- Главная
- Node
- «Լոբբինգը կարևոր և գաղտնի թիկունքային գործոն է խաղաղության հաստատման և հակամարտությունների թուլացման գործընթացում». Մեթյու Քրոստոն
Май 22, 2026 | 14:14
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
«Լոբբինգը կարևոր և գաղտնի թիկունքային գործոն է խաղաղության հաստատման և հակամարտությունների թուլացման գործընթացում». Մեթյու Քրոստոն
Բոուիի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Մեթյու Քրոստոնը դասախոսում է նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նա հեռավար անցկացնում է ֆակուլտետի կրթական ծրագրում ներառված «Լոբբինգը համաշխարհային քաղաքականությունում» դասընթացը:
Պրոֆեսոր Մեթյու Քրոստոնի հետ զրուցել ենք հեռավար դասավանդման հմտությունների, լոբբինգի դերի, հայաստանյան հաջողված լոբբինգային նախաձեռնությունների, ինչպես նաև ԵՊՀ հետազոտողների հետ համատեղ գիտական նախագծերի իրականացման մասին:
- Պարո՛ն Քրոստոն, ի՞նչ արդիական մեթոդներ եք կիրառում ԵՊՀ ուսանողների հետ հեռավար դասավանդման ընթացքում:
- Իմ մոտեցումներն ու ռազմավարությունները հիմնականում նպատակ ունեն ԵՊՀ ուսանողների շրջանում մեծացնելու հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ։ Վերջիվերջո, ուսանողների համար հեռավար դասախոսությունների ամենամեծ դժվարությունը այն է, թե արդյոք դասախոսը պատրաստ է իրենց «ներգրավելու» ուսուցման տարբեր ոճերի և մասնակցության հնարավորությունների միջոցով, ինչպես նաև ապահովելու, որ բոլորն ունենան միևնույն ակնկալիքներն ու պատկերացումը վարքագծի և առաջադիմության վերաբերյալ։ Ես դա անում եմ տարբեր եղանակներով․ օգտագործում եմ «breakout room»-եր խմբային աշխատանքի, ուսանողների քննարկումների համար, խրախուսում եմ առցանց հարթակում («Zoom») նամակագրության բաժնի («chat»-ի) հնարավորությունների օգտագործումը հարցուպատասխանի և ակնթարթային գործակցության համար։ Բացի դրանից՝ մշակում եմ թվային վարքագծի կանոնագիրք, հստակ հաղորդում եմ գնահատման չափանիշներն ու արձագանքման ժամկետները, օգտագործում եմ տեսողական նյութեր կամ ինֆոգրաֆիկաներ, որպեսզի կանոններն ու ուղեցույցներն ավելի հեշտ հիշվեն։
Առցանց քննարկումների համար նշանակում եմ հերթափոխվող ուսանող-մոդերատորներ, պարբերաբար կազմակերպում եմ անհատական հանդիպումներ ուսանողների հետ, կիսվում եմ թեմային համապատասխան ընտրված յութուբյան տեսացանկերով կամ «TED Talks»-երով, հնարավորություն եմ տալիս ներկայացնելու հանձնարարությունները տարբեր ձևաչափերով (տեսանյութ, աուդիո, էսսե, սահիկաշարեր), կազմակերպում եմ կանոնավոր հարցուպատասխան, հանդիպումներ կամ վիրտուալ սուրճի ժամեր:
Այս ամենը, իհարկե, հաջողված դասընթացի որևէ «կախարդական բանաձև» չէ։ Սակայն միասին վերցրած՝ դրանք ԵՊՀ ուսանողներին փոխանցում են այն գաղափարը, որ դասախոսը հոգ է տանում նրանց հաջողության մասին և նվիրված է այդ հաջողությանը նպաստելուն։
- Այսօր ի՞նչ դեր ունի լոբբինգը համաշխարհային քաղաքականությունում:
- Չնայած շատերը կարծում են, որ լոբբինգը հիմնականում վերաբերում է ներքին քաղաքականությանը և/կամ տնտեսական հարցերին, իրականությունը այն է, որ լոբբինգը կարևոր, գաղտնի թիկունքային գործոն է խաղաղության հաստատման և հակամարտությունների թուլացման գործընթացում։ Լոբբիստական ջանքերի ձախողումը Իսրայելում, Ուկրաինայում, իսկ այժմ նաև Իրանում հակամարտությունների շարունակման, որոշ մասնագետների դիտարկմամբ նաև սրման գլխավոր պատճառներից մեկն է: Նույնիսկ հիմա, երբ նախագահ Թրամփը ներկայում այցելում է Չինաստան, նախագահ Սի Ցզինպինը հստակ ցույց է տալիս, թե որքան կարևոր է լոբբինգը․ նրա սկզբնական հայտարարությունները նախագահական այցի ընթացքում պարզ ցույց տվեցին, որ Չինաստանի համար ամենակարևոր հարցն այն է, որ համոզեն Թրամփին չհամարել, որ ԱՄՆ գործողություններն Իրանում կարող են կապ ունենալ Թայվանի հետ ապագա գործողությունների հնարավորությունների հետ։ Այս բարձր մակարդակի բանակցությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան մի կողմի լոբբինգը մյուսի նկատմամբ՝ կիրառելով հատուկ և վաղուց հաստատված մեթոդներ, որոնք տասնամյակներ առաջ հայտնի են դարձել հենց լոբբիստների կողմից:
- Խրախուսո՞ւմ եք ուսանողների ներգրավումը միջազգային լոբբինգի գործընթացներում:
- Խոսքը ոչ այնքան նրանց՝ միջազգային լոբբիստական գործընթացներում ներգրավումը խրախուսելու մասին է, որքան առկա տարբեր հնարավորություններին, ինչպես նաև այն հասանելի ուղիներին ծանոթացնելու մասին, որոնցում նրանք կարող են ցանկության դեպքում ներգրավվել հետագայում: Այսօրվա իրականությունն այն է, որ համաշխարհային «Զեթ սերունդը» (որին պատկանում են ներկայիս բոլոր ուսանողները) հակված է շատ նեղ կենտրոնացվածության, ինչը հիմնականում սոցիալական մեդիայի հանդեպ նրանց հավատարմության և սեփական որոնողական ալգորիթմների զոհը դառնալու հետևանքն է: Ամենակարևորը ուսանողներին օգնելն է հասկանալու, թե որքան ընդարձակ ու հրապուրիչ է աշխարհը այդ ալգորիթմներից դուրս՝ անկախ նրանից, թե տվյալ կիսամյակում ինչ առարկա ենք դասավանդում:
Լոբբիստական նախաձեռնությունների համար սա, անկասկած, արդիական է, քանի որ աշխարհում բառացիորեն կան տասնյակ հազարավոր լոբբիստական խմբեր և նախագծեր, որոնցից յուրաքանչյուրն ունի առցանց ինտերակտիվ ներկայություն և բոլորն էլ հետաքրքրված են իրենց հասանելիությունն ու շրջանակը ընդլայնելով, ինչպես նաև «գործին միանալու» պատրաստակամ հետևորդներ ձեռք բերելով։ Մենք սա արեցինք ԵՊՀ ուսանողների հետ՝ նրանց իրազեկելու այն մասին, թե ինչ է հնարավոր իրենց ապագայի համար: Իսկապես հուզիչ ժամանակներ են:
- Կարո՞ղ եք առանձնացնել հաջողված կամ ուշադրության արժանի հայաստանյան լոբբինգային նախաձեռնություններ, որոնք իրականացվել են վերջին տարիների ընթացքում:
- Շատ կարևոր է, որ ուսանողները հավատան դասախոսի՝ լրիվ նոր, իրենց անհայտ, սակայն հավաստի տեղեկություն տրամադրելու կարողությանը, ուստի ես կենտրոնացա հայկական լոբբիստական նախաձեռնությունների վրա այստեղ՝ Միացյալ Նահանգներում, որտեղ բնակվում եմ: Ես զգացի, որ սա կրկնակի կարևոր կլինի ԵՊՀ ուսանողների համար, քանի որ իրավացիորեն կռահեցի, որ նրանք տեղյակ չէին, որ Հայաստանն ունի լոբբիստական որևէ ազդեցություն ԱՄՆ-ում, և նրանք իրական գիտելիքներ չունեին հայկական համաշխարհային սփյուռքի ներկայիս գործերի և առաջնահերթությունների վերաբերյալ: Ի հայտ բերված ոլորտներից մի քանիսը հետևյալն են.
