- Главная
- Node
- ԵՊՀ իրավաբանական կլինիկայի փորձը ներկայացվել է եվրոպական համաժողովում
Июль 01, 2026 | 09:43
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի փորձը ներկայացվել է եվրոպական համաժողովում
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը մասնակցել է Էդինբուրգի համալսարանի իրավագիտության դպրոցում (Շոտլանդիա, Էդինբուրգ) կայացած Կլինիկական իրավաբանական կրթության եվրոպական ցանցի (ENCLE) 12-րդ համաժողովին, որը ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագիտական հարթակներից մեկն է։ Համաժողովի շրջանակում նա ներկայացրել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունը, ուսանողների գործնական պատրաստման մոդելը և Հայաստանում կլինիկական իրավաբանական կրթության զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Կլինիկական իրավաբանական կրթության միջազգային հանդեսի (IJCLE) հետ գործակցության շրջանակում կազմակերպված այս համաժողովը համախմբել էր տարբեր երկրների կլինիկական իրավաբանական կրթության ոլորտի մասնագետների՝ փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։
Համաժողովի օրակարգում էին կլինիկական իրավաբանական կրթության զարգացման միտումները, ուսանողների գործնական հմտությունների ձևավորման արդյունավետ մոտեցումները և իրավաբանական կլինիկաների գործունեության կատարելագործմանը վերաբերող հարցերը։
Գիտական միջոցառումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով՝ համադրելով լիագումար նիստերը, թեմատիկ քննարկումներն ու կարճ ներկայացումները, ինչը խթանել է մասնագիտական ակտիվ քննարկումները և փորձի փոխանակումը։
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի մասնակցությունն ապահովվել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (RWI) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Երկկողմ համագործակցությունը նպաստում է Հայաստանում կլինիկական իրավաբանական կրթության զարգացմանն ու հայկական փորձի ներկայացմանը միջազգային հարթակներում։
Մասնակցությունը համաժողովին ԵՊՀ իրավաբանական կլինիկային հնարավորություն տվեց ընդլայնելու միջազգային համագործակցության շրջանակը, հաստատելու մասնագիտական նոր կապեր և Հայաստանի փորձը ներկայացնելու եվրոպական մասնագիտական համայնքին։