- Главная
- Node
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները աշխատանքային շրջայց են կատարել համալսարանում
Января 20, 2026 | 16:29
Ենթակառուցվածքներ
Կրթություն
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները աշխատանքային շրջայց են կատարել համալսարանում
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) անդամները շրջայց կատարեցին համալսարանի ֆակուլտետների և ինստիտուտների գիտահետազոտական և ուսումնական նորաբաց կենտրոններում ու լաբորատորիաներում, վերանորոգված և ժամանակակից տեխնիկայով վերազինված լսարաններում ու գիտակրթական այլ ստորաբաժանումներում։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների շրջայցը մեկնարկեց Ֆիզիկայի ինստիտուտից․ նրանք այցելեցին Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն, որի ստեղծման աշխատանքները կատարվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և ԵՊՀ ֆինանսավորման շրջանակում։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում նրանք ծանոթացան կատարվող հետազոտություններին և առկա նյութատեխնիկական բազայի հնարավորություններին։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ՀԽ անդամները ծանոթացան գիտակրթական ստորաբաժանումների և ամբիոնների վերանորոգված ենթակառուցվածքներին, ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններին, դահլիճներին և ընթերցասրահներին, որոնք նպաստում են ինչպես ուսումնառության, այնպես էլ գիտահետազոտական գործընթացների արդյունավետությանը։
Շրջայցի հաջորդ կանգառը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն էր․ ՀԽ անդամները այցելեցին «GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոն, ինչպես նաև Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարան, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տեսական, լաբորատոր և գործնական դասընթացների՝ ժամանակակից կրթական միջավայրում։
Հաջորդիվ ՀԽ անդամները ծանոթացան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիաներում կատարված աշխատանքներին, նոր սարքավորումների ընձեռած հնարավորություններին, իրականացվող հետազոտություններին ու առաջիկա ծրագրերին։
Այնուհետև խորհրդի անդամներն այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, որտեղ ԵՊՀ ֆինանսավորմամբ բացվել են վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով վերազինված գիտաուսումնական երեք նոր լաբորատորիաներ՝ Սնկերի, բույսերի բազմազանության և կենսաակտիվության գնահատման, Հյուսվածքաբանության և զարգացման կենսաբանության, ինչպես նաև Մոլեկուլային գենետիկայի ուսումնական լաբորատորիաները։ Դրանք ստեղծվել են գիտական հետազոտությունների համար առավել արդյունավետ պայմաններ ապահովելու և ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Շրջայցի ընթացքում ՀԽ անդամները այցելեցին նաև Տվյալների մշակման նորաստեղծ կենտրոն, որտեղ տեղեկացան գերհամակարգչի ընձեռած լայն հնարավորություններին, գիտական հետազոտություններում և կրթական գործընթացում դրա կիրառման առանձնահատկություններին։
Ծանոթանալով իրականացվող գիտական ծրագրերին, լաբորատոր հնարավորություններին և հետազոտական ուղղություններին՝ նրանք քննարկեցին կրթական և գիտական գործունեության ընթացքը, նյութատեխնիկական պայմանները և զարգացման առաջնահերթությունները։
Շրջայցի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց կրթական և գիտական ստորաբաժանումներում իրականացվող նախագծերը, ծրագրերը, արձանագրած ձեռքբերումները, ինչպես նաև խոսեց ապագա անելիքների մասին։ Քննարկվեցին կրթության որակի բարձրացման և զարգացման առաջնահերթությունները, գիտահետազոտական գործունեության խթանման ուղիները, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների ընդլայնման հնարավորությունները։
Նշենք, որ շրջայցին մասնակցում էին ՀԽ անդամներ Աննա Վարդապետյանը (ՀՀ գլխավոր դատախազ), Հովհաննես Մովսիսյանը (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն), Նարինե Խաչատրյանը (ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ), Աննա Փոլադյանը (ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ) և Հայկ Քոչարյանը (ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ)։













