- Главная
- Node
- Անցյալի «գաղտնագրերը»՝ ոսկորների ու աճյունասափորների մեջ. ԵՊՀ մագիստրոս Աստղիկ Արզումանյանի մասնագիտական ուղին
Августа 27, 2026 | 11:50
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Մշակույթ
Շրջանավարտներ
Անցյալի «գաղտնագրերը»՝ ոսկորների ու աճյունասափորների մեջ. ԵՊՀ մագիստրոս Աստղիկ Արզումանյանի մասնագիտական ուղին
ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի 2026 թվականի շրջանավարտ Աստղիկ Արզումանյանը մասնագիտանում է հնամարդաբանության ոլորտում։ Նրա հետազոտությունների առանցքում մարդաբանական նյութերն են, որոնք հնարավորություն են տալիս վերականգնելու հարյուրավոր ու հազարավոր տարիներ առաջ ապրած մարդկանց կյանքի մանրամասները։
ԵՊՀ-ն ձևավորեց մասնագիտական մտածողություն, իսկ դաշտային հետազոտական աշխատանքները՝ գործնական փորձ
Աստղիկի խոսքով՝ համալսարանական կրթությունը տալիս է անհրաժեշտ տեսական հենքը, սակայն մասնագիտական հմտությունները ձևավորվում են պեղավայրերում։
«ԵՊՀ-ում ստացած կրթությունն ինձ համար ստեղծեց անհրաժեշտ տեսական հիմքը, իսկ դաշտային հետազոտական աշխատանքներն այդ հիմքը լրացրին գործնական փորձով։ Համալսարանում ես ընդհանուր պատկերացում կազմեցի տարբեր ժամանակաշրջանների ու դարաշրջանների մասին, ստացածս գիտելիքներն օգնեցին հասկանալու հնագիտական հուշարձանների ու տարածքների առանձնահատկությունները և ձևավորել մասնագիտական մտածողություն։ Սակայն հնագիտության գործնական կողմը հիմնականում սովորել եմ արդեն դաշտային հետազոտական աշխատանքների ընթացքում։ Իրական պեղումների ժամանակ է, որ տեսական գիտելիքը սկսում է կիրառվել գործնականում․ սովորում ես աշխատել հուշարձանի, նյութի և իրական իրավիճակների հետ, կատարել դիտարկումներ և որոշումներ ընդունել հենց դաշտում»,- ընդգծում է նա։
Միջազգային արշավախմբեր և հնամարդաբանական ուսումնասիրություններ
Երիտասարդ հետազոտողն արդեն մասնակցել է մի շարք միջազգային արշավախմբերի աշխատանքներին: Արտանիշի պեղումների ընթացքում Աստղիկն աշխատել է ինչպես պեղավայրում, այնպես էլ լաբորատորիայում՝ կատարելով մարդաբանական նյութերի մաքրում և դասակարգում: Այս հուշարձանից հայտնաբերված հնամարդաբանական նյութերի հետազոտության արդյունքների հիման վրա էլ նա պաշտպանել է իր ավարտական և մագիստրոսական աշխատանքները:
«Մասնակցել եմ Արտանիշի (2022–2024 թթ.) պեղումներին՝ հայ-գերմանական արշավախմբի հետ, Մեծամորի (2023–2024 թթ.) պեղաշրջանին, ինչպես նաև Մասիս բլրի (2024–2025 թթ.) աշխատանքներին՝ հայ-ամերիկյան արշավախմբի հետ»,- ասում է Աստղիկն ու նշում, որ 2025–2026 թթ. էլ մասնակցել է Արգիշտիխինիլիի պեղումներին հայ-լեհական արշավախմբի հետ։
«Արգիշտիխինիլին նույնպես կարևոր հուշարձան է, որտեղից պեղվում են յուրահատուկ գտածոներ՝ մ.թ.ա. 8–7-րդ դարերով թվագրվող աճյունասափորներ: Արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում եմ այս պեղումներին: Այդ ընթացքում Լեհաստանից հրավիրված դիակիզման (կրեմացիայի) մասնագետի օգնությամբ սովորել եմ աճյունասափորների պեղման ճիշտ տեխնիկան»,- հավելում է նա:
Աստղիկն այս տարի հասցրել է նաև Ագարակի պեղումներին մասնակցել:
Ի՞նչ են «պատմում» ոսկորները
Հնամարդաբանական նյութերի ուսումնասիրությունը բացառիկ տեղեկություններ է տալիս անցյալի հասարակությունների կենսակերպի մասին, որոնք անհնար է ստանալ սովորական պեղումներով։
Աստղիկն արդեն ունի միջնադարյան կմախքների հետ աշխատելու փորձ։
«Միջնադարով թվագրվող մարդաբանական նյութերը բավական լավ են պահպանվում, և դրանք գալիս են լրացնելու այն բացը, որը հնարավոր չէ լրացնել միայն պեղումների միջոցով։ Օրինակ՝ դրանց միջոցով կարելի է հասկանալ, թե ինչպես են ապրել մարդիկ, սովի պայմաններում ապրել են, թե ոչ, ինչպիսի հիվանդություններ են գերակշռել, լավ են սնվել, թե ոչ։ Մարդաբանական նյութերն ինքնին գալիս են պատասխանելու այդ հարցերին»,- ասում է նա։
Ապագայի նպատակներն ու մասնագիտական առաքելությունը
Աստղիկ Արզումանյանն աշխատում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնում որպես մասնագետ։
«Ես ընտրել եմ հնագետի մասնագիտությունը, քանի որ մանկուց հետաքրքրվել եմ պատմությամբ և անցյալի մարդկանց կյանքով, թե ինչպես են մարդիկ ապրել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ, ինչպիսի մշակույթ, սովորույթներ և կենցաղ են ունեցել։ Հնագիտությունն ինձ հնարավորություն է տալիս ոչ միայն գրքերից սովորելու անցյալի մասին, այլև իրական պեղումների և հնագիտական գտածոների միջոցով բացահայտելու պատմության նոր էջեր։ Այս մասնագիտության մեջ ինձ հատկապես գրավում է հետազոտելու, ուսումնասիրելու և նոր բացահայտումներ կատարելու հնարավորությունը։ Բացի դրանից՝ կարծում եմ, որ հնագետի աշխատանքը կարևոր է մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և այն ապագա սերունդներին փոխանցելու համար»,- մատնանշում է Աստղիկը՝ կարևորելով իր ընտրած մասնագիտությունը։
Երիտասարդ մասնագետի առաջիկա նպատակն է խորացնել գիտելիքները դիակիզման և հնամարդաբանության ուղղություններով, շարունակել դաշտային հետազոտությունները, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ուսումը շարունակել ասպիրանտուրայում։


