- Գլխավոր
- Նորություններ
- Հանդիպում մեկ տանիքի տակ․ կայացավ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը
Մայիս 16, 2026 | 21:00
Կրթություն
Հասարակություն
Շրջանավարտներ
Հանդիպում մեկ տանիքի տակ․ կայացավ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը
ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկեց Շրջանավարտների ֆորումի պաշտոնական բացման արարողությունը․ բեմից հնչեցին «Բարի վերադարձ, սիրելի՛ շրջանավարտներ» խոսքերը, որոնք անմիջապես ջնջեցին տարիների հեռավորությունը՝ դահլիճը լցնելով վերադարձի ու նորից համալսարանին միավորվելու զգացումով։ Հին լսարաններից, քննությունների լարված օրերից և ուսանողական տարիներից եկած պատմությունները մի պահ կրկին միավորեցին ԵՊՀ երբեմնի ուսանողներին։ Օրը խորհրդանշական էր․ ԵՊՀ հիմնադրման 107-ամյակն էր, և հենց այդ օրը ԵՊՀ վերադարձած տարբեր սերունդների շրջանավարտները եկել էին շնորհավորելու, շփվելու, խոսելու ու քննարկելու՝ իրենց հետ բերելով ոչ միայն հիշողություններ, այլև նոր գաղափարներ ու կապեր, որոնք ևս մեկ անգամ միավորեցին համալսարանը իր մեծ համայնքի հետ։
ԵՊՀ շրջանավարտների ֆորումը համալսարանական համայնքի համար ունի առանձնահատուկ նշանակություն․ այն վերածվում է հաղորդակցության և համագործակցության բաց հարթակի, որը միավորում է ԵՊՀ տարբեր սերունդների շրջանավարտներին՝ մեկտեղելով նրանց փորձը, գաղափարներն ու կապերը։
Համալսարանական համայնքը՝ մեկ դահլիճում և մեկ գաղափարի շուրջ
Այսօր ԵՊՀ-ն նշում էր իր 107-ամյակը, և խորհրդանշական էր, որ հենց այս օրը համալսարանում համախմբվել էին ԵՊՀ տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ մարդիկ, որոնց մասնագիտական ճանապարհը, հաջողությունները, փորձն ու կապը համալսարանի հետ ԵՊՀ պատմության կարևոր մասն են։ Այս ֆորումը պարզապես հանդիպում չէր։ Սա հնարավորություն էր վերադառնալու համալսարան, վերագտնելու ԵՊՀ-ի հետ կապը, խոսելու այն մասին, թե ինչպիսին է համալսարանն այսօր, ինչպիսի ապագա ենք պատկերացնում նրա համար, և ինչպես կարող են ԵՊՀ-ն ու շրջանավարտների համայնքը միասին ձևավորել այդ ապագան։
«ԵՊՀ-ն ավարտելուց հետո ԵՊՀ-ն չի ավարտվում»,- ասաց համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ հանդես գալով «ԵՊՀ զարգացման հեռանկարները և շրջանավարտների համայնքը» խորագրով հիմնական բանախոսությամբ։ Նա ընդգծեց՝ համալսարանը միայն կրթական հաստատություն չէ․ այն մեծ համայնք է, որը միավորում է տարբեր սերունդների մարդկանց և ձևավորում նրանց ինքնությունն ու հետագա ճանապարհը։
«Մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ մեր ճանապարհը սկսվել է այստեղից։ Դպրոցը մեզ նախապատրաստում է մեծ կյանք մտնելուն, իսկ ԵՊՀ-ն այն մեծ կյանքի սկիզբն է, որտեղ ձևավորվում են մեր քայլերը, մեր մտածողությունը և մեր կյանքի ուղին»,- ասաց նա և հավելեց, որ հենց համալսարանում է սկսվում իրական ձևավորումը թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումներով։ Նա ընդգծեց, որ դահլիճում կան նաև շրջանավարտներ, որոնք համալսարանն ավարտելուց տարիներ անց առաջին անգամ են վերադարձել մայր բուհ՝ վերապրելու իրենց ուսանողական հիշողություններն ու վերականգնելու կապը համալսարանի հետ։
Ըստ նրա՝ շատերի համար ԵՊՀ-ն դարձել է ոչ միայն կրթության, այլև մարդկային հարաբերությունների ձևավորման կարևոր վայր․ այստեղ շատերը գտել են իրենց լավագույն ընկերներին, իսկ ոմանք՝ նաև իրենց երկրորդ կեսին։ Նրա խոսքով՝ հենց այդ մարդկային կապերն են համալսարանը դարձնում ոչ միայն կրթական, այլև կենսական կարևոր միջավայր։
Բանախոսության ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց համալսարանի՝ մարդկանց կյանքում ունեցած դերի, շրջանավարտների համայնքի կարևորության, սերունդների միջև կապի, համալսարանի զարգացման տեսլականի և ապագա ծրագրերի մասին։ Նա անդրադարձավ ԵՊՀ պատմական ճանապարհին, միջազգայնացման, նորարարության, գիտության զարգացման, ինչպես նաև համալսարանի և շրջանավարտների միջև շարունակական կապի պահպանման անհրաժեշտությանը։
«Աշխարհի առաջատար համալսարանների գլխավոր ուժը հենց շրջանավարտների համախմբված համայնքներն են, և մենք այսօր պետք է կարողանանք օգտագործել այդ հսկայական ներուժը համալսարանի և երկրի զարգացման համար։ Յուրաքանչյուր շրջանավարտ կարող է իր ներդրումն ունենալ գաղափարով, ծրագրով, գիտելիքով կամ պարզապես համալսարանի հետ կապը պահպանելով»,- կարևորեց ռեկտորը։
Անդրադառնալով համալսարանի զարգացման տեսլականին՝ ռեկտորը նշեց, որ ԵՊՀ-ն պետք է շարունակի զարգանալ որպես միջազգային, բայց իր ազգային ինքնությունը պահպանող հայոց համալսարան՝ կարևորելով նորարարությունը, գիտության զարգացումն ու նոր հնարավորությունների ստեղծումը հաջորդ սերնդի համար։
Նրա խոսքով՝ ԵՊՀ գլխավոր ուժը մարդիկ են՝ ուսանողները, դասախոսներն ու շրջանավարտները, որոնք, անկախ բնակության վայրից, մշտապես կապված են մայր բուհի հետ։
Անմիջական հանդիպում՝ ուսանողների և շրջանավարտների միջև
Ֆորումի հաջորդ հատվածը տեղափոխվեց ԵՊՀ մեծ դահլիճի նախասրահ, որտեղ ներկայացվեցին ուսանողական նախաձեռնությունները։ Այստեղ շրջանավարտներն ու ուսանողները հանդիպեցին ոչ ֆորմալ միջավայրում՝ գաղափարների, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների քննարկման համար։
Անցկացվեցին «ԶրուցԱրագ» ձևաչափը և «ՀարցՈՒՓորձ» ինքնահարցազրույցները։ «ԶրուցԱրագ» ձևաչափը երկխոսություն էր ուսանողների և շրջանավարտների միջև, որն օգնեց ծանոթանալու ԵՊՀ ուսանողների գաղափարներին, նախաձեռնություններին և նախագծերին, ինչպես նաև անմիջական զրույցների միջոցով փոխանակելու փորձ, կապեր և համագործակցության հնարավորություններ։
2017 թ․ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Էլեն Մնացականյանը շուրջ 5 րոպեի ընթացքում խոսեցին իրենց փորձի, կրթական ուղու և մասնագիտական տեսլականների մասին՝ խոսելով համալսարանից հետո ձևավորված հնարավորությունների, կրթության շարունակականության և աշխատաշուկայի իրական պահանջների մասին։
Ուսանողի խոսքով՝ հատկապես հետաքրքիր էր շրջանավարտների տեսակետը մագիստրատուրայում ուսումը շարունակելու և աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ։
«Հետաքրքիր էր լսել, որ մագիստրատուրան որոշ դեպքերում իսկապես կարևոր է, իսկ այն կարծրատիպը, թե հետո աշխատանք գտնելը շատ դժվար է, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Էլենը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նույն կրթական ծրագրի ուսանող Իզաբելա Ղազարյանը հնարավորություն ունեցավ շփվելու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվեցին կանանց իրավունքների, հավասար հնարավորությունների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտներում կարիերայի հեռանկարների վերաբերյալ հարցեր։
Ուսանողը նշեց, որ իր մասնագիտական հետաքրքրությունները ձևավորվել են դեռ վաղ տարիքից՝ լեզուների, մշակույթի և միջազգային գործընթացների հանդեպ հետաքրքրությամբ։ Նա մատնանշեց՝ արաբագիտությունն ընտրել է այն պատճառով, որ արաբերենը տարածված է բազմաթիվ երկրներում և բացում է մասնագիտական լայն հնարավորություններ։
Լուսինե Սարգսյանը խոսեց իր փորձից՝ ընդգծելով, որ դիվանագիտական և մարդու իրավունքների ոլորտներում աշխատանքը մշտական զարգացում է պահանջում, և կարևոր է հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ շարունակական աշխատանքը։ Զրույցի ընթացքում շեշտվեց նաև, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և հասարակության զարգացումը երկարաժամկետ, շարունակական գործընթացներ են, որոնք պահանջում են հետևողականություն և համակարգված աշխատանք։
