- Главная
- Node
- ««Mini MBA»-ը կամուրջ է գիտության և բիզնեսի միջև»․ ԵՊՀ դոցենտ Լուսինե Ալոյան
Января 19, 2026 | 15:50
Գիտություն
Մրցույթներ
««Mini MBA»-ը կամուրջ է գիտության և բիզնեսի միջև»․ ԵՊՀ դոցենտ Լուսինե Ալոյան
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լուսինե Ալոյանի համար ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագիրը դարձավ գիտության և բիզնեսի միջև կամուրջ՝ հնարավորություն տալով գիտական գաղափարները վերածելու շուկայում կիրառելի և արժեք ստեղծող լուծումների։ Ծրագրի արդյունքներով Լուսինե Ալոյանը ճանաչվել է «Mini MBA»-ի հաղթողներից մեկը։
«Որպես գիտնական՝ տեսնում էի, որ բազմաթիվ հետազոտություններ մնում են լաբորատորիաներում՝ առանց հասնելու իրական կիրառության։ «Mini MBA»-ը հնարավորություն տվեց իրագործելու գիտական գաղափարները՝ կամրջելով գիտությունը և շուկան»,- նշում է դոցենտը։
Անդրադառնալով ծրագրին մասնակցելու իր հիմնական շարժառիթներին և հաշվի առնելով, որ մասնագիտացած է ֆիզիկայի ոլորտում՝ Լուսինե Ալոյանն ընդգծում է, որ մասնակցությունը ծրագրին պայմանավորված էր գիտական աշխատանքը ակադեմիական միջավայրից դուրս բերելու և այն իրական մարդկանց իրական խնդիրների լուծման վերածելու ցանկությամբ։ Նրա խոսքով՝ ֆիզիկան տալիս է բնական երևույթների խորքային ըմբռնում, սակայն այդ գիտելիքները արժեք ստեղծող լուծումների վերածելու համար անհրաժեշտ է նաև բիզնես մտածողություն։ Հենց այդ նպատակով էլ նա ցանկացել է սովորել, թե ինչպես կարելի է իր հետազոտությունների արդյունքները բերել դեպի բիզնես և դարձնել կիրառելի։
«Ծրագրի շրջանակում մենք սովորում էինք ոչ թե տեսական բիզնես, այլ գործող բիզնես մտածողություն՝ իրական օրինակների, մենթորների և թիմային աշխատանքի միջոցով»։
Խոսելով «Mini MBA» ծրագրի շրջանակում ձեռք բերած առավել օգտակար գիտելիքների և հմտությունների մասին՝ Լուսինե Ալոյանը առանձնացնում է բիզնես մոդելավորման, շուկայի վերլուծության, արժեքի առաջարկի ձևակերպման, փիթչինգի, ինչպես նաև տեխնոլոգիաների կոմերցիալացման թեմաները։ Նրա խոսքով՝ դրանք այն հմտություններն են, որոնց գրեթե անդրադարձ չի կատարվում ուսումնառության ընթացքում, սակայն դրանք կենսական են նորարարության համար։
«Արդեն պատրաստվում եմ կիրառելու այդ գործիքները իմ մասնագիտական և գիտահետազոտական գործունեության մեջ։ Մասնավորապես՝ «Business Model Canvas»-ը, «Customer discovery» մեթոդը՝ բժշկական ոլորտում իրական կարիքները հասկանալու համար, ինչպես նաև «Lean startup» մոտեցումը՝ տեխնոլոգիան փոքր քայլերով փորձարկելու և ճշգրտելու նպատակով։ Բացի դրանից՝ նախատեսում եմ օգտագործել ֆինանսական մոդելավորումը։ Այս ամենը ինձ օգնում է գիտական նախագիծը դիտարկելու ոչ միայն որպես հետազոտություն, այլև որպես կոնկրետ խնդրի լուծում»,- ասում է ԵՊՀ դոցենտը և հավելում, որ «Mini MBA»-ի ուժը պրակտիկ ուղղվածությունն է։
«Ծրագիրը փոխեց գիտության վերաբերյալ իմ մտածողությունը․ նորարարությունը սկսվում է ոչ թե լաբորատորիայից, այլ կոնկրետ խնդրից»։
