- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ ԱԺ նախագահը շրջայց կատարեց ԵՊՀ գիտահետազոտական կենտրոններում և հանդիպեց ուսանողների հետ
Մարտ 12, 2026 | 15:28
Գիտություն
Ենթակառուցվածքներ
ՀՀ ԱԺ նախագահը շրջայց կատարեց ԵՊՀ գիտահետազոտական կենտրոններում և հանդիպեց ուսանողների հետ
Երևանի պետական համալսարան էր այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա շրջայց կատարեց ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում՝ ծանոթանալով համալսարանում վերջին տարիներին կատարված ենթակառուցվածքային բարեփոխումներին, նորաբաց գիտական կենտրոններին, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին և վերանորոգված ուսումնական լսարաններին։
Այցը սկսվեց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտից, որտեղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Օպտիկայի և ֆոտոնիկայի, ինչպես նաև Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոններ։ Այստեղ ներկայացվեցին իրականացվող գիտահետազոտական ծրագրերը, առկա տեխնիկական ռեսուրսները և դրանց կիրառման հնարավորությունները կրթական ու գիտական գործընթացներում։
Այնուհետև Ալեն Սիմոնյանը շրջեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում՝ ծանոթանալով վերանորոգված ենթակառուցվածքներին, ժամանակակից սարքավորումներով համալրված լսարաններին և գիտակրթական միջավայրին, որոնք նպաստում են ուսանողների ուսումնառության և գիտահետազոտական գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը։
Նա այցելեց նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, որի առաջին հարկը «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել ու կահավորվել է և այժմ ուսանողներին է ծառայում ամբողջովին վերափոխված, ժամանակակից լուծումներով և գործառութային նոր տրամաբանությամբ։ Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ բարելավվել են ենթակառուցվածքները. վերակառուցվել է առաջին հարկի նախասրահը, արդիականացվել լուսավորության համակարգը։
Շրջայցի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց կրթական և գիտական ստորաբաժանումներում իրականացվող նախագծերը, ծրագրերը, արձանագրած ձեռքբերումները, ինչպես նաև խոսեց ապագա անելիքների մասին։ Քննարկվեցին կրթության որակի բարձրացման և զարգացման առաջնահերթությունները, գիտահետազոտական գործունեության խթանման ուղիները, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների ընդլայնման հնարավորությունները։
ԱԺ նախագահը շրջայցից հետո հանդիպում ունեցավ ԵՊՀ ուսանողների հետ։ Խոսելով իր ուսանողական տարիների մասին՝ նա նշեց, որ շատ ուրախ է ԵՊՀ այցելելու համար, քանի որ հենց համալսարանի իրավագիտության ֆակուլտետում է անցել իր ուսանողական կյանքը։ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ միշտ ջերմությամբ է հիշում ուսանողական տարիները։
«Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և հաճույք եմ ստանում իմ աշխատանքից։ Պառլամենտական գործունեությունը թե՛ ԱԺ շենքում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ինձ շատ հոգեհարազատ է։ Բացի դրանից՝ շատ եմ սիրում շփումը լրագրողների և մեդիաոլորտի հետ։ Վերջիններիս հետ հաղորդակցվելիս և, առհասարակ, մարդկանց հետ խոսելիս ամենակարևոր ու հիմնական զենքը անկեղծությունն ու ազնվությունն են»,- նշեց նա։
ԱԺ նախագահը ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև քաղաքական գործունեությանը, միջազգային հարաբերություններին, ժողովրդավարությանն ու պետության ինքնիշխանությանը, ինչպես նաև ընդգծեց երիտասարդների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը՝ կարևորելով քննադատական մտածողությունը, ազատ արտահայտվելու իրավունքը և հասարակական գործընթացներում ներգրավվածությունը։
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը և տարբեր թեմաներ։