«ՀարցՈՒՓորձ» ինքնահարցազրույցի ձևաչափի միջոցով շրջանավարտները հնարավորություն ունեցան պատմելու իրենց համալսարանական հիշողություններից, մասնագիտական ճանապարհից և ԵՊՀ-ի հետ կապված մտքերից։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի վարչարարության մասնագետ և դասախոս Վիկտորյա Բաղդասարյանը ֆորումի ընթացքում ներկայացրեց իր ուսանողական և մասնագիտական փորձը՝ ընդգծելով ԵՊՀ կարևոր դերակատարումը իր կյանքի ուղու ձևավորման գործում։
Նա նշեց, որ բակալավրիատն ավարտել է (Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ) 2007 թվականին, իսկ մագիստրատուրան՝ 2009 թվականին (Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն)։ Այսօր նա աշխատում է նույն կենտրոնում՝ համատեղելով վարչարարական աշխատանքն ու դասախոսական գործունեությունը։
«Վառ հիշողությունները շատ են ԵՊՀ-ից, բայց առաջին տպավորությունս կապված է հենց ընդունվելու և մայր բուհ մուտք գործելու օրվա հետ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԵՊՀ-ն իր կյանքում ունեցել է բացառիկ դեր ոչ միայն մասնագիտական, այլև անձնական զարգացման տեսանկյունից։
Վիկտորյա Բաղդասարյանն ընդգծեց՝ համալսարանում գտել է ոչ միայն իր մասնագիտական ուղին, այլև ընտանիքը։
«Ես Երևանի պետական համալսարանում եմ գտել իմ երկրորդ կեսին, և կարելի է ասել՝ իմ ամբողջ կյանքը ձևավորվել է հենց այստեղ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն իր ամբիոնը և համալսարանի բոլոր միջավայրերը, որոնք կապված են իր ուսանողական ու մասնագիտական ճանապարհի հետ։
Արագ հարցուպատասխանի հատվածում նա ԵՊՀ-ն բնորոշեց որպես «ամեն ինչ»՝ մատնանշելով, որ ինքը երբեք չի պատկերացնում իրեն ԵՊՀ-ից հեռու, քանի որ վերադառնալ նշանակում է՝ «Ես այստեղ եմ մշտապես»։
Չորս պանելային քննարկում՝ չորս կարևոր ուղղություն
Օրվա ընթացքում անցկացված պանելային քննարկումները ընդգրկեցին կրթության, գիտության և հասարակական զարգացման համար առանցքային թեմաներ՝
Հայագիտության զարգացման հեռանկարները
ԵՊՀ նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները
COP-17. Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում. ակադեմիական համայնքի առաջնահերթությունները
Կրթության փոխակերպումներ. ինչպե՞ս է ժամանակակից աշխարհը վերաիմաստավորում կրթությունը
Մասնակիցները նաև անդրադարձան ԵՊՀ-ի և շրջանավարտների համայնքի համագործակցության նոր մոդելներին՝ ընդգծելով, որ արդյունավետ կապը կարող է դառնալ համալսարանի զարգացման կարևոր գործիք։
Անցկացվեցին նաև «ԵՊՀ-համայնք համագործակցություն» թեմատիկ քննարկումները՝ չորս ուղղությամբ՝ կրթություն, գիտություն, ենթակառուցվածքներ և հանրային պատասխանատվություն։
Այս քննարկումների առանցքում էին հարցեր, թե ինչ կարող է ԵՊՀ-ն տալ շրջանավարտների համայնքին, ինչ կարող է շրջանավարտների համայնքը տալ ԵՊՀ-ին, ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ համագործակցությունն արդյունավետ կազմակերպելու համար, և ինչպես ձևավորել այդ համագործակցության կայուն մեխանիզմները։
Շրջանավարտների պատմությունները՝ փորձից մինչև նոր գաղափարներ
Օրվա երկրորդ կեսը նվիրված էր շրջանավարտների բանախոսություններին։ ԵՊՀ մեծ դահլիճում հնչեցին տարբեր մասնագիտական ճանապարհների, փորձի և հաջողության պատմություններ։ Բանախոսություններով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը՝ ներկայացնելով «Կառուցելով կամուրջներ․ համալսարանից մինչև դիվանագիտություն» թեման, «Armenia Tree Project»-ի ռազմավարական գործընկերությունների և ազդեցության հարցերով տնօրեն «Armenia Tree Project»-ի ներկայացուցիչ Մարինա Մխիթարյանը՝ «Ինչո՞ւ ենք մենք մի քիչ սնոբ» խորագրով բանախոսությամբ, ինչպես նաև «GTB Holdings»-ի գլխավոր գործադիր տնօրեն, «Armenian Mushroom Company»-ի և «Seaside Startup Summit»-ի համահիմնադիր Տիրան Հակոբյանը, որի բանախոսության առանցքում համալսարանական կապերի և բիզնեսի փոխկապակցվածությունն էր։
