- Գլխավոր
- Նորություններ
- «Այս գիրքը գրվել է ոչ թե թանաքով կամ գրչով, այլ սիրով». լիբանանցի գործարար և գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալ
Մայիս 08, 2026 | 10:00
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Այս գիրքը գրվել է ոչ թե թանաքով կամ գրչով, այլ սիրով». լիբանանցի գործարար և գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ լիբանանցի գործարար և գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալի «Հայաստան... մահ և վերածնված կյանք» գրքի շնորհանդեսը՝ վերածվելով ոչ միայն գրական, այլև մշակութային կարևոր իրադարձության և հայ-լիբանանյան բարեկամության խորհրդանշական հանդիպման։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել դիվանագիտական, ակադեմիական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների՝ ընդգծելով գրքի շուրջ ձևավորված մեծ հետաքրքրությունն ու դրա գաղափարական նշանակությունը։
Գիրքը պատմում է Հայաստանի, հայ ժողովրդի պատմական հիշողության, քրիստոնեական ինքնության և ազգային դիմակայունության մասին։ Հեղինակը ներկայացնում է մի ժողովրդի պատմություն, որը, հաղթահարելով ցեղասպանության ու պատմական ծանր փորձությունների ցավը, կարողացել է վերածնվել, պահպանել իր մշակույթն ու շարունակել ստեղծարար ընթացքը։ Գրքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվում հայ ժողովրդի համաշխարհային ներդրմանը ճարտարագիտության, բժշկության, արվեստի, աստղագիտության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ գիրքը յուրօրինակ կամուրջ է Հայաստանի և Լիբանանի միջև՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և մշակութային կապերի վրա։ Նրա խոսքով՝ հայերը, հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո, կարևոր դերակատարում են ունեցել Լիբանանի հասարակական ու մշակութային կյանքում, իսկ այսօր երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ստեղծելով համագործակցության նոր հեռանկարներ։ Ռեկտորը նաև հույս հայտնեց, որ Լիբանանի հետ համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով կրթական և գիտական նոր ծրագրեր։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ խորհրդանշական է, որ ՀՀ-ում Լիբանանի դեսպանի առաջին այցը ֆակուլտետ տեղի ունեցավ հենց Հայաստանի մասին սիրով գրված գրքի շնորհանդեսի շրջանակում։ Նրա խոսքով՝ հայ-լիբանանյան գործակցության մեկնարկը գրքի և սիրո հիմքի վրա կարևոր ու խոսուն խորհրդանիշ է։ Ռուբեն Մելքոնյանը նաև ընդգծեց, որ գրքում հետաքրքիր տեսանկյունից է ներկայացվում, թե ինչպես կարող է ոչ հայ հեղինակը խորապես զգալ ու փոխանցել Հայաստանի հանդեպ իր սերը։
ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը մատնանշեց, որ մեծ պատիվ է նման հեղինակավոր կրթական հաստատությունում մասնակցել հայ-լիբանանյան մշակութային համագործակցության հերթական կարևոր իրադարձությանը։ Նրա գնահատմամբ՝ գիրքը վկայում է երկու ժողովուրդների միջև ձևավորված պատմական ու բարեկամական ամուր կապերի մասին։ Դեսպանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է ընդլայնել ԵՊՀ-ի և լիբանանյան կառույցների համագործակցությունը կրթաթոշակային ծրագրերի, դասախոսների վերապատրաստումների և փոխըմբռնման հուշագրի ստորագրման միջոցով։
Նիկոլաս Աբու Ֆեյսալը, որը շուրջ մեկ տասնամյակ բնակվում է Հայաստանում, նշեց, որ այս գիրքը ստեղծվել է ոչ թե պարզապես ուսումնասիրության, այլ խոր զգայական կապի արդյունքում։ Հատկանշական է, որ հեղինակը 2014 թվականին ՀՀ Տավուշի մարզում հիմնադրել է «Գարդենիա Լիբանանի ֆերմաներ» ընկերությունը՝ զբաղվելով պեկանի և ընկույզի այգիների մշակմամբ և փորձելով առավել մոտիկից ճանաչել հայկական կյանքն ու մշակույթը։
Հեղինակի խոսքով՝ գիրքը նվիրված է արաբ ընթերցողներին՝ նպատակ ունենալով ներկայացնելու հայկական քաղաքակրթության արժեքները, պատմական հիշողությունն ու հոգևոր ամրությունը։
«Այս գիրքը գրվել է ոչ թե թանաքով կամ գրչով, այլ սիրով»,- նշեց Նիկոլաս Աբու Ֆեյսալը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բացառիկ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է ողբերգությունից հետո վերածնվել և շարունակել արարեl:
Շնորհանդեսը վերածվեց մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակի՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ գրականությունը կարող է միավորել ժողովուրդներին, ստեղծել նոր կամուրջներ և պատմել պատմության, հիշողության ու մարդկային արժանապատվության մասին։
Նշենք, որ շնորհանդեսին իրենց պատվավոր ներկայությունն ունեին ՀՀ-ում Լիբանանի, Կատարի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանները, ինչպես նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները:











