- Главная
- Node
- ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 7 մեդալով և Գրան պրի մրցանակով
Июнь 19, 2026 | 16:16
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 7 մեդալով և Գրան պրի մրցանակով
Ինդոնեզիայի Բալի կղզում օրերս կայացած Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայում Հայաստանի պատվիրակությունը գրանցել է բացառիկ արդյունքներ։ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաները, որոնք ևս ՀՀ պատվիրակության կազմում էին, վերադարձել են 7 մեդալով և գլխավոր՝ Գրան պրի մրցանակով։
Այս տարի օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 214 ներկայացուցիչներ աշխարհի 7 երկրներից՝ Ինդոնեզիայից, Վիետնամից, Թայլանդից, Մալայզիայից, Հայաստանից, Ռուսաստանից և Ռումինիայից:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը, խոսելով միջազգային հարթակներում արձանագրվող հաջողությունների մասին, փաստեց, որ դպրոցի սաներն արդեն երրորդ տարին են մասնակցում այս մրցույթին, և արդյունքները գնալով ավելի տպավորիչ են դառնում։
«Մասնակցության առաջին տարում ունեցել ենք երկու մասնակից, որոնք նվաճել ենք մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Հաջորդ տարի ունեցել ենք հինգ մասնակից, որոնք նվաճել են մեկ բրոնզե և չորս արծաթե մեդալ։ Իսկ այս տարի եզրափակիչ անցած ութ մասնակիցներից Բալի մեկնեցին յոթը (ցավոք, սովորողներից մեկը չկարողացավ մեկնել)։ Արդյունքում ունենք յոթ մասնակից, յոթ մեդալ և մեկ Գրան պրի։ Այս տեսանկյունից կարելի է ասել, որ գնալով անհամեմատ առաջընթաց ենք գրանցում»,- ընդգծեց նա։
Դպրոցի տնօրենն առանձնակի հպարտությամբ նշեց, որ հաջողության են հասել նաև 10-րդ դասարանի աշակերտները, որոնք դպրոցի օլիմպիական խմբակին անդամակցել են ընդամենը 6-7 ամիս. նրանցից մեկն արժանացել է արծաթե, մյուսը՝ բրոնզե մեդալի։ Ըստ Արամ Խաչատրյանի՝ հաջողության գրավականը հետևողական աշխատանքն է։
«Աշակերտները պետք է ունենան օլիմպիական մտածողություն և ծանոթ լինեն միջազգային օլիմպիադայի չափանիշներին, որ կարողանան հաջողություններ գրանցել»,- ասաց նա։
Օլիմպիական խմբակի ղեկավար, կ․գ․դ․, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանը մանրամասնեց, որ օլիմպիադայի առաջին երկու փուլերն անցնում են Հայաստանում՝ առցանց ձևաչափով, թեստային տարբերակով։ Սահմանված անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները մեկնում են Ինդոնեզիա՝ առկա ձևաչափով վերջնական փուլին մասնակցելու համար։
«Օլիմպիական խմբակի պարապմունքները սկսում ենք սեպտեմբերի սկզբից․ շաբաթական առնվազն երկու հանդիպում ենք ունենում։ Երբ պարզեցինք, որ Կիրառական կենսաբանության մրցույթի յոթ մասնակից ունենք, պարապմունքները ավելի ինտենսիվ դարձրինք»,- նշեց Սեդա Մարությանը և հավելեց, որ օլիմպիադայում կարևորվում է ոչ միայն տեսական գիտելիքը, այլև տեղեկությունը ճիշտ զտելու հմտությունը:
Բրոնզե մեդալակիր, ՍԹԵՄ ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Մարի Առաքելյանը պատմեց, որ առաջադրանքները կատարելիս իրենք օգտվել են բացառապես գիտական հավաստի աղբյուրներից, մասնավորապես՝ «Google Scholar»-ից և վերջին հինգ տարիներին տպագրված անգլերեն գիտական հոդվածներից:
Օլիմպիադայի բացարձակ հաղթող, ոսկե մեդալակիր և Գրան պրիի արժանացած 12-րդ դասարանի սովորող Նարեկ Ղազարյանը, կիսվելով տպավորություններով, նշեց, որ քննական ձևաչափը բավականին բարդ էր։
«Եզրափակիչ փուլում երկու մասից կազմված առաջադրանք ենք կատարել։ Ամենադժվարը, թերևս, լեզվի խնդիրն էր․ տրված թեմայի շրջանակում հարցերին պատասխանել ենք անգլերենով, իսկ տեղացիների առոգանությունը մի քիչ անհասկանալի էր մեզ համար»,- նշեց Նարեկը։
Արծաթե մեդալակիր Էլինա Հակոբյանը նույնպես ընդգծեց լեզվական խոչընդոտը, ինչը, նրա խոսքով, իրենք պատվով հաղթահարել են։
Բացի մեդալներից՝ աշակերտները Բալիից վերադարձել են մեծ տպավորություններով և նոր ընկերներով. նրանք մտերմացել են Վիետնամի, Ինդոնեզիայի և Չինաստանի ներկայացուցիչների հետ, որոնց հետ շարունակում են ակտիվ շփումը:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները միջազգային մրցույթում նվաճել են՝
Նարեկ Ղազարյանը (12-րդ դասարան)՝ ոսկե մեդալ և Գրան պրի,
Էլեն Ղազարյանը (10-րդ դասարան)՝ արծաթե մեդալ,
Ժաննա Հովսեփյանը (11-րդ դասարան)՝ արծաթե մեդալ,
Դավիթ Հովհաննիսյանը (11-րդ դասարան)՝ արծաթե մեդալ,
Էլինա Հակոբյանը (11-րդ դասարան)՝ արծաթե մեդալ,
Անի Բաղդասարյանը (12-րդ դասարան)՝ արծաթե մեդալ,
Մարի Առաքելյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալ: