Января 08, 2026 | 15:30
Исследовательская работа
Конкурсы
Политика
В 1960-х годах в Нахиджеване уже не было армянскоязычных учебных заведений: исследование аспиранта ЕГУ - в поисках своих корней
Почему тема Нахиджевана, который веками сохранял армянскую культуру и когда-то был населён армянами, актуальна сегодня? Какую проблему решит исследование, которое покажет причины опустошения армянских деревень в Нахиджеване? Аспирантка исторического факультета ЕГУ Элен Акопян в своих научных исследованиях идёт по следам своих корней. Её научный проект под названием «Армяне в Нахиджеванской АССР: культурная изоляция, депортация и память» получил гарантированное финансирование от Комитета по высшему обоазованию и науке Министерства образования, науки, культуры и спорта РА.
- Էլե՛ն, ինչո՞ւ եք ընտրել Նախիջևանի հայաթափման թեման, որքանո՞վ է այն արդիական այսօր։
- Թեմայի հետ կապված որոշակի գիտելիք ու հետազոտական փորձ արդեն իսկ ունեի, քանի որ բակալավրիատի ավարտական աշխատանքս ու մագիստրոսական թեզս նույնպես առնչվում էին Նախիջևանին, պարզապես ավելի նեղ շրջանակում։ Գիտական ղեկավարիս՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Արսեն Հակոբյանի հետ խորհրդակցեցի ու հասկացա, որ ասպիրանտուրայում ավելի համապարփակ ուսումնասիրություն կատարելու հնարավորություն ունեմ։ Բացի դրանից՝ թեմայի ընտրության հարցում առկա է նաև ավելի ընտանեկան-անձնական գործոն. տատիկս ու պապիկս ծնունդով Նախիջևանից են՝ պատմական Գողթն գավառից (Օրդուբադի շրջան)։ Կարծում եմ՝ պատմագրության տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ինչպես ուշխորհրդային շրջանում Նախիջևանի տասնյակ հայաբնակ գյուղեր դատարկվեցին. գործընթաց, որը վերջնականացավ 1988-1989 թթ. տեղահանությամբ։ Նախիջևանահայերը հաճախ նշում են, որ Նախիջևանի ԻԽՍՀ-ում բախվել են մշակութային գործունեության սահմանափակումների, խտրական վերաբերմունքի, ինչը փորձելու ենք սահմանել և ուսումնասիրել մշակութային մեկուսացման, սահմանայնացման դիտանկյունով։ Միաժամանակ, կարևոր է հաշվի առնել հարցի սոցիալական ու մարդաբանական կողմը, հանրայնացնել նախիջևանահայերի պատմությունները, հասկանալ, թե նրանք ինչպես են իմաստավորում այդ գործընթացները։
- Իսկ ի՞նչ են պատմել Ձեր տատիկն ու պապիկը, ե՞րբ են նրանք հեռացել Նախիջևանից. բռնի տեղահանվե՞լ են, թե՞ ինքնակամ են լքել ծննդավայրը:
- Պապիկս ու տատիկս Երևան են տեղափոխվել 1960-ական թթ.՝ աշխատելու և սովորելու նպատակով։ Նախիջևան քաղաքը, որն ինքնավար հանրապետության կենտրոնն էր, այդ շրջանում այլևս չուներ հայալեզու մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ, բաժանմունքներ, ուստի շատերը տեղափոխվում էին Հայաստան։ Այսինքն՝ այն ժամանակահատվածում, որին բնութագրական էր քաղաքային բնակչության աճը, Նախիջևան քաղաքում բավարար պայմաններ չկային հանրապետության հայ բնակչության խմբային ինքնիրացման համար, և հայերը նախընտրում էին տեղափոխվել հայահոծ կամ բազմէթնիկ, բազմամշակութային քաղաքներ։ Սա բռնի գործողություն չէ, սակայն նկատելի են կառուցվածքային բռնության տարրեր, որոնք պետք է ուսումնասիրել։
- Ի՞նչ նյութերի հիման վրա է կատարվելու հետազոտությունը: Մինչ այս կատարված ուսումնասիրությունների ո՞ր բացն եք փորձելու լրացնել:
- Սկզբնաղբյուրների երկու հիմնական խումբ ունենք՝ արխիվային փաստաթղթեր, ժամանակի մամուլի և այլ հրապարակումներ, ինչպես նաև նախիջևանահայերի տպագիր հուշերը։ Իսկ բանավոր պատմությունները կհավաքագրեմ հարցազրույցների միջոցով։ Թեմային առնչվող արխիվային հետաքրքիր նյութեր գտնելն ինձ համար կլինի բացահայտում՝ պայմանավորված առհասարակ Նախիջևանի ԻԽՍՀ-ին վերաբերող նյութերի սղությամբ և սահմանափակությամբ։ Կարծում եմ՝ անհրաժեշտ կլինի ուսումնասիրել Հայաստանից դուրս գտնվող արխիվները ևս։ Նախիջևանահայերի հուշերը և բանավոր պատմությունները լավ նյութ կտրամադրեն ուսումնասիրության համար։ Այս դեպքում մենք արդեն գործ ունենք մարդկանց հիշողությունների հետ, ինչը պահանջում է հետազոտական համապատասխան մոտեցում։
- Նշեցիք, որ բակալավրիատում և մագիստրատուրայում Ձեր ավարտական աշխատանքն ու մագիստրոսական թեզը Նախիջևանին էին վերաբերում։ Ի՞նչ ուսումնասիրություններ եք կատարել, ի՞նչ եզրակացությունների եք հանգել, որտե՞ղ եք հրապարակել արդյունքները:
- Ավարտական աշխատանքս և մագիստրոսական թեզս գրելու ընթացքում հավաքել էի նաև որոշ բանավոր պատմություններ, ուսումնասիրել նախախորհրդային շրջանը, ինչը անհրաժեշտ նախապայման է հետագա գործընթացները հասկանալու համար։ Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքում հայ բնակչության 1919 թ. ջարդի մասին իմ հոդվածը տեղ գտավ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի 2025 թ. 2-րդ համարում։ Համագործակցություն կա Մեսսինայի համալսարանի (Իտալիա) հին և նորագույն քաղաքակրթությունների բաժնի հետ, որտեղ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ներկայացրի թեման և քննարկումներ ունեցանք: Բացի դրանից՝ աշխատեցի մեկ այլ հոդվածի ուղղությամբ, որը, հույս ունեմ, կտպագրվի առաջիկայում։
- Ներկայացրե՛ք, խնդրում եմ, նախիջևանահայերից հավաքած բանավոր պատմություններից մի քանի դրվագ:
- Նախորդ հետազոտությունների համար հավաքել էի բանավոր պատմություններ ծնունդով Գողթն գավառի կամ Օրդուբադի շրջանի նախիջևանահայերից։ Նրանց և նրանց ժառանգների հիշողություններում հանդիպում ենք դրվագների 1918-1920 թթ. իրադարձություններից: Օրինակ՝ Զորավար Անդրանիկի և տեղական գործիչների կերպարները հաճախ բանահյուսական տարրեր են ստանում։ Զրույց եմ ունեցել նկարչուհի Լուսիկ Ագուլեցու դստեր՝ Աստղիկ Սամվելյանի հետ, որն ուշագրավ դրվագներ է պատմել ինչպես Ագուլիսի հայերի ջարդի ժամանակ իրենց ընտանիքի փրկության, այնպես էլ խորհրդային շրջանում և արդեն 1980-ական թթ. իրավիճակի մասին։ Վկայություններ կան նաև 1988 թ. նոյեմբերին այդ գյուղերի հայ բնակչության տեղահանության ընթացքի մասին, որին նախորդել էին Նախիջևան քաղաքի հակահայկական ցույցերը և հայերին ահաբեկելու գործողությունները, ինչպիսիք են, օրինակ, քարեր նետելը տների ուղղությամբ, էլեկտրալարերը վնասելը և այլն։
- Ովքե՞ր են ներգրավված գիտական նախագծում: Որտե՞ղ են հրապարակվելու արդյունքները:
- Նախագծի շուրջ աշխատում եմ իմ գիտական ղեկավարի՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արսեն Հակոբյանի հետ։ Ուսումնասիրության արդյունքները գիտական հոդվածների տեսքով հրապարակվելու են գիտական ամսագրերում, այդ թվում՝ միջազգային գիտական շտեմարաններում ներառված հանդեսներում։ Կախված արդյունքներից՝ ակնկալում եմ նյութերի ներկայացում նաև գիտահանրամատչելի որոշակի ձևաչափով։