Այս հատվածը վերածվեց ոչ միայն հիշողությունների ու անձնական պատմությունների ներկայացման, այլև փորձի փոխանցման ու նոր սերնդի համար ոգեշնչման հարթակի։
Պարգևներ՝ որպես արժեքների ճանաչում
Ֆորումի եզրափակիչ հատվածում ամփոփվեցին «ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակ» և «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» մրցույթները։ ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակը համալսարանում կրթության որակի, դասավանդման նորարարական մոտեցումների և լավագույն փորձի խրախուսման կարևոր նախաձեռնություններից է։ Մրցանակի նպատակն է գնահատել այն դասախոսներին, որոնք իրենց աշխատանքով նպաստում են դասավանդման մեթոդների կատարելագործմանը, նոր մոտեցումների կիրառմանը և կրթական միջավայրի զարգացմանը։
Մրցանակներ շնորհվեցին՝
Բանասիրական անվանակարգում՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի դոցենտ, ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանին։
Բնագիտական անվանակարգում՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանին և քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Գևորգ Գրիգորյանին։
Ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի դոցենտ Հասմիկ Շահինյանին,
Հասարակագիտական անվանակարգում՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանին և փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանին։
ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակներ տրվեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ Լևոն Ազիզյանին՝ համալսարանի զարգացման գործընթացներին հետևողական մասնակցության համար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Գևորգ Սահակյանին՝ ստեղծարար ոլորտում ձեռքբերումների և միջազգային հարթակներում ԵՊՀ անունը բարձր պահելու համար, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ Չինար Մովսիսյանին՝ արհեստական բանականության ոլորտում նորարարական գործունեության և ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, ինչպես նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Գագիկ Ամիրխանյանին՝ համալսարանական կրթության արժեքների տարածման և երիտասարդների զարգացմանը նպաստելու համար։
Նրանց աշխատանքը միայն գիտելիք փոխանցելու մասին չէ։ Այն ուսանողների շրջանում վերլուծական մտածողություն ձևավորելու, հետաքրքրություն արթնացնելու, մասնագիտական ճանապարհներ բացելու և համալսարանական կրթության որակը բարձրացնելու մասին է։
ԵՊՀ-ն՝ որպես կենդանի համայնք
Ֆորումի ավարտին ընդգծվեց, որ ԵՊՀ շրջանավարտ լինելը միայն անցյալ չէ, այլ շարունակվող կապ համալսարանի հետ։ Օրվա ընթացքում քննարկված գաղափարները, ստեղծված կապերը և նոր նախաձեռնությունները դարձան դրա լավագույն ապացույցը։
Ֆորումի ավարտին սպասվում էին ինտերակտիվ ձևաչափով և ոչ պաշտոնական շփումներ։ «ԵՊՀ գաղափարների պատ»-ը դարձավ այն հարթակը, որտեղ շրջանավարտներն ու ուսանողները կարող էին ներկայացնել համալսարանի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը, առաջարկներն ու անձնական հանձնառությունները՝ պատասխանելով երեք հարցի․ ինչպիսի՞ն են Երազում տեսնել ԵՊՀ-ն, ի՞նչ են պատրաստվում Պլանավորել համալսարանի համար և ի՞նչ են Հանձնառու կատարել առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Օրը շարունակվեց նաև վարպետաց դասերով, ստեղծագործ ձևաչափերով և ազատ շփումներով, որոնք ֆորումը վերածեցին ոչ միայն պաշտոնական միջոցառման, այլև համալսարանական համայնքի կենդանի հանդիպման։
ԵՊՀ-ում օրը ամփոփվեց պարզ, սակայն կարևոր ուղերձով․ համալսարանը ուժեղ է ոչ միայն իր պատմությամբ, այլև իր համայնքով։
