- Գլխավոր
- Նորություններ
- Քաղցկեղի բուժման նոր հետազոտություններ՝ Օպոլեի համալսարանի դոցենտի մասնակցությամբ
Հունիս 26, 2025 | 10:52
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Քաղցկեղի բուժման նոր հետազոտություններ՝ Օպոլեի համալսարանի դոցենտի մասնակցությամբ
Օպոլեի համալսարանի (Լեհաստան) բժշկական գիտությունների ինստիտուտի կլինիկական կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, դոկտոր Ագնեժկա Ռոմբել Բրիզեկը այցելել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ՝ քաղցկեղի բուժման բարելավմանն ուղղված հետազոտություններ կատարելու նպատակով:

«Հորիզոն Եվրոպա» նախագծի շրջանակում դոկտոր Ագնեժկա Ռոմբել Բրիզեկը Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում մասնակցում է ATIC ֆերմենտի պոտենցիալ արգելակիչների սինթեզին ուղղված հետազոտական աշխատանքներին: Ներկայացնելով ԵՊՀ-ում կատարվող հետազոտություններն ու սպասվող արդյունքները՝ նա ընդգծեց. «Այստեղ զբաղվում ենք քաղցկեղի բջիջներում ԴՆԹ-ի սինթեզի հիմնական փուլը կասեցնելու համար նախատեսված նոր քիմիական միացությունների սինթեզով։

Այս նախագիծը նշանակալի քայլ է ուռուցքաբանության մեջ նորարարական թերապևտիկ մոտեցումների զարգացման ուղղությամբ և կարող է նպաստել քաղցկեղի զարգացման հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմների ավելի խոր ըմբռնմանը: Հետազոտության հաջորդ փուլում սինթեզված միացությունները կենթարկվեն փորձարկման ինչպես in vitro, այնպես էլ in vivo պայմաններում»:
Խոսելով Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի աշխատակազմի կարողություններից՝ դոկտոր Ագնեժկա Ռոմբել Բրիզեկը նշեց, որ աշխատակազմն ունի բազմամյա բարձր մասնագիտական փորձ պոտենցիալ թերապևտիկ կիրառություններով օրգանական միացությունների սինթեզի ոլորտում. «Նրանց ներգրավվածությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորված «Հորիզոն Եվրոպա» նախագծում ապահովում է ամուր գիտական աջակցություն և զգալիորեն մեծացնում է նախատեսված նպատակներին հասնելու հավանականությունը»:

Օտարերկրյա գիտնականն ընդգծեց, որ Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատողների հետ մեկ ամիս աշխատելը հիանալի առիթ է պոտենցիալ դեղաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի բնագավառում նոր գիտելիքի և հմտությունների ձեռքբերման համար. «Ֆարմացիայի ինստիտուտի հետ համագործակցությունը նաև խթանում է գիտելիքի ու փորձի փոխանակումը՝ ստեղծելով ամուր հիմք ապագայում համատեղ հետազոտական նախաձեռնությունների համար»։
Նշենք, որ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը որպես շահառու ընդգրկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորված «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների ծրագրի «Անձնակազմի փոխանակումներ» (MSCA Staff Exchanges) նախաձեռնության «Պուրինի de novo բիոսինթեզի խախտում քաղցկեղի դեմ պայքարելու համար՝ մոլեկուլներից դեպի բջիջներ և in vivo ուսումնասիրություններ (PurHumanDrome)» («Disrupting purine de novo biosynthesis to fight cancer - from molecules to cells to in vivo studies») թեմայով դրամաշնորհի շրջանակում կատարվող հետազոտական աշխատանքներում։
Նախագծի շրջանակում ԵՊՀ-ում մարտին մեկնարկեց քաղցկեղի բուժման բարելավմանն ուղղված հետազոտությունների առաջին փուլը, որին մասնակցություն ունեցան նաև Օպոլեի համալսարանի (Լեհաստան) քիմիայի և ֆարմացիայի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Պավել Լենարտովիչը և Առողջապահական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր Պժեմիսլավ Դոմաշևսկին: