- Главная
- Node
- «Արտերկրում շեշտը դրվում է ուսանողի ինքնուրույն մտածողությունն ու կարծիք արտահայտելը խրախուսելու վրա». ԵՊՀ ուսանողը՝ Չեխիայում սովորելու մասին
Июль 08, 2026 | 12:30
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
«Արտերկրում շեշտը դրվում է ուսանողի ինքնուրույն մտածողությունն ու կարծիք արտահայտելը խրախուսելու վրա». ԵՊՀ ուսանողը՝ Չեխիայում սովորելու մասին
Բարձր առաջադիմությունն ու մասնագիտական կատարելագործման ձգտումը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանող Լիլիթ Պողոսյանին հնարավորություն տվեցին «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսումը շարունակելու Պալացկու համալսարանում (Չեխիա, Օլոմոուց):
Չեխիայում անցկացրած մեկ կիսամյակը Լիլիթի համար յուրահատուկ էր ուսումնասիրվող առարկաների բազմազանությամբ և խորությամբ: Ծրագրի շրջանակում նա ուսումնասիրել է ռուսաց լեզվի շարահյուսություն, հնչյունաբանություն, բառագիտություն, ինչպես նաև ներածական ու խոսակցական հատուկ դասընթացներ: Ուսումնառության ժամանակ նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ռուս գրականությանը, մասնավորապես՝ 20-րդ դարի և հայրենական գրականության պատմությանը:
«Ստացել եմ խորացված գիտելիքներ ռուսերենի լեզվաբանական կառուցվածքի, շարահյուսական ու հնչյունաբանական նորությունների վերաբերյալ: Ուսումնասիրել եմ եվրոպական բարձրագույն կրթական համակարգի փորձը, օգտվել համալսարանի գիտական հարուստ գրադարանից, մասնակցել գործնական սեմինարների ու լեզվաբանական վարժանքների»,- պատմում է ուսանողը:
Այս ամենը սերտորեն կապված է Լիլիթի գիտական հետաքրքրությունների հետ: Նրա ուշադրության կենտրոնում 20-րդ դարի առաջին կեսի ռուս գրականության պատմությունն է, ավելի կոնկրետ՝ Արծաթյա դարաշրջանը, հատկապես՝ այդ ժամանակաշրջանի հեղինակների ստեղծագործական առանձնահատկությունները: Ըստ նրա՝ այս ժամանակաշրջանը հարուստ է գրական նորարարություններով ու խոր փիլիսոփայությամբ, ինչը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային մշակույթի վրա:
Արտերկրում սովորելու հնարավորությունը հիանալի առիթ էր կրթական համակարգերը համեմատելու համար: Ուսանողի կարծիքով՝ չեխական բուհի ակնառու առանձնահատկություններից է դասընթացների ընտրության ճկունությունը և ինքնուրույն հետազոտական աշխատանքին հատկացվող երկար ժամանակը:
Լիլիթի խոսքով՝ տարբերություններ կան նաև դասախոս-ուսանող հարաբերություններում։
«Արտերկրում դասախոսների մոտեցումն ավելի անմիջական է, ինչն օգնում է վերացնելու լսարանային լարվածությունը: ԵՊՀ դասախոսները նույնպես ունեն ակադեմիական մեծ փորձառություն, սակայն արտերկրում շեշտը դրվում է ուսանողի ինքնուրույն մտածողությունն ու կարծիք արտահայտելը խրախուսելու և դասախոսության ընթացքում ազատ քննարկումներ ծավալելու վրա»,- մատնանշում է նա:
Ուսանողը նշում է, որ կցանկանար ԵՊՀ-ում տեսնել ավելի շատ թվայնացված ռեսուրսների կիրառում, գործնական ու ինտերակտիվ սեմինարների ավելացում և ուսանողակենտրոն միջավայրի զարգացում:
Լիլիթի խոսքով՝ եվրոպական համալսարաններում սովորելը նաև մշակութային մեծ հարստություն է: Օլոմոուցում նա առիթ է ունեցել շփվելու չեխ, ուկրաինացի, վրացի, իսպանացի և այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Նրա ձևակերպմամբ՝ բազմամշակութային միջավայրի հիմնական առավելությունն աշխարհայացքի ընդլայնումն է, իսկ թերությունը՝ սկզբնական շրջանում լեզվական կամ կենցաղային հարմարվողականության դժվարությունները:
Այս միջավայրը նաև լավագույն հարթակ էր Հայաստանը ներկայացնելու համար։
«Բազմիցս հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու հայկական մշակույթը, պատմությունը և ավանդույթները թե՛ դասերի ընթացքում՝ սահիկաշարերի միջոցով, թե՛ անձնական շփումներում»,- հավելում է ուսանողը:
Արտերկրում ստացած հարուստ գիտելիքներն ու փորձը Լիլիթը պատրաստվում է ներդնել հայրենիքում՝ լեզվաբանության, կրթության և թարգմանչական գործի բնագավառներում՝ նպատակ ունենալով Հայաստանում ծավալելու որակյալ մասնագիտական գործունեություն։
Նրա ապագայի տեսլականը հստակ է՝ աշխատանք կրթական կամ միջազգային կառույցներում, գիտահետազոտական և թարգմանչական գործունեություն․ լեզուների խորացված գիտելիքը, ըստ Լիլիթի, մեծ հեռանկարներ է բացում հենց այս ոլորտներում: