ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Անի Խալաթյանը առցանց ձևաչափով մասնակցեց Դոնի պետական տեխնիկական համալսարանի միջազգային տնտեսագիտության և բիզնեսի ամբիոնի կազմակերպած «Համաշխարհային տնտեսության ժամանակակից ճարտարապետություն. ներդրումներ, նորարարություններ, արդյունաբերություն, ինտեգրում» (4I's) խորագրով միջազգային 6-րդ գիտագործնական համաժողովին։
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, գործընկերներին և մասնակիցներին՝ Անի Խալաթյանը նշեց, որ համաժողովը դարձել է գիտական մտքերի փոխանակման և մասնագիտական համագործակցության կարևոր հարթակ։
Նա անդրադարձավ ժամանակակից աշխարհի տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական խորքային վերափոխումներին՝ նշելով, որ այս պայմաններում ներդրումների, նորարարությունների, արդյունաբերական զարգացման և միջազգային ինտեգրման հիմնախնդիրները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։
Իր խոսքում Ա. Խալաթյանը նշեց, որ գիտաժողովի թեմատիկան լիովին համահունչ է համաշխարհային տնտեսության զարգացման արդի օրակարգին, իսկ քննարկվող հարցերը կարևոր են ոչ միայն գիտական հետազոտությունների, այլև գործնական լուծումների մշակման տեսանկյունից։ Նման քննարկումները նպաստում են տնտեսական զարգացման նոր ուղիների բացահայտմանը և ժամանակակից մարտահրավերներին համարժեք արձագանքների ձևավորմանը։
Անդրադառնալով համաժողովի միջազգային ձևաչափին՝ Ա. Խալաթյանը կարևորեց տարբեր երկրների գիտնականների, հետազոտողների և մասնագետների մասնակցությունը՝ նշելով, որ նման հարթակները հնարավորություն են տալիս փոխանակելու փորձ և գիտելիքներ, ընդլայնելու համագործակցության շրջանակը և նախաձեռնելու նոր համատեղ հետազոտություններ։
Բացի դրանից՝ Անի Խալաթյանն ընդգծեց, որ ակադեմիական համագործակցության նման ձևաչափերը կարևոր դեր ունեն բարձրագույն կրթության և գիտության զարգացման, ինչպես նաև միջազգային գիտական կապերի ամրապնդման գործում։
Ամփոփելով իր խոսքը՝ Ա. Խալաթյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ ընթացք, հետաքրքիր քննարկումներ և նոր գաղափարներ, հաջողված մասնագիտական կապեր և հետագա համատեղ ձեռքբերումներ։