- Главная
- Node
- ԵՊՀ-ն՝ եվրոպական լավագույն 500 համալսարանների ցանկում
Марта 18, 2026 | 11:34
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն՝ եվրոպական լավագույն 500 համալսարանների ցանկում
Երևանի պետական համալսարանը վերջին երեք տարիների ընթացքում (2024–2026) անընդմեջ ընդգրկվել է «QS» համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում։ 2026 թ․ մոտ 1500 համալսարանների ցանկում ԵՊՀ-ն զբաղեցրել է 1001-1200-րդ տեղը։ Նույն տարվա տարածաշրջանային՝ «QS» եվրոպական համալսարանների վարկանիշավորման արդյունքներով ԵՊՀ-ն 958 համալսարանների շարքում զբաղեցրել է 487-րդ տեղը՝ 23.2 ընդհանուր միավորով։
2024 թ․ 688 համալսարանների շարքում ԵՊՀ-ն 16.9 ընդհանուր միավորով զբաղեցրել է 415-րդ տեղը, իսկ 2025 թ․ բարելավելով դիրքը՝ 685 համալսարանների շարքում զբաղեցրել է 412-րդ տեղը՝ 17.2 ընդհանուր միավորով:
Չնայած 2026 թ․ ցուցակում մեծ թվով նոր համալսարանների ընդգրկման արդյունքում Երևանի պետական համալսարանը «QS» աղյուսակում հայտնվել է ավելի ցածր դիրքում՝ ընդհանուր միավորը ցույց է տալիս, որ այն 2025 թվականի համեմատ աճել է 34.9%-ով այն դեպքում, երբ 2025 թվականին աճը նախորդ տարվա համեմատ կազմել էր 1.8% (Աղյուսակ 1)։
Տարի | Կարգ | Համալսարանների ընդհանուր թիվ | Ընդհանուր միավոր | Միավորի փոփոխություն նախորդ տարվա համեմատ (%) |
|---|---|---|---|---|
2024 | 415 | 688 | 16.9 | – |
2025 | 412 | 685 | 17.2 | 1․8% |
2026 | 487 | 958 | 23.2 | 34.9% |
Աղյուսակ 1․ ԵՊՀ՝ «QS» եվրոպական համալսարանների վարկանիշավորման արդյունքները (2024-26)
ԵՊՀ ընդհանուր «QS» միավորը ձևավորվել է հետևյալ չափանիշների գնահատման արդյունքում․
- ակադեմիական հեղինակություն,
- բուհի հեղինակությունը գործատուների շրջանում,
- ֆակուլտետում դասախոսների և ուսանողների թվի հարաբերակցություն,
- միջազգային հետազոտական ցանց,
- բուհի մեկ գիտական հրապարակման հաշվով մեջբերումների քանակ,
- մեկ ֆակուլտետի տպագրած գիտական հոդվածների քանակ,
- օտարերկրյա դասախոսների մասնաբաժինը դասախոսական ընդհանուր կազմում,
- օտարերկրյա ուսանողների մասնաբաժինը ուսանողների ընդհանուր կազմում,
- փոխանակման ծրագրերով արտերկրից եկող ուսանողներ,
- փոխանակման ծրագրերով արտերկիր մեկնող ուսանողներ,
- կայուն զարգացում/կայունության ցուցանիշ,
- շրջանավարտների զբաղվածության ցուցանիշ։
2026 թ․ ԵՊՀ ակադեմիական հեղինակության ցուցանիշը բարձրացել է՝ հասնելով 21․7 միավորի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 43․7%-ով, մինչդեռ 2024-2025 թվականներին ցուցանիշը հիմնականում պահպանվել է՝ համապատասխանաբար կազմելով 15․5 և 15․1 միավոր։ ԵՊՀ գործատուների շրջանում հեղինակության ցուցանիշը 2026 թ․ զգալի աճ է արձանագրել՝ հասնելով 16․9 միավորի։ 2024–2025 թթ․ ցուցանիշը գրեթե անփոփոխ է եղել՝ համապատասխանաբար 9․9 և 9․5 միավոր։
Դասախոսների և ուսանողների թվի հարաբերակցության ցուցանիշը 2024-2026 թթ․ հիմնականում պահպանվել է․ 2024 թ․ այն կազմել է 77․8 միավոր, 2025-ին աճել է մինչև 81․4, իսկ 2026 թ․ փոքր-ինչ նվազել՝ հասնելով 80․1 միավորի։
ԵՊՀ միջազգային համագործակցությունների ցուցանիշը, որը ներկայում կազմում է 11․2 միավոր՝ նախորդ տարվա 4․2-ի համեմատ, փաստում է, որ համալսարանը ոչ միայն ընդլայնում է իր միջազգային գործընկերների շրջանակը, այլև ամրապնդում համագործակցությունները, ինչն արտահայտվում է կրկնվող համատեղ գիտական հրապարակումներով։
ԵՊՀ հետազոտական ցուցանիշները 2024–2026 թվականներին ևս ցույց են տալիս որոշակի աճ. բուհի մեկ գիտական հրապարակման հաշվով մեջբերումների քանակը պահպանվել է 1․1 մակարդակում 2024 և 2025 թթ․, իսկ 2026 թ․ աճել է մինչև 1․8։ Համեմատաբար, մեկ ֆակուլտետի տպագրած գիտական հոդվածների քանակը 2024 և 2025 թթ․ պահպանվել է 3․3 մակարդակում, իսկ 2026 թ․ բարձրացել է 4․8, ինչը ցույց է տալիս գիտական հրապարակումների ծավալի որոշակի աճ և դասախոսական կազմի կողմից գիտական աշխատանքների արտադրողականության բարձրացում։
Վերջին տարվա ընթացքում ԵՊՀ-ում աճել է օտարերկրյա դասախոսների և ուսանողների թիվը, ինչը վկայում է համալսարանի միջազգայնացման շարունակվող գործընթացի մասին․ 2026 թ․ օտարերկրյա դասախոսների մասնաբաժինը համալսարանում հասել է 10․9 միավորի՝ նախորդ տարվա 5․5-ի համեմատ, իսկ օտարերկրյա ուսանողների մասնաբաժինը՝ 9․8 միավորի՝ 5-ի համեմատ՝ ցույց տալով միջազգային մասնակցության ցուցանիշի որոշակի աճ թե՛ դասախոսական, թե՛ ուսանողական կազմում։
ԵՊՀ-ում փոխանակման ծրագրերով արտերկրից եկող և արտերկիր մեկնող ուսանողների մասնակցության ցուցանիշը ևս որոշակի աճ է գրանցել․ փոխանակման ծրագրերով արտերկրից եկող ուսանողների մասնակցությունը 2024 թ․ կազմել է 5.2 միավոր, 2025 թ․ աճել է մինչև 23.6, իսկ 2026 թ․ հասել է 41.8 միավորի, ինչը փաստում է օտարերկրյա ուսանողների ներգրավվածության զգալի աճի մասին։ Միևնույն ժամանակ, փոխանակման ծրագրերով արտերկիր մեկնող ուսանողների ցուցանիշը 2024 թ․ կազմել է 50 միավոր, 2025-ին նվազել է մինչև 17.1, իսկ 2026-ին նորից աճել մինչև 32.5 միավոր։
Կայուն զարգացման ցուցանիշը 2026 թ․ ևս նախորդ տարվա համեմատ բարձր աճ է գրանցել՝ 1 միավորից հասնելով 16․4-ի։
Ըստ QS վարկանիշավորման արդյունքների՝ շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը 2024–2026 թթ․ աճել է 77.8-ից մինչև 98.6 միավոր։ 2025 թ․ ցուցանիշը արձանագրել է առավելագույն աճ՝ +18.7 միավոր, որը կազմում է 24% աճ նախորդ տարվա համեմատ, իսկ 2026 թ․ ցուցանիշը գրեթե հասել է առավելագույն մակարդակի՝ 98.6 միավորի։
Այսպիսով, «QS» եվրոպական համալսարանների վարկանիշավորման արդյունքները ցույց են տալիս, որ չնայած որոշ ոլորտներում ցուցանիշները դեռ համեմատաբար ցածր են, 2026 թ․ ԵՊՀ-ն գրանցել է ընդհանուր բարելավում հիմնական գնահատվող ոլորտներում։ Միջազգային ներգրավվածության ցուցանիշը դեռ համեմատաբար ցածր է, սակայն առկա է աճի միտում, իսկ բուհի հետազոտական ցուցանիշները, չնայած որոշակի առաջընթացին, դեռ շարունակում են պահանջել լրացուցիչ բարելավումներ։ Կայուն զարգացման ոլորտում ցուցանիշները նույնպես համեմատաբար ցածր են, ինչը շեշտում է հետագա քայլերի անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ակադեմիական հեղինակության, գործատուների շրջանում հեղինակության, դասախոսների և ուսանողների հարաբերակցության, միջազգային շարժունության և շրջանավարտների զբաղվածության ոլորտներում նկատվում է նշանակալի առաջընթաց։
Նշենք նաև, որ ՀՀ-ից վարկանիշավորմանը մասնակցել են երեք բուհեր, որոնցից միայն ԵՊՀ-ն է ընդգրկվել ցանկում: