Մեկնարկել է 2027-2028 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ դոկտորանտուրայի ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը:
Տեղերի ձևավորման համար հայտերը ներկայացվում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով մինչև 2026 թվականի նոյեմբերի 9՝ ժամը 18։00-ն։
Հայտերի ներկայացման ընթացակարգը
Գիտական թեմա ղեկավարող անձը՝
հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագիր իրականացնող հաստատության գիտական խորհրդին կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ ստորաբաժանման,
ստանում է եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է թեմայի արդիականությունը և տվյալ հաստատությունում այն իրականացնելու նպատակահարմարությունը,
grants.hesc.am համակարգ է ներբեռնում եզրակացությունը և լրացնում հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ կայքէջում պահանջվող տվյալները,
հայտն ուղարկելուց հետո համակարգում ձևավորված և ծածկագիր ստացած հայտի տիտղոսաթերթը ներկայացնում է հաստատությանը, որտեղ կատարվելու է հետազոտությունը։
Հաստատությունը՝
orgs.hesc.am համակարգի միջոցով ստուգում է հաստատության ցանկում ներառված հայտերում առկա տեղեկությունը,
հաստատության հայտերը քննարկվում և հաստատվում են գիտխորհրդի կողմից,
հաստատությունը մեկ ընդհանուր փաթեթով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացնում ամփոփոված հայտերը՝ նշելով հաստատության առաջնահերթությունները,
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատրաստում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2027-2028 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ դոկտորանտուրայի ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:
Նախագիծը պատրաստելիս հաշվի է առնվելու.
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգում հավանական գիտական ղեկավարի հայտի առկայությունը,
հաստատության կողմից հավանական գիտական ղեկավարների ներկայացրած հայտերին տրված առաջնահերթությունը,
գերատեսչությունների հայտերը,
հաստատության ներկայացրած տեղերի քանակը,
հավանական գիտական ղեկավարի՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) տպագրված հոդվածների առկայությունը, հոդվածների քանակը, Հիրշի ինդեքսը և այլն,
հավանական գիտական ղեկավարի ընթացիկ ասպիրանտների և հայցորդների թիվը (ընթացիկ տարում ավարտող ասպիրանտների ու հայցորդների առկայությունը հաշվի չի առնվում):