Տասնամյակներ շարունակ ամերիկահայ կազմակերպությունները, ինչպիսիք են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը («ANCA») և Ամերիկայի հայկական համագումարը («AAA»), պայքարել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս ջանքերն իրենց գագաթնակետին հասան Կոնգրեսի երկկուսակցական ճանաչմամբ և նախագահ Բայդենի ուղերձով, ինչը դիվանագիտական մեծ հաղթանակ էր Հայ դատի համար։
Զանգվածային մոբիլիզացիայի և նպատակաուղղված լոբբինգի շնորհիվ հայկական խմբերին հաջողվել է ուժի մեջ պահել «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ բանաձևը, որը սահմանափակում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։
2026 թվականին «ANCA»-ի կողմից աջակցվող օրենսդիրները նամակներ են հղել Կոնգրեսին՝ պահանջելով 30 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության համար, 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ Ղարաբաղի հայերի համար, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելք և պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ՝ «Մագնիտսկու գլոբալ ակտ»-ի շրջանակում։
ՀՀ Կառավարությունը վարձել է այնպիսի ընկերություններ, ինչպիսին է «First Channel America, Inc.»-ը՝ ԱՄՆ-ում գովազդային և մշակութային ծրագրեր իրականացնելու համար, որոնց նպատակն է ձևավորել հանրային ընկալումը և ընդհանուր առմամբ ամրապնդել Հայաստանի «փափուկ ուժը»։
- ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանի հետ Դուք կատարում եք համատեղ հետազոտություն՝ «Հետխորհրդայի ինտեգրացիոն մոդելների վերափոխումները երեք ճգնաժամերի համատեքստում» թեմայով: Ինչո՞ւ ընտրեցիք այդ թեման, ո՞րն է թեմայի արդիականությունը, ինչպե՞ս եք հանրայնացնելու հետազոտության արդյունքները:
- Սա չափազանց հետաքրքիր և մեծ ազդեցություն ունեցող նախագիծ է։ Առանց չափից ավելի մանրուքների մեջ խորանալու՝ մեր բացահայտումները ցույց են տալիս, որ վերլուծված ճգնաժամերը խոր ազդեցություն են ունեցել ինտեգրացիոն մոդելների վրա՝ երբեմն հանգեցնելով կառուցվածքային դեֆորմացիաների, որոնք մինչ օրս հաշվի չեն առնվել ո՛չ ակադեմիական շրջանակներում, ո՛չ էլ իրական քաղաքականության դաշտում։
Ճգնաժամային պայմաններում Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ցուցաբերել է կենսունակության զարմանալի աստիճան և պետք է դիտարկվի որպես Մեծ եվրասիական ինտեգրման հիմնարար շրջանակ՝ միևնույն ժամանակ շարունակելով ծառայել որպես դիվանագիտական երկխոսության հարթակ։ Այս փաստերի վերհանումը նոր, ավելի դրական լույս է սփռում այն պետությունների վրա, որոնք մինչ այժմ մեծապես անտեսված են եղել կամ քիչ են հաշվի առնվել:
Ի վերջո, մենք, անշուշտ, կցանկանայինք տպագրված տեսնել այս հետազոտությունը «Scopus»-ի առաջատար գիտական ամսագրում, բայց ինձ համար թերևս ավելի կարևոր է, որ այս աշխատանքը հայտնվի ողջ աշխարհի գործող դիվանագետների ձեռքում և դառնա քաղաքականություն մշակողների սեղանի գիրքը: Կատարել հետազոտություն, որը թե՛ ակադեմիական առումով խիստ է (հիմնավոր), թե՛ իրական աշխարհում ազդեցիկ, միշտ այն նպատակն է, որին ես ձգտում եմ հասնել: