- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում մեկնարկել է «COST-UniDive» ձմեռային երկրորդ դպրոցը
Հունվար 20, 2026 | 12:05
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում մեկնարկել է «COST-UniDive» ձմեռային երկրորդ դպրոցը
Երևանի պետական համալսարանում անցկացվում է «COST-UniDive» ձմեռային երկրորդ դպրոցը, որը կազմակերպվել է ԵՊՀ «Հայերենի լեզվական տեխնոլոգիաների հետազոտական աշխատարան» պետական նպատակային ծրագրի հետազոտողների նախաձեռնությամբ: Դպրոցը համախմբում է մոտ 20 երկրի 60 մասնակցի և ներառում երեք աշխատաժողով, որոնց շրջանակում ԵՊՀ-ում հյուրընկալվել են բնական լեզվի մշակման ոլորտի շուրջ 20 հետազոտողներ Եվրոպայի լավագույն համալսարաններից։
«Հայերենի լեզվական տեխնոլոգիաների հետազոտական աշխատարան» պետական նպատակային ծրագիրը իրականացման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն։ Այն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային դրամաշնորհի շրջանակում և միավորում է մեկ տասնյակից ավելի հետազոտողների ինչպես հումանիտար և հասարակագիտական, այնպես էլ մաթեմատիկական ու տեխնիկական գիտությունների բնագավառներից։
Ձմեռային դպրոցի շրջանակում քննարկվում են լեզվական բազմազանության հիմնախնդիրները, ինչպես նաև այն, թե որքանով են լեզվական տեխնոլոգիաները հնարավորություն տալիս նկարագրելու և ներառելու աշխարհի լեզուների ողջ բազմազանությունը առօրյա կյանքում և արհեստական բանականության գործիքներում։
Գործընկերության շրջանակում ԵՊՀ-ում հյուրընկալվել են Սակլե (Փարիզ), Կարլի (Պրահա), Ուփսալայի (Շվեդիա), Սաարլանդի (Գերմանիա), Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանների և գիտակրթական հեղինակավոր այլ հաստատությունների ներկայացուցիչներ։
«COST-UniDive» նախագիծը 40-ից ավելի երկրների՝ լեզվական տեխնոլոգիաների և բնական լեզվի մշակման ոլորտում աշխատող գիտնականների ցանց է։
«Արհեստական բանականության, մասնավորապես լեզվական մեծ մոդելների օրեցօր ավելացող կիրառումը շատ ավելի մատչելի է դարձնում թվանշային ծառայություններն առօրյայում։ Սակայն այն նաև մարտահրավեր է լեզվական բազմազանության համար, և այս առումով կարևոր է ուշադրություն դարձնել աշխարհի տարբեր լեզուների թվանշային ներառմանը, ոչ թե կենտրոնանալ այն լեզուների ուղղությամբ, որոնց ներկայացվածությունն արդեն իսկ էական է»,- ձմեռային դպրոցի նպատակների մասին խոսելիս նշեց «COST-UniDive» նախագծի համակարգող նախագահ Ագաթա Սավարին։
ԵՊՀ-ում կազմակերպված ձմեռային դպրոցն անդրադառնում է թվանշային առօրյայի բերած փոփոխությունների ևս մեկ կարևոր առանձնահատկության։
«Առանձնահատուկ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի մեքենաների կողմից ստեղծվող լեզվի լայնածավալ կիրառումը իրականում չաղքատացնի բնական լեզուն, և այս ճանապարհը կանխելու միջոցներից մեկը լեզուների ներքին բազմազանության խթանումն է»,- նշեց Ա․ Սավարին՝ շեշտելով, որ Հայաստանի հարուստ պատմությունն ու լեզվական ժառանգությունը կատարյալ նախադրյալներ են ստեղծում այս միջոցառման համար։
ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, անդրադառնալով նախաձեռնության կարևորությանը, նշեց․ «Առաջիկա օրերին շուրջ 60 մասնակիցներ հնարավորություն կունենան քննարկելու լեզվական բազմազանությանը վերաբերող հարցերը տեխնոլոգիական արդի զարգացումների համատեքստում։ Քննարկումների առանցքային հարցն այն է, թե ինչպես են լեզվական տեխնոլոգիաներն աշխատում լեզվական բազմազանության հետ՝ ընդգրկվելով արդեն մեր առօրյայի մաս դարձած արհեստական բանականության ոլորտում»։
Ըստ Լեզվի կոմիտեի նախագահի՝ մասնագետների համար սա տեխնոլոգիաների զարգացման խնդիր է, իսկ այն մարդկանց համար, որոնք ամեն օր տարբեր նպատակներով օգտվում են արհեստական բանականության գործիքներից, լեզվական տեխնոլոգիաների զարգացումը հաճախ ընկալվում է որպես աներևակայելի «հրաշքների աշխարհ»։
«Դժվար է հավատալ, սակայն լեզվական տեխնոլոգիաներն արդեն փոխել են և շարունակում են փոխել մեր պատկերացումները աշխարհի, լեզուների և դրանց փոխհարաբերությունների մասին։ Այդ փոփոխությունները հնարավոր են դառնում այստեղ հավաքված մասնագետների ամենօրյա համբերատար աշխատանքի և սերտ համագործակցության շնորհիվ»,- ընդգծեց նա։
Սիրանուշ Դվոյանը առանձնահատուկ կարևորեց ԵՊՀ-ում գործող «Հայերենի լեզվական տեխնոլոգիաների հետազոտական աշխատարան» ծրագրի հետազոտական թիմի աշխատանքը, ինչպես նաև ԵՄ գիտության և տեխնոլոգիաների եվրոպական համագործակցության ասոցիացիայի («European Cooperation in Science and Technology», «COST») ներդրած ջանքերը՝ նախաձեռնության իրականացման համար։ Նրա խոսքով՝ սա վառ օրինակ է, թե ինչպես ԵՊՀ ինտեգրումը եվրոպական հետազոտական ենթակառուցվածքներին և նախագծերին կարող է խթանել թվանշային հումանիտար գիտությունների կայացումը և զարգացումը Հայաստանում։
Ձմեռային դպրոցը նաև բուհի, հետազոտական խմբերի, թիրախային գիտական նախագծերի և պետական գերատեսչությունների արդյունավետ գործակցության օրինակ է։
«Գործընկերային այսօրինակ մոդելը կարևոր դերակատարում ունի լեզվական թվանշային ենթակառուցվածքների ձևավորման, լեզվական թվանշային էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև հայերենի լեզվական տեխնոլոգիաների առաջմղման գործում՝ ՀՀ լեզվաքաղաքական առաջնահերթությունների շրջանակում»,- ընդգծեց դպրոցի տեղական կազմակերպիչ Աննա Դանիելյանը։
Հավելենք, որ ձմեռային դպրոցը կշարունակվի մինչև ս․թ․ հունվարի 24-ը:











