- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ դոցենտը գիտական այցով Լեհաստանում էր՝ բացահայտելու քաղցկեղի դեմ պայքարի նոր ուղիներ
Մարտ 13, 2026 | 10:57
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ դոցենտը գիտական այցով Լեհաստանում էր՝ բացահայտելու քաղցկեղի դեմ պայքարի նոր ուղիներ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ««Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի անձնակազմի փոխանակումներ» («MSCA Staff Exchanges») ծրագրի շրջանակում գործուղվել էր Օպոլեի համալսարան (Լեհաստան)՝ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ մշակելու քաղցկեղի առավել արդյունավետ բուժման նոր մեթոդներ: Գործուղման առանցքային նպատակներն էին փորձի փոխանակումն ու նոր հմտությունների զարգացումը։
«Պուրինի de novo բիոսինթեզի խախտում քաղցկեղի դեմ պայքարելու համար՝ մոլեկուլներից դեպի բջիջներ և in vivo ուսումնասիրություններ» («PurHumanDrome») թեմայով դրամաշնորհի շրջանակում կայացած գործուղման նպատակների, հետազոտական նախագծի մանրամասների և ընթացիկ արդյունքների մասին զրուցել ենք ԵՊՀ դոցենտ Հայարփի Սիմոնյանի հետ:
- Տիկի՛ն Սիմոնյան, ո՞րն է նախագծի հիմնական նպատակը:
- Նախագծի շրջանակում կատարվող հետազոտությունների հիմնական նպատակն է խորացնել մեր պատկերացումները պուրինային de novo կենսասինթետիկ ուղու մասին ինչպես առողջ, այնպես էլ քաղցկեղային բջիջներում: Նպատակին կարելի է հասնել քաղցկեղի զարգացման ժամանակ ակտիվացող ATIC ֆերմենտի (5-ամինոիմիդազոլ-4-կարբօքսամիդ ռիբոնուկլեոտիդ տրանսֆորմիլազ/ինոզին 5'-մոնոֆոսֆատ ցիկլոհիդրոլազ) դիմերման նոր և ընտրովի արգելակիչների նախագծման և սինթեզի միջոցով: Այս հետազոտության արդյունքներն ի վերջո կարող են նպաստել քաղցկեղի առավել արդյունավետ բուժման մեթոդների մշակմանը: Մեր հետազոտության հիմնական նպատակը քաղցկեղային բջիջներում ակտիվացող ATIC ֆերմենտի նոր և ընտրովի արգելակիչների սինթեզն է, ինչը կարող է խթանել քաղցկեղի առավել թիրախային և արդյունավետ բուժումը։
- Ի՞նչ խնդիրներ էին դրված լեհաստանյան գործուղման հիմքում:
- Գործուղումը նախ և առաջ նպատակ ուներ խթանելու փորձի փոխանակումն ու նոր հմտություններ ձեռք բերելը։ Գիտական այցի շրջանակում մասնակցել եմ նաև նախագծի հաշվետու միջանկյալ հանդիպմանը (Midterm Meeting), որտեղ ներկայացրել եմ ԵՊՀ-ի՝ որպես նախագծի շահառու անդամի՝ հաշվետու ժամանակահատվածում (նոյեմբեր-հունվար) կատարած աշխատանքները։
- Ինչպե՞ս է ընթանում միջազգային թիմային համագործակցությունը, ի՞նչ արդյունքներ են արդեն գրանցվել:
- Համագործակցությունը երկկողմանի է և արդյունավետ. 2025 թ․ մարտ և հունիս ամիսներին Ֆարմացիայի ինստիտուտը նախագծի շրջանակում հյուրընկալել էր Օպոլեի համալսարանի երեք գիտաշխատողների։ Համատեղ աշխատանքի արդյունքում ԵՊՀ-ում սինթեզվել էր պեպտիդների առաջին շարքը, որոնք ATIC ֆերմենտի պոտենցիալ արգելակիչներ են։ Գործուղման ընթացքում անմիջականորեն ներգրավված եմ եղել հենց այդ սինթեզված պեպտիդների կենսաբանական հատկությունների ուսումնասիրության հետազոտական աշխատանքներում։ Լեհ գործընկերները ջերմորեն հյուրընկալել են ինձ՝ սիրով փոխանցելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ներկայացնելով իրենց երկրի մշակույթը, պատմությունն ու ավանդույթները։
- Հետազոտական ի՞նչ նոր գործիքակազմ և մասնագիտական հմտություններ եք ձեռք բերել։
- Ծանոթացել եմ իզոթերմալ տիտրացիոն միկրոկալորիմետրի (ITC) մեթոդաբանությանը և աշխատանքային սկզբունքներին, մասնակցել եմ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սինթեզված պեպտիդների և ATIC ֆերմենտի փոխազդեցությունների ուսումնասիրություններին՝ կիրառելով նշված սարքավորումը: Սա հատկապես կարևոր էր, քանի որ մեր ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիան նախատեսում է մոտ ապագայում ձեռք բերել նմանատիպ սարքավորում։ Բացի դրանից՝ մասնակցել եմ սինթեզված պեպտիդների ցիտոտոքսիկության ուսումնասիրություններին։ Այս մեթոդաբանությունը նույնպես առանցքային է իմ գիտական ուղղության համար, քանի որ մեր գիտական խումբը զբաղվում է նոր, կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզով:
- Արդյո՞ք այս այցից հետո ԵՊՀ-ի և Օպոլեի համալսարանի միջև կապերը ամրապնդվեցին։ Որո՞նք են հետագա քայլերը:
- Այցի ընթացքում ծանոթացել եմ Օպոլեի համալսարանի առողջապահական գիտությունների, բժշկական, ինչպես նաև քիմիայի և ֆարմացիայի ինստիտուտների նյութատեխնիկական բազային և գիտահետազոտական ուղղություններին։ Նախագծի շրջանակում 2028 թվականին նախատեսվում է ևս մեկ մեկամսյա գործուղում Օպոլեի համալսարան: Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել հետագա համագործակցության համաձայնություններ․ ս․թ․ հոկտեմբերին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտաշխատողները հրավիրված են մասնակցելու «Modern Research Trends in Biomedical Sciences: Many Faces of Health Sciences» միջազգային գիտաժողովին:
Լեհ գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և համատեղ հետազոտությունները գիտական ամուր կամուրջ են ստեղծում ԵՊՀ-ի և Օպոլեի համալսարանի միջև՝ հիմք դնելով նոր ու հավակնոտ նախագծերի:









