- Главная
- Node
- ԵՊՀ-ում գործարկվել է «Եվրասիական ուսումնասիրություններ» մագիստրոսական նոր ծրագիրը
Май 08, 2026 | 16:39
Կրթություն
ԵՊՀ-ում գործարկվել է «Եվրասիական ուսումնասիրություններ» մագիստրոսական նոր ծրագիրը
Միջգիտակարգային նոր ծրագիրը միտված է հետխորհրդային Եվրասիայի արդի քաղաքական, հասարակական և մշակութային գործընթացների խորքային ուսումնասիրմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանին, Հայաստանին և Հարավային Կովկասին։
Ծրագրի նպատակները
Մեկուկես տարի տևողությամբ ծրագիրը մշակվել է ԵՊՀ միջազգայնացման ռազմավարության շրջանակում և միտված է ներգրավելու ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողների, որոնք հետաքրքրված են հետխորհրդային Եվրասիայի ժամանակակից հասարակությունների, մշակույթների, քաղաքական գործընթացների և տարածաշրջանային փոխկապակցվածությունների խորքային ուսումնասիրմամբ։
Ծրագիրը կենտրոնացած է հետխորհրդային Եվրասիայի պատմաքաղաքական լայն տարածքի վրա՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանին, Հայաստանին և Հարավային Կովկասին։ Այն հնարավորություն կտա ուսումնասիրելու տարածաշրջանում ընթացող արդի վերափոխումները, աճող գլոբալ լարվածությունների ազդեցությունը, հետխորհրդային Ռուսաստանի քաղաքական զարգացումները, ինչպես նաև Հայաստանի սոցիոմշակութային և քաղաքական մարտահրավերները՝ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։
Միջգիտակարգային մոտեցում
Մագիստրոսական նոր ծրագիրը ձևավորվում է միջազգային հարաբերությունների մասնագիտացման շրջանակում և միավորում է մի շարք ակադեմիական ուղղություններ՝ տարածքային ուսումնասիրություններ, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա, մշակութային մարդաբանություն, պատմություն, ինչպես նաև մշակութային և հիշողության ուսումնասիրություններ։ Այս համադրությունը ծրագրին տալիս է միջգիտակարգային բնույթ և ապահովում տարածաշրջանի համակողմանի ուսումնասիրության հնարավորություն։
Դասընթացներ և թեմաներ
Ծրագրի դասընթացների շրջանակում նախատեսվում են թեմաներ, որոնք վերաբերում են՝
հետխորհրդային Եվրասիայի ապագաղութացման գործընթացներին,
Ռուսաստանի նոր և ժամանակակից պատմությանը,
տարածաշրջանային քաղաքականությանն ու անվտանգությանը,
Կովկասի էթնիկական և ազգային հակամարտություններին,
21-րդ դարի մշակութային հիշողությանը, մեդիա վերափոխումներին,
ժողովրդավարության տեսությանն ու պրակտիկային,
քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև ռուսերենին և հայերենին,
մասնագիտական հայերեն և ռուսերեն։
Առաջարկվող այլ դասընթացները կներառեն 20-րդ դարի մշակութային հիշողությունը, ներկայիս մեդիա փոխակերպումները և մշակութային պատերազմները, Կովկասի էթնիկ և մշակութային բազմազանությունը, քաղաքացիական հասարակության տեսությունն ու պրակտիկան, Հայկական սփյուռքը սփյուռքի ուսումնասիրությունների համատեքստում, արվեստն ու գրականությունը հետխորհրդային Եվրասիայում, Վրաստանի ժամանակակից պատմությունը։
Ո՞վ կարող է դիմել
Ծրագիրը նախատեսված է ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա այն ուսանողների համար, որոնք արդեն ունեն ակադեմիական հետաքրքրություն կամ նախնական պատրաստվածություն ռուսական, եվրասիական կամ կովկասյան ուսումնասիրությունների ոլորտներում։ Մասնակիցների մի մասը կարող է ներգրավվել նաև «Էրազմուս+» ծրագրերում և ԵՊՀ-ի ու օտարերկրյա բուհերի միջև գործող երկկողմ համագործակցությանը։
Դասախոսական կազմ
Դասավանդումը կիրականացնեն ԵՊՀ հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրյալ դասախոսներ և հետազոտողներ արտերկրից։
Կարիերայի հեռանկարներ
Ծրագրի շրջանավարտները կստանան տեսական գիտելիքներ և գործնական կարողություններ, որոնք կարող են կիրառել՝
դիվանագիտության ոլորտում,
միջազգային կազմակերպություններում,
հետազոտական և կրթական հաստատություններում,
մեդիայի ոլորտում,
տարածաշրջանային համագործակցությանն առնչվող մասնավոր և հասարակական կառույցների գործունեության մեջ։
Ծրագիրը միտված է պատրաստելու մասնագետների, որոնք հնարավորություն կունենան մասնագիտական գործունեություն ծավալելու ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրասիական միջավայրում։