- Главная
- Node
- Ի՞նչ է ուզում այսօրվա հայ երիտասարդը․ ԵՊՀ-ում քննարկվել են երիտասարդության մասին նոր մենագրության հիմնական արդյունքները
Июль 01, 2026 | 15:15
Կրթություն
Հետազոտություն
Ի՞նչ է ուզում այսօրվա հայ երիտասարդը․ ԵՊՀ-ում քննարկվել են երիտասարդության մասին նոր մենագրության հիմնական արդյունքները
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության շնորհանդես-քննարկումը՝ համախմբելով գիտական հանրույթի, պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի մասնագետներին։ Քննարկման առանցքում էին Հայաստանի երիտասարդության արժեքային փոփոխությունները, ապագայի ընկալումները, մասնակցայնության ձևերն ու անկախացման ռազմավարությունները։
Սոցիոլոգ, կրթության սոցիոլոգիայի և երիտասարդության հիմնահարցերի հետազոտող, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանի «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը ներկայացնում է ժամանակակից հայ երիտասարդության սոցիալական իրականության բազմակողմանի վերլուծությունը՝ հիմնված քանակական և որակական հետազոտական տվյալների վրա։ Աշխատությունում քննարկվում են երիտասարդների կրթական ուղիները, զբաղվածության հնարավորությունները, քաղաքական և քաղաքացիական մասնակցության պրակտիկաները, կենսակերպը, միգրացիոն տրամադրությունները և ապագայի պատկերացումները հետպատերազմյան ու արագ փոփոխվող հասարակական պայմաններում։
Մենագրությունը մշակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ իրականացված հետազոտական նախագծի շրջանակում, ԵՊՀ գիտական խորհրդի կողմից երաշխավորվել է որպես մենագրություն և տպագրվել ԵՊՀ հրատարակչության կողմից։
Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի երիտասարդների կյանքի, փորձառությունների, հնարավորությունների և մարտահրավերների բազմաչափ վերլուծությունը՝ երիտասարդներին դիտարկելով ոչ միայն որպես տարիքային խումբ, այլև որպես հասարակական գործընթացների ակտիվ մասնակիցներ, որոնց փորձառություններն արտացոլում են երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական փոփոխությունները։
Գրքի առանցքային գաղափարներից մեկն այն է, որ երիտասարդների կենսափուլային անցումները պայմանավորված են ինչպես անձնական ընտրություններով, այնպես էլ պատմական իրադարձություններով ու սոցիալական միջավայրով։
Ըստ գրքի հեղինակի՝ վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ՝ COVID-19 համավարակը, 2020 թ․ 44-օրյա պատերազմը և 2023 թ․ Արցախից բռնի տեղահանությունը, էական ազդեցություն են ունեցել երիտասարդների կյանքի վրա՝ ձևավորելով անորոշության նոր մթնոլորտ։
Մենագրությունը նպատակ ունի համակողմանիորեն ուսումնասիրելու Հայաստանի երիտասարդների կյանքի դինամիկան՝ կյանքի փուլերը, հետպատերազմյան համատեքստում երիտասարդների՝ անկախություն ձեռք բերելու փորձառությունները և ապագայի տեսլականները։ Աշխատության վերլուծական հիմքը երիտասարդության սոցիոլոգիայի տեսական մոտեցումների և էմպիրիկ տվյալների համադրումն է՝ ներառելով երիտասարդների ժողովրդագրական, կրթական, տնտեսական, քաղաքացիական, առողջապահական և մշակութային բնութագրեր։
Կարևորելով աշխատության գիտագործնական նշանակությունը՝ ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ այն կարող է ուղենիշ լինել ոչ միայն հետազոտողների, այլև համալսարանների, կրթական հաստատությունների և երիտասարդական քաղաքականություն մշակող կառույցների համար։ Նրա խոսքով՝ աշխատությունը հնարավորություն է տալիս հասկանալու այն միջավայրը, որտեղ այսօր ձևավորվում են երիտասարդների արժեքները, նպատակներն ու ակնկալիքները՝ միաժամանակ առաջարկելով գործնական մոտեցումներ այդ իրականությանը համահունչ որոշումներ կայացնելու համար։
«Անորոշության և հույսի խաչմերուկում այսօր միայն երիտասարդությունը չէ։ Այդ խաչմերուկում են նաև Հայաստանը, տարածաշրջանը և, մեծ հաշվով, ամբողջ աշխարհը։ Երիտասարդությունը պարզապես այն պրիզման է, որի միջոցով հնարավոր է հասկանալ այս փոփոխվող իրականությունը»,- ընդգծեց նա։
ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը շեշտեց նման հետազոտությունների դերը պետական քաղաքականության մշակման գործընթացում։ Նրա խոսքով՝ ներկայում նախարարությունում մեկնարկել է գործընթաց, որի շրջանակում նախատեսվում է մշակել և 2027 թվականին հաստատել երիտասարդական քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը, որը կսահմանի ոլորտի զարգացման տեսլականն ու գործողությունների ուղղությունները։
«Հիմա արդեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ մշակում ենք մի կարևոր գործիք՝ երիտասարդական ինդեքսը, որը մեզ հնարավորություն կտա հասկանալու, թե այսօր ինչ է պետք երիտասարդներին մասնակցության, պաշտպանության, կրթության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության և այլ ուղղություններով։ Այդ ամբողջ տվյալների հիման վրա մենք հնարավորություն կունենանք ավելի հստակ պատկերացնելու, թե ինչ ենք ուզում վերհանել այս գործընթացից և ինչպես օգտագործել ստացած արդյունքները»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նման ուսումնասիրությունները կարևոր աղբյուր են երիտասարդների ակնկալիքներն ու առաջնահերթությունները հասկանալու համար։ Զարա Ասլանյանը ներկայացրեց նաև նախարարության կողմից իրականացվող մասնակցային ծրագրերը՝ մատնանշելով, որ վերջին տարիներին երիտասարդների ներգրավվածությունը շարունակաբար աճում է։ Ըստ նրա՝ երիտասարդներն ակտիվորեն մասնակցում են երիտասարդական մայրաքաղաք նախաձեռնության օրակարգի ձևավորմանը, համայնքներում իրականացվող մասնակցային բյուջետավորման ծրագրերին և այլ նախաձեռնությունների, որոնց շրջանակում ոչ միայն բարձրաձայնում են իրենց առաջարկները, այլև ներգրավվում են դրանց իրականացման և որոշումների կայացման գործընթացներում։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ներկայացնելով գրքի հեղինակին, շեշտեց, որ մենագրությունը հիմնված է նրա թեկնածուական ատենախոսության վրա և ամփոփում է սոցիոլոգիական երկարամյա հետազոտությունների արդյունքները։
Մենագրության հեղինակ Մարինա Գալստյանը երիտասարդությանը ներկայացնում է որպես ներքին բազմազանությամբ առանձնացող սոցիալական խումբ, որի տարբեր ներկայացուցիչներ ունեն հարմարվելու, ինքնուրույնանալու և ապագան պատկերացնելու տարբեր ռազմավարություններ։
Պատասխանելով ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, մենագրության խմբագիր, քննարկման մոդերատոր Արթուր Աթանեսյանի այն հարցին, թե ինչ է ուզում այսօրվա հայ երիտասարդը, մենագրության հեղինակն անդրադարձավ հետազոտության հիմնական եզրակացություններին։ Նրա խոսքով՝ այսօր երիտասարդության համար ամենամեծ մարտահրավերը ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրներն են, այլև ապագայի նկատմամբ խորացող անորոշությունը։ Այդուհանդերձ, երիտասարդների մեծամասնությունը շարունակում է իր ապագան կապել կրթության, աշխատանքի և ինքնուրույն կյանքի կառուցման հետ։
Հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդներն ավելի պատրաստակամ են մասնակցելու այն գործընթացներին, որտեղ զգում են սեփական ազդեցությունը։ Այդ պատճառով նրանց ակտիվությունն ավելի հաճախ դրսևորվում է ոչ թե ինստիտուցիոնալ լայն հարթակներում, այլ միկրոմիջավայրերում՝ համալսարանում, համայնքում, նախաձեռնողական փոքր խմբերում կամ տեղական ծրագրերում, որտեղ մասնակցության արդյունքն անմիջապես տեսանելի է։
Հեղինակը ներկայացրեց նաև հետազոտության կարևոր նորույթներից մեկը՝ երիտասարդների անկախության ինդեքսը և կյանքի ռազմավարությունների տիպաբանությունը, ինչի արդյունքում առանձնացվել են մի քանի հիմնական խմբեր՝ նորարար առաջնորդներ, կայունության ջատագովներ, համակերպվողներ և հուսահատներ կամ մոլորվածներ, ինքնահաստատվողներ։
Հեղինակի խոսքով՝ երիտասարդների տիպաբանությունները սոցիոլոգիական վերլուծության գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս տարբերակելու երիտասարդների կյանքի ռազմավարություններն ու անկախացման առանձնահատկությունները՝ խուսափելով երիտասարդությանը որպես միատարր խմբի դիտարկելու մոտեցումից։
«Շատ կարևոր է, թե ինչ է փնտրում երիտասարդը, քանի որ երիտասարդությունը, ըստ էության, սահմանում է անկախության ձգտման ճանապարհ կամ կյանքի փուլ, և այն ռազմավարությունները, որոնք կարող են բերել այդ անկախությանը, դառնում են հիմնական նպատակադրումը երիտասարդների համար։ Օրինակ՝ որպես ռազմավարություն կարող եմ նշել աշխատանքի փոփոխությունը։ Աշխատանք ունեցող երիտասարդների շուրջ 46 տոկոսը նշել է, որ ցանկանում է փոխել իր աշխատանքը։ Սա ցույց է տալիս, թե որքան դինամիկ խմբի մասին է խոսքը։ Եվ այդ դինամիկության մեջ պետք է հասկանալ՝ դեպի ուր է ուղղված երիտասարդի հայացքը․ այն ուղղված է կայունության կամ անկախության ձեռք բերելուն։ Երիտասարդը ձգտում է լինելու այն միջավայրում, որտեղ հնարավոր է հասնել անկախության, որը նրա համար նաև ռեսուրս է հետագա փոփոխությունների համար»,- ասաց հեղինակը։
Քննարկման ընթացքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, արձագանքելով մենագրության հեղինակ Մարինա Գալստյանի դիտարկումներին, նշեց, որ հետազոտության մեջ բարձրացված միտքը՝ երիտասարդների՝ միկրոմիջավայրերում ակտիվ ներգրավվածության վերաբերյալ, իր համար հատկապես կարևոր է և կիրառելի համալսարանական պրակտիկայում։
Նրա գնահատմամբ՝ հենց միկրոմիջավայրերի ձևավորումն ու զարգացումը կարող են դառնալ ուսանողների մասնակցության և նախաձեռնողականության խթանման կարևոր գործիք ինչպես համալսարանում, այնպես էլ համայնքային կյանքում։
Բանախոսներն ընդգծեցին, որ երիտասարդների փորձառությունները պետք է առավել լայնորեն ներգրավվեն երիտասարդական քաղաքականությունների մշակման, պետական ծրագրերի նախագծման և հանրային քննարկումների գործընթացներում։ Նրանց խոսքով՝ գիտական տվյալների վրա հիմնված ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս մշակելու առավել հասցեական և արդյունավետ քաղաքականություններ՝ հաշվի առնելով հասարակության առանձնահատկություններն ու երիտասարդների իրական պահանջմունքները։
Բաց քննարկման ընթացքում մասնակիցները նաև հարցեր ուղղեցին հեղինակին՝ հետազոտության մեթոդաբանության, ընտրանքի ձևավորման և արդյունքների կիրառական նշանակության վերաբերյալ։ Ընդգծվեց, որ շուրջ հազար երիտասարդի մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բազմակողմանի պատկերացում կազմելու Հայաստանի երիտասարդության ներկայիս խնդիրների, սպասումների և ապագայի պատկերացումների մասին։





