբեր մասնագիտություններ, Հասմիկը դեռևս վերջնական ընտրություն չի կատարել։ Նա վստահ է, որ այս փորձառությունը կօգնի ավելի գիտակցված որոշում կայացնելու և մտնելու գիտության աշխարհ։
Ճամբարի ավարտին մասնակիցները լրացրել են գնահատման հարցաթերթ, որտեղ ներկայացրել են իրենց տպավորությունները, ձեռք բերած գիտելիքները և ապագայի պատկերացումները։ Շատերը նշել են, որ ճամբարը փոխել է իրենց վերաբերմունքը գիտության մեջ կանանց և աղջիկների ներգրավվածության նկատմամբ՝ ընդգծելով, որ ԲՏՃՄ ոլորտում հաջողությունը կախված է ոչ թե սեռից, այլ գիտելիքից, հետաքրքրասիրությունից և աշխատասիրությունից։
Մասնակիցներն ընդգծել են, որ ծրագիրը զգալի ազդեցություն է ունեցել գիտության մեջ կանանց և աղջիկների դերի վերաբերյալ իրենց պատկերացումների վրա։ Շատերի խոսքով՝ ճամբարն օգնել է հաղթահարելու տարածված կարծրատիպերը և հասկանալու, որ «կանանց» ու «տղամարդկանց» մասնագիտություններ գոյություն չունեն։
Աշակերտներից մեկը նշել է, որ ճամբարն ամբողջությամբ փոխել է իր պատկերացումները, քանի որ այստեղ տեսել է ակտիվ, նպատակասլաց ու գիտությամբ հետաքրքրված աղջիկների, որոնք վստահ քայլերով շարժվում են դեպի գիտություն։ Մեկ ուրիշ մասնակից ընդգծել է՝ ծրագիրը ևս մեկ ապացույց է, որ գիտության մեջ սահմաններ չկան, և հաջողությունը պայմանավորված է գիտելիքով ու աշխատասիրությամբ, ոչ թե սեռով։
Հարցվածներից շատերը նաև նշել են, որ ճամբարից հետո սկսել են ավելի բարձր գնահատել կանանց և աղջիկների դերը գիտության մեջ՝ վստահեցնելով, որ նրանք ոչ միայն կարող են հավասարապես ներգրավված լինել ԲՏՃՄ ոլորտներում, այլև էական ներդրում ունենալ գիտության զարգացման գործում։
Մասնակիցների պատմությունները ցույց են տալիս ճամբարի ազդեցությունը, իսկ ծրագրի կազմակերպիչները ներկայացնում են, թե ինչ սկզբունքներով էր այն կառուցված։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը նշում է, որ ծրագիրը կառուցված էր այնպես, որ մասնակիցները հնարավորություն ունենան գործնական փորձ ձեռք բերելու ԲՏՃՄ բոլոր առարկաներից։ Միևնույն ժամանակ, ճամբարը չի սահմանափակվել միայն գիտությամբ․ մասնակիցները ձեռք են բերել նաև կիրառական հմտություններ՝ սովորելով տեսանյութեր պատրաստել, ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ կազմել, ինչպես նաև ծանոթացել են պաշտոնական հաղորդակցման ձևերին։ Ծրագրում ներառված էր նաև մշակութային բաղադրիչ․ մասնակիցներն այցելել են Սերգեյ Փարաջանովի թանգարան, իսկ ճամբարի ավարտին ներկայացրել են իրենց մշակած նախագծերը։
«Սա կարևոր ծրագիր է ԲՏՃՄ ոլորտում գենդերային հավասարությունը խրախուսելու առումով: Ըստ լրացված գնահատման թերթիկների՝ մասնակիցները կարծում են, որ կանայք կարող են և պետք է ընդգրկվեն այս ոլորտում: Ճամբարը երիտասարդ աղջիկների շրջանում ամրապնդել է նաև այն միտքը, որ հավասար ներկայացվածությունը կարևոր է հենց գիտության համար, քանի որ կանայք ու տղամարդիկ տարբեր կերպ են մտածում և կարող են լրացնել իրար»,- ասում է կենտրոնի տնօրենը:
Լուսինե Խառատյանը կարևորում է նաև այն փաստը, որ ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ում՝ ընդգծելով բուհի առաջատար դերը Հայաստանի գիտական և կրթական համակարգում։ Նրա համոզմամբ՝ նման նախաձեռնությունները պետք է սկսել հենց դպրոցական տարիքից, իսկ համալսարանը կարող է կարևոր դեր ունենալ մասնագիտական կողմնորոշման և հետաքրքրությունների ձևավորման հարցում։
«Համալսարանում գործող լաբորատորիաները հիանալի միջավայր են գիտությանը գործնականում առնչվելու տեսանկյունից, իսկ գիտափորձերը, որոնք կատարվում են այստեղ, նպաստում և խթանում են հետաքրքրությունը գիտության հանդեպ»,- ամփոփում է նա։
Նշենք, որ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնն անցկացրեց ԲՏՃՄ (STEM) մեկշաբաթյա ճամբար 9-11-րդ դասարանների աշակերտուհիների համար։ Ճամբարը կազմակերպվել էր «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» ծրագրով, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։
Ճամբարի ընթացքում մասնակիցները ԵՊՀ լաբորատորիաներում կատարեցին գիտափորձեր ֆիզիկայից, քիմիայից և կենսաբանությունից, գործնական օրինակներով ուսումնասիրեցին մաթեմատիկան, կիրառեցին ժամանակակից տեխնոլոգիաներ և աշխատեցին մանրադիտակներով։ Նրանք նաև այցելեցին Սերգեյ Փարաջանովի թանգարան, մասնակցեցին վարպետաց դասերի՝ զարգացնելով հաղորդակցման և ինքնաներկայացման հմտությունները։ Ծրագրի ավարտին թիմային աշխատանքի շրջանակում մասնակիցները ներկայացրին իրենց նախագծերը և ստացան հավաստագրեր։






















