- Главная
- Node
- «ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026» միջոցառման կամավորները ստացան հավաստագրեր
Июня 12, 2026 | 15:03
Կրթություն
Հասարակություն
«ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026» միջոցառման կամավորները ստացան հավաստագրեր
Յուրաքանչյուր հաջողված միջոցառման հետևում կանգնած են մարդիկ, որոնց աշխատանքը հաճախ աննկատ է մնում մասնակիցների համար։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի կազմակերպչական թիմի կարևոր մասն էին նաև կամավորական աշխատանքներում ընդգրկված ուսանողները, որոնք իրենց նվիրված աշխատանքի ու ցուցաբերած պատասխանատվության համար արժանացան հավաստագրերի։
«Առաջին անգամ էի որպես կամավոր, մասնավորապես՝ կամավորների համակարգող, մասնակցում այսօրինակ մասշտաբային միջոցառման։ Ինձ համար ամենակարևորն այն էր, որ կարողանամ ճիշտ կազմակերպել թիմի աշխատանքը»,- ասաց ԵՊՀ շրջանավարտների ֆորումի կամավոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Անահիտ Գևորգյանը։
Առավոտյան՝ ժամը 8:30-ին, երբ ֆորումի առաջին մասնակիցներն ու հյուրերը դեռ չէին ժամանել համալսարան, Անահիտն արդեն իր աշխատանքային հատվածում էր։ Նրա առաջին առաջադրանքը գրանցման և դիմավորման գործընթացի համակարգումն էր՝ ապահովել, որ հյուրերը կարողանան արագ կողմնորոշվել, ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և առանց խոչընդոտների հասնել միջոցառման վայր։
Ուսանողը նախկինում մասնակցել է Ուսանողական խորհրդի կազմակերպած տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների։ Սակայն ԵՊՀ շրջանավարտների ֆորումը նրա համար նոր փորձառություն էր․ այս անգամ նա ոչ միայն մասնակցում էր միջոցառմանը, այլև համակարգում էր կամավորների աշխատանքը՝ հասկանալով, թե ինչ պատասխանատվություն է ենթադրում մեծ թիմի ղեկավարումն ու աշխատանքների ճիշտ կազմակերպումը։ Ֆորումի ընթացքում նրա պատասխանատվության ներքո էր շուրջ 30 կամավորների աշխատանքի համակարգումը։ Անահիտի խոսքով՝ հենց այդ հատվածն էր ընտրել՝ գիտակցելով դրա կարևորությունը։
«Մտածում էի, որ գրանցման հատվածն ամենապատասխանատուներից մեկն է, քանի որ հենց այստեղից է սկսվում հյուրի առաջին առնչությունը միջոցառմանը։ Կարևոր էր, որ կամավորները կարողանային ճիշտ մոտեցում ցուցաբերել, օգնել հյուրերին և ստեղծել դրական մթնոլորտ»,- նշեց նա։
Անահիտի համար ֆորումի ամենատպավորիչ պահերից մեկը հյուրերի՝ դահլիճից դուրս գալու հատվածն էր։ Նա պատմում է, որ այդ պահին հատկապես նկատելի էր, թե որքան կարևոր է կամավորների անմիջական շփումը մասնակիցների հետ։
«Շատերն առաջին անգամ էին գալիս համալսարանի այդ հատվածներ և երբեմն դժվարանում էին գտնել անհրաժեշտ սրահները։ Կամավորական աշխատանքի մեծ կարևորությունը ակնհայտ էր հատկապես այն պահին, երբ կամավորները մոտենում էին հյուրերին, ուղղորդում նրանց, պատասխանում հարցերին։ Հյուրերի հավաստմամբ՝ կամավորների օգնությամբ իրենք ավելի հարմարավետ էին զգում իրենց»,- շեշտեց Անահիտը։
Ֆորումի ընթացքում, սակայն, եղել է նաև մի պահ, որը Անահիտի համար դարձել է պատասխանատվության իրական փորձություն։ Գրանցման գործընթացում օգտագործվող սարքերից մեկը մի որոշ ժամանակ չէին գտնում, և իրավիճակը, բնականաբար, անհանգստություն էր առաջացրել թիմում։ Այդ պահին բոլորը սկսել էին փնտրել սարքը՝ փորձելով արագ հասկանալ, թե որտեղ կարող էր այն լինել։ Սարքերը վստահված էին կամավորների թիմին, ուստի նրանց համար յուրաքանչյուր րոպեն կարևոր էր։
«Սկզբում շատ լարված էինք, որովհետև հասկանում էինք՝ դա պարզապես սարք չէ, այլ պատասխանատվություն է, որը մեզ էր վստահված։ Բոլորը տարբեր ուղղություններով սկսեցին փնտրել, փորձում էինք արագ կողմնորոշվել։ Վերջում պարզվեց, որ սարքը պարզապես տեղափոխվել էր գրանցման հատված և դրված էր սեղանին, ուղղակի մենք այդ պահին չէինք նկատել»,- հիշում է կամավորը, որի խոսքով՝ այդ իրավիճակն իրեն ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է նման միջոցառումների ընթացքում արագ կողմնորոշվելու և թիմով աշխատելու կարողությունը։ Թեև պահը լարված էր, սակայն կամավորների համախմբված աշխատանքի շնորհիվ խնդիրը շատ արագ լուծվեց։
Անահիտի և մյուս կամավորների ներդրումն ու կատարած աշխատանքի կարևորությունը այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում արժևորեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ֆորումի կազմակերպական աշխատանքներին, կամավորների դերակատարությանը, ինչպես նաև նրանց ձեռք բերած փորձին ու հմտություններին։
Ֆորումի կազմակերպական աշխատանքներում ներգրավված ուսանողներին այսօր համալսարանում հանձնեցին մասնակցության հավաստագրեր՝ արժևորելով նրանց ներդրումն ու ակտիվ մասնակցությունը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանական տարիներին նման նախաձեռնություններին մասնակցելը կարող է դառնալ ապագա հաջողությունների կարևոր հիմք։
Նրա խոսքով՝ աշխարհի առաջատար համալսարանների փորձը ցույց է տալիս, որ ուսանողական ներուժի ճիշտ օգտագործումը կարող է նպաստել ոչ միայն մասնագիտական զարգացմանը, այլև նոր գաղափարների, ստարտափների և համագործակցությունների ձևավորմանը։ Համալսարանական միջավայրը այն հարթակն է, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն հանդիպելու ապագա գործընկերների, ձևավորելու թիմեր և գաղափարները վերածելու իրական նախագծերի։
«Շատ կարևոր է հասկանալ, որ կամավորությունը միայն տվյալ միջոցառմանը մասնակցելը չէ։ Սա նոր մարդկանց ճանաչելու, կապեր ստեղծելու, նոր գաղափարներ գտնելու հնարավորություն է։ Շատ հաճախ հենց այդ շփումներն են հետագայում վերածվում համագործակցության»,- ընդգծեց ռեկտորը՝ կարևորելով, որ ուսանողական տարիներին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն լավ սովորել, այլև ակտիվ լինել համալսարանական կյանքում՝ մասնակցել կամավորական ծրագրերի, պրակտիկաների, տարբեր նախաձեռնությունների։
Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ ժամանակակից աշխատաշուկայում գնահատվում են ոչ միայն գիտելիքները, այլև մարդու նախաձեռնողականությունը, թիմում աշխատելու կարողությունը և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը։
«Այսուհետ, երբ որևէ տեղ խոսվի ԵՊՀ շրջանավարտների ֆորումի մասին, դուք կարող եք ասել․ «Ես էլ եմ այդ ֆորումի կազմակերպիչներից»։ Դուք եղել եք այդ մեծ միջոցառման ստեղծման և իրականացման մասը՝ ունենալով սրտացավություն և պատասխանատվության զգացում յուրաքանչյուր աշխատանքի նկատմամբ»,- հավելեց ԵՊՀ ռեկտորը։
Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ ուրախալի է տեսնել տարբեր միջոցառումների կամավորական աշխատանքներին մասնակցած և արդեն փորձառություն ունեցող ուսանողների, ինչպես նաև նրանց, ովքեր նոր են ներգրավվում այս գործընթացում։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ կամավորական համայնքը շարունակաբար ընդլայնվում է, և տարբեր նախաձեռնությունների միջոցով ավելի շատ ուսանողներ են հնարավորություն ստանում ներգրավվելու կազմակերպական գործընթացներում։
«Վստահեցնում եմ, որ առաջիկայում ևս լինելու են բազմաթիվ հնարավորություններ։ Շուտով կհայտարարենք նոր ծրագրերի և կամավորների հավաքագրման մասին, ուստի նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։ Մեզ համար կարևոր է նաև հասկանալ ձեր պահանջմունքները և լսել ձեր առաջարկները»,- ընդգծեց նա։
Հանդիպման ընթացքում Հովհաննես Հովհանիսյանը և Միքայել Հովհաննիսյանը խոսեցին նաև առաջիկայում Հայաստանում անցկացվելիք «COP17»-ի շրջանակում կամավորների հնարավոր ներգրավվածության մասին։ Նշվեց, որ նման խոշոր միջազգային միջոցառումների հաջող իրականացման գործում կարևոր դեր է ունենալու կամավորական շարժումը, որի միջոցով հնարավոր կլինի աջակցել հազարավոր հյուրերի ընդունման, ուղղորդման և կազմակերպական տարբեր գործընթացներին։
Կամավորները կիսվեցին նաև իրենց տպավորություններով՝ ընդգծելով, որ ֆորումին մասնակցությունը հնարավորություն է տվել ձեռք բերելու նոր փորձ, զարգացնելու կազմակերպական և հաղորդակցական հմտությունները, ինչպես նաև ավելի սերտ կապ հաստատելու համալսարանի շրջանավարտների և գործընկերների հետ։
Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը միավորել էր տարբեր տարիների շրջանավարտների, համալսարանի գործընկերների, դասախոսների և ուսանողների՝ ստեղծելով մասնագիտական համագործակցության, փորձի փոխանակման և համալսարանական կապերի ամրապնդման հարթակ։