Լուսինե Ալոյանի խոսքով՝ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ աշխատանքը հնարավորություն է տվել սեփական գաղափարին նայելու այլ տեսանկյունից, իսկ քննարկումների ընթացքում հաճախ հնչում էին այնպիսի հարցեր, որոնց մասին նա նախկինում չէր մտածել։ Բացի դրանից՝ ծրագրի շրջանակում ձևավորվել է համագործակցություն, որը, նրա գնահատմամբ, կարող է զարգանալ նաև ծրագրի ավարտից հետո։
ԵՊՀ դոցենտի ծրագիրը, արդյունքները և գործնական կիրառելիությունը
- Տիկի՛ն Ալոյան, Ձեր «Նոր սերնդի պորֆիրինային լուսազգայունացուցիչների մշակում հակամանրէային ֆոտոդինամիկ թերապիայի համար» խորագրով ծրագիրը շատ հետաքրքիր է․ կարո՞ղ եք ներկայացնել դրա նպատակն ու կիրառությունը։
- Մեր ծրագիրն ուղղված է ժամանակակից բժշկության գլոբալ խնդիրներից մեկի՝ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրության հաղթահարմանը։ Դրա շրջանակում մենք մշակում ենք լույսով ակտիվացվող մոլեկուլներ, որոնք ընտրովի ոչնչացնում են հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն բակտերիաները՝ չվնասելով շրջակա առողջ հյուսվածքները։ Այս մոտեցումը կարող է լայն կիրառություն ունենալ բժշկության տարբեր ոլորտներում, օրինակ, վերքերի բուժման, մաշկաբանության, ինչպես նաև ատամնաբուժության մեջ՝ առաջարկելով անվտանգ և արդյունավետ այլընտրանք բուժման ավանդական մեթոդների համար։
- Ինչպե՞ս «Mini MBA»-ը նպաստեց Ձեր գաղափարի հստակ ձևակերպմանը և մրցույթին ներկայացնելուն։
- Ծրագիրն ինձ օգնեց ներկայացնելու իմ գիտական գաղափարը պարզ, հասկանալի և արժեքային լեզվով։ Ես սովորեցի, թե ինչպես գիտական խորությունը փոխակերպել ներդրողին կամ գործընկերոջը հասկանալի բիզնես առաջարկի։
- Կա՞ն գործնական մոտեցումներ կամ բիզնես մոդելներ, որոնք նախատեսում եք կիրառել Ձեր գիտական նախագծում։
- Այո՛, ես նախատեսում եմ կիրառել B2B և լիցենզավորման մոդելներ՝ համագործակցելով դեղագործական կամ բժշկական տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների հետ։
- Ի՞նչ քայլեր եք նախատեսում ծրագրի արդյունքները հետազոտական դաշտ տեղափոխելու և կիրառելու ուղղությամբ։ Արդյո՞ք նախատեսում եք Ձեր նախագիծը զարգացնել նաև որպես բիզնես նպատակ՝ մոնետիզացնելու հնարավորությամբ։
- Հաջորդ քայլը փորձնական արդյունքների ամրապնդումն է և հետազոտությունների խորացումը՝ արդեն կիրառական ուղղվածությամբ։ Միաժամանակ, նախագիծը դիտարկում ենք նաև բիզնեսի տեսանկյունից՝ գնահատելով զարգացման և մոնետիզացման հնարավորությունները, որպեսզի գիտական արդյունքը կարողանա վերածվել կայուն և կիրառելի լուծման։
Ստորև՝ բլից հարցեր, որոնք ամփոփում են ծրագրի հաղթողի փորձը և «Mini MBA»-ի ընթացքում գրանցած բացահայտումները։
- «Mini MBA»-ը մեկ բառով։
- Կամուրջ։
- Ամենաօգտակար հմտությունը, որ ձեռք բերեցիք ծրագրի շրջանակում։
- Փիթչինգ։
- Ամենամեծ բացահայտումը ծրագրի ընթացքում։
- Արժեք։
- Տեսությո՞ւն, թե՞ պրակտիկա։
- Պրակտիկա։
- Թիմային աշխատա՞նք, թե՞ անհատական մոտեցում։
- Թիմային աշխատանք։
- Հինգ շաբաթ՝ արա՞գ, թե՞ արդյունավետ։
- Արդյունավետ։
- Գիտություն + բիզնես = ․․․
- Նորարարություն։
- Հաջորդ քայլը «Mini MBA»-ից հետո։
- Ծրագրի իրականացում։