- Главная
- Node
- «Աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար կարևոր է բուհում աշխատել իրական նախագծերի շուրջ». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրի փորձի մասին
Апрель 08, 2026 | 14:30
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
«Աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար կարևոր է բուհում աշխատել իրական նախագծերի շուրջ». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրի փորձի մասին
Անուշիկ Մուրադյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի ուսանող է։ Նա «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է արտերկրում՝ Վառնայի կառավարման համալսարանում, որտեղ ծանոթացել է բազմամշակութային միջազգային կրթական միջավայրին, ընդլայնել իր մասնագիտական գիտելիքները և ձեռք բերել արժեքավոր փորձ, որը, ինչպես ինքն է նշում, մեծ ներդրում է հետագա մասնագիտական գործունեության համար։
«Ուսումնառության ընթացքում ուսումնասիրել եմ մասնագիտական մի շարք առարկաներ՝ մարքեթինգային ռազմավարությունների մշակման և շուկայի վերլուծության հիմունքներ, զբոսաշրջության կառավարման և զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման գործընթացներ, բրենդի ստեղծման և բրենդային կառավարման սկզբունքներ, ինչպես նաև սպառողների և հաճախորդների վարքագծի ուսումնասիրություն ծառայությունների շուկայում»,- նշում է Անուշիկը։
Նա ընդգծում է՝ դասընթացները կազմակերպված էին այնպես, որ ուսանողները ոչ միայն ստանան տեսական գիտելիքներ, այլև կիրառեն դրանք գործնական առաջադրանքներ կատարելիս և թիմային նախագծերում։ Այս համատեքստում ուսանողն ասում է․ «Այդ փորձը մեծապես նպաստեց իմ մասնագիտական մտածողության զարգացմանը և հնարավորություն տվեց հասկանալու միջազգային շուկայի առանձնահատկությունները»։
Անուշիկը աշխատել է իրական բիզնես օրինակների վրա, վերլուծել զբոսաշրջային տարբեր ընկերությունների և հյուրանոցային կազմակերպությունների գործունեությունը, քննարկել նրանց մարքեթինգային մոտեցումներն ու հաճախորդների սպասարկման ռազմավարությունները։ Նրա խոսքով՝ նախագծերի քննարկումների ընթացքում ուսանողները ներկայացնում էին տարբեր երկրների փորձն ու շուկայի առանձնահատկությունները։
«Այս ձևաչափը հնարավորություն տվեց ոչ միայն խորացնելու տեսական գիտելիքները, այլև զարգացնելու վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքի կարողությունները և գիտական թեմա ներկայացնելու հմտությունները»,- նշում է նա:
Ըստ Անուշիկի՝ արտերկրում ուսումը շարունակելուն նախ և առաջ նպաստեց միջազգային փորձ ձեռք բերելու և կրթական տարբեր համակարգերի ծանոթանալու իր ձգտումը։
«Ինձ համար կարևոր էր բազմամշակութային միջավայրում սովորելու հնարավորությունը, քանի որ նման միջավայրում ուսանողները հնարավորություն են ստանում մասնագիտական հարցերը դիտարկելու տարբեր մշակույթների և մտածելակերպերի տեսանկյունից։ Իմ կարծիքով՝ սա հատկապես կարևոր փորձ է մարքեթինգի և զբոսաշրջության ոլորտում աշխատելու համար»,- ընդգծում է նա:
Խոսելով արտերկրի բուհի դասախոսների մոտեցումների մասին՝ նա մատնանշում է, որ մեծ ուշադրություն էր դարձվում ուսանողների տեսակետներին։
«Դասախոսները խրախուսում էին քննարկումները և դասընթացները կազմակերպում այնպես, որ ուսանողները ակտիվ մասնակցություն ունենան դասերին։ Ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ Վառնայի կառավարման համալսարանում դասախոսները բարձր պատրաստվածություն ունեն և մեծ փորձ իրենց ոլորտում։ Երկու համալսարաններում էլ նրանք առանձնանում են մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և ուսանողների նկատմամբ ընկերական, բայց միևնույն ժամանակ պահանջկոտ վերաբերմունքով»,- փաստում է ԵՊՀ ուսանողը։
Անուշիկն իր ուսանող ընկերներին, որոնք եվրոպական և ասիական տարբեր երկրներից էին, ներկայացրել է Հայաստանի պատմության կարևորագույն դրվագները, հայկական մշակույթն ու ավանդույթները, հայկական խոհանոցը և երկրի զբոսաշրջային հնարավորությունները։
Ներկայում նա աշխատում է իր ավարտական աշխատանքի վրա, որի թեման վերաբերում է հյուրանոցային ոլորտում մարքեթինգին և ծառայությունների որակին։
«Այս թեման ինձ հատկապես հետաքրքիր է, քանի որ ժամանակակից զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտում ծառայությունների որակն ու մարքեթինգային ճիշտ ռազմավարությունը մեծապես ազդում են կազմակերպության հաջողության վրա։ Իմ ուսումնասիրությունները հիմնականում ուղղված են հասկանալու, թե ինչպես կարող են հյուրանոցային կազմակերպությունները մատուցել ավելի բարձրորակ ծառայություններ հաճախորդներին և բարձրացնել իրենց մրցունակությունը շուկայում»,- շեշտում է նա։
Ուսանողի կարծիքով՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար կարևոր է մասնակցել ոլորտի մասնագետների դասախոսություններին, ինչպես նաև բուհում աշխատել իրական նախագծերի շուրջ։
Անուշիկը, ուսմանը զուգահեռ, աշխատում է նաև հաճախորդների սպասարկման ոլորտում՝ տեսական գիտելիքները կիրառելով գործնականում։ Նրա խոսքով՝ սա մեծ հնարավորություն է ավելի լավ հասկանալու հաճախորդների պահանջմունքներն ու սպասելիքները։
ԵՊՀ ուսանողը ցանկանում է արտերկրում ստացած գիտելիքները կիրառել հատկապես զբոսաշրջության և հյուրանոցային ծառայությունների ոլորտում։
«Այս ոլորտը այսօր արագ է զարգանում և մեծ նշանակություն ունի երկրների տնտեսական զարգացման համար»,- ասում է Անուշիկը և հավելում, որ ապագայում ցանկանում է իր մասնագիտական գիտելիքներով նպաստել Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը՝ կիրառելով միջազգային փորձն ու նորարարական մոտեցումները։