- Главная
- Node
- Քաղաքը սոցիալական կառուցվածք է. ապրում ենք նույն Երևանում, բայց տարբեր իրականություններում
Июль 03, 2025 | 11:52
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Քաղաքը սոցիալական կառուցվածք է. ապրում ենք նույն Երևանում, բայց տարբեր իրականություններում
Երևանն այսօր ավելի բազմաշերտ է, քան երբևէ. հին Երևանի բակային տարածքներում կառուցվում են բարձրահարկ շենքեր, վարդագույն տուֆը զիջում է ապակեպատ շենքերին, իսկ քաղաքային հորիզոնները բառացիորեն անհետանում են։ Ո՞ւր է տանում այս ճանապարհը երևանցիներին։ Ի՞նչ է տեղի ունենում քաղաքի և քաղաքացու ինքնության հետ։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանի հետ։ Նա «Հետխորհրդային Երևանի քաղաքային տարածքը. ինքնության վերածննդից մինչև անհետացող հորիզոններ» թեմայով իր հետազոտությունը ներկայացրել է «Հաշվետու գիտաժողով-2025»-ի շրջանակում։

-Տիկի՛ն Մելքումյան, ո՞րն է Ձեր հետազոտության թեմայի առանձնահատկությունը։ Ինչո՞ւ հենց այս թեման։
- Սոցիոլոգի համար քաղաքը կենդանի օրգանիզմ է. այն աճում է, փոխվում, զարգանում կամ քայքայվում։ Այդ ամենը հիմնականում արտահայտվում է հենց ճարտարապետության ու քաղաքաշինության միջոցով։ Եթե ճարտարապետությունը կոնկրետ շենքն է, ապա քաղաքաշինությունը դրանց փոխհարաբերությունն է՝ այգիները, ճանապարհները, հրապարակները և այլն։ Այդ համատեքստում քաղաքը ձևավորում է մեզ, մենք՝ քաղաքը։ Բացի դրանցից՝ թեման նաև անձնական է, որովհետև ես երևանցի եմ (ժպտում է)։
- Ինչպիսի՞նն է այսօրվա Երևանը, երբ համեմատում եք Ձեր մանկության կամ երիտասարդության ժամանակաշրջանի Երևանի հետ։
- Բացարձակ տարբեր։ Իմ ուսանողները, որոնք 20 տարով ավելի երիտասարդ են, այլ քաղաք են տեսնում։ Խորհրդային տարիներին, օրինակ, առաջին հարկերը բնակարաններ էին վերևի հարկերի նման։ Իսկ այսօր գրեթե ամբողջությամբ կոմերցիոն տարածքներ են։ Քաղաքի հանրային տարածքների սեփականաշնորհումն ազդում է ոչ միայն արտաքին տեսքի, այլև սոցիալական միջավայրի վրա։

- Մասնավորապես ի՞նչ եք նկատի ունեցել՝ հետազոտության խորագրում արտահայտված «ինքնության վերածնունդ» ասելով։
- Ինքնության վերածնունդը սկսվեց խորհրդային տարիներին՝ 1925-60-ականներին։ Հայաստանը ԽՍՀՄ ժամանակաշրջանում և այդ հասարակարգի թելադրած պայմաններում ճարտարապետության ոլորտում պահպանում և զարգացնում էր ազգային ոճը։ Հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, զարդանախշերը, տուֆի կիրառումը պահպանվում էին՝ շրջանցելով խորհդային իշխանության պահանջները։
- Հետխորհրդային ժամանակաշրջանի փոփոխություններից ի՞նչ կառանձնացնեք։
- Հետխորհրդային Երևանը կտրուկ այլ երանգ ստացավ։ Ամենահայտնի օրինակը Հյուսիսային պողոտան է։ Այն նմանակում է արևմտյան մոդեռն ոճի՝ ապակեպատ բարձրահարկերով, որտեղ ազգային խորհրդանիշ գրեթե չեք գտնի։ Այս շինարարությունը չի համապատասխանում մեր շոգ, փոշոտ, արևոտ քաղաքի պահանջներին։ Մեր քաղաքի առանձնահատկությունը հենց վարդագույն տուֆն էր։ Այսօր շատերին հասկանալի չէ, թե «վարդագույն քաղաք» ասելով ի՞նչ նկատի ունենք։
- Ձեր հետազոտության մեջ նաև փուլեր եք առանձնացնում։ Կարո՞ղ եք ներկայացնել դրանք։
- Այդ փուլերն արտացոլում են պետական քաղաքականության նպատակադրումների և քաղաքի զարգացման միջև կապը։ Խորհրդային շրջանը (1961-1985 թթ.) սոցիալիստական շինարարության ժամանակաշրջանն էր։ Շեշտը դրված էր բազմաբնակարանային շինությունների քանակի վրա, ոչ թե ոճի։ Սակայն, ի տարբերություն խորհրդային այլ հանրապետությունների, հայկական զարդանախշերը պահպանվեցին նաև այս փուլում՝ ինքնությունը չկորցնելու համար։
1986-1992 թվականները «հետխորհրդային ճգնաժամի» շրջան էին։ ԽՍՀՄ-ն փլուզվում էր, ամեն ինչ քանդվում էր, սեփականաշնորհումը անկառավարելի էր։ Հենց այդ տարիներին քաղաքում ի հայտ եկավ մանր բիզնեսը, փողոցներում՝ «դախլներ», փոքր սեղանիկներ և այլն։

Հաջորդ փուլը (1999-2018 թթ.) «վայրի կապիտալիզմի» փուլն է, որը պետական կառավարման, մասնագիտական նորմերի նկատմամբ հարգանքի և վերահսկողության բացակայության շրջան էր։ Ինչ ուզում էին, որտեղ ուզում էին, կառուցում էին։
2018 թվականից հեղափոխության ազդեցությամբ սկսվեց «զարթոնքի» շրջանը։ Հասարակությունն ավելի ակտիվացավ, եղան բնապահպանական և քաղաքաշինական ակցիաներ, քաղաքացիական պահանջներ։
Վերջին փուլը (2022 թվականից) անվանել եմ «անհետացող հորիզոնների» շրջան։ Բարձրահարկերը փակեցին մեր տեսադաշտը, սարերը անհետանում են մարդու տեսադաշտից։ Երբ հորիզոնը չկա, նաև ապագայի զգացողությունն է պակասում։
- Արձանագրած խնդիրների կողքին խոսենք նաև դրականից։ Հյուսիսային պողոտայի մասին հետաքրքիր դիտարկում արեցիք։
- Իհարկե։ Հյուսիսային պողոտան, անկախ նրանից, որ դիմագիծը հայկական չէ, ստեղծեց ժողովրդավարական տարածք։ Այնտեղ կարող ես հանդիպել տարբեր սոցիալական խմբերի, ամենաթանկ բրենդային խանութներից ու սրճարաններից մինչև ամենամատչելին, ազատ մուտք՝ բոլորի համար։
- Ի՞նչն է այսօր ամենաարդիական խնդիրը Երևանի համար։
- Քաղաքը շնչելու տարածքի, մեքենաներից ազատ քայլելու, շփվելու, բակային բաց տարածքների կարիք ունի։ Եթե ուզում ենք մեր ինքնությունը պահպանել, պետք է քաղաքաշինությունը դիտարկենք ոչ միայն որպես շենքերի կառուցում, այլ նաև որպես սոցիալական հարաբերությունների ձևավորում։