- Գլխավոր
- Նորություններ
- Ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև բացահայտումների աշխարհ․ ԵՊՀ-ից սկսվող ճանապարհը՝ շրջանավարտի աչքերով
Հունիս 19, 2026 | 12:51
Կրթություն
Ուսանողական
Ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև բացահայտումների աշխարհ․ ԵՊՀ-ից սկսվող ճանապարհը՝ շրջանավարտի աչքերով
Երբ Ժասմին Լոռեցյանն առաջին անգամ գալիս էր ԵՊՀ, դժվար թե պատկերացներ, թե ինչ փոփոխություններ է իր հետ բերելու համալսարանական կյանքը։ Տարիներ անց նա ավարտում է համալսարանը՝ «զինված» ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև ավելի հստակ նպատակներով, ինքնավստահությամբ և միջազգային կրթական փորձով, որը նրան հասցրեց մինչև Մոնպելիե (Ֆրանսիա)։
Արդեն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Ժասմին Լոռեցյանը օրեր առաջ է պաշտպանել ավարտական աշխատանքը․ նրա համար ԵՊՀ-ում անցկացրած տարիները շատ ավելին էին, քան պարզապես դասախոսություններն ու քննությունները։ Դրանք ինքնաճանաչման, փորձառությունների և անձնական աճի տարիներ էին։
«Այդ տարիների ընթացքում ես ոչ միայն գիտելիքներ ձեռք բերեցի, այլև սկսեցի ավելի լավ հասկանալ իմ հետաքրքրությունները, նպատակներն ու ապագայի պատկերացումները»,- ասում է նա։
- Ժասմի՛ն, այսօր, երբ արդեն ավարտել եք ԵՊՀ-ն և նայում եք Ձեր անցած ուսանողական ճանապարհին, ո՞ր պահերն եք առաջինը հիշում։ Դրանք ավելի շատ կապված են կոնկրետ իրադարձությունների՞, մարդկա՞նց, թե՞ ներքին զգացողությունների հետ։
- Սկզբում հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ ոտք դրեցի համալսարան։ Շատ հուզված էի, քանի որ ամեն ինչ նոր էր՝ նոր միջավայր, նոր մարդիկ, կյանքի նոր փուլ։ Այդ պահին դեռ չէի պատկերացնում, թե որքան կարևոր դեր է ունենալու ԵՊՀ-ն իմ կյանքում, և որքան շատ բան է փոխվելու։
Այսօր, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ամենաարժեքավորն այն ճանապարհն է, որը անցա այդ տարիներին։ Ես համալսարան ընդունվեցի որպես ուսանող, որը բազմաթիվ հարցեր ուներ ապագայի վերաբերյալ, իսկ ավարտում եմ որպես մարդ, որը ավելի լավ է ճանաչում իրեն, ավելի վստահ է իր ընտրությունների մեջ և ավելի հստակ է պատկերացնում իր նպատակները։
Կարծում եմ՝ հենց այդ զարգացումն ու փոփոխություններն են առաջինը հիշվում, երբ մտածում եմ իմ ուսանողական տարիների մասին։
- Ի՞նչ տվեց Ձեզ ԵՊՀ-ն ոչ միայն որպես կրթական, այլև որպես անձնական զարգացման միջավայր։
- ԵՊՀ-ն ինձ տվեց շատ ավելին, քան միայն մասնագիտական գիտելիքները։ Այն ինձ սովորեցրեց ինքնուրույն մտածել, պատասխանատվություն կրել որոշումների համար և չվախենալ նոր փորձերից։ Այստեղ ես սովորեցի ավելի վստահ արտահայտել իմ մտքերը և այլ հայացքով նայել աշխարհին։
- Ի՞նչն էր Ձեզ համար ամենակարևորը համալսարանական միջավայրում՝ գիտելի՞քը, մարդկանց հետ կապե՞րը, թե՞ ինքներդ Ձեզ գտնելու գործընթացը։
- Կարծում եմ՝ այս երեքը փոխկապակցված են, բայց եթե ընտրեմ մեկը, ապա կասեմ՝ ինքս ինձ գտնելու գործընթացը։ Որովհետև հենց այդ ընթացքում ես սկսում հասկանալ, թե ով ես, ինչ ես ցանկանում և ինչ ուղղությամբ ես ուզում շարժվել։
- Գաղտնիք չէ, որ ուսանողական կյանքը հեշտ չէ․ այն հաճախ ուղեկցվում է թե՛ ուսումնական ծանրաբեռնվածությամբ, թե՛ հոգեբանական տարբեր մարտահրավերներով։ Ձեր դեպքում որո՞նք էին ամենամեծ դժվարությունները, որոնց բախվել եք այդ տարիներին։
- Կարծում եմ՝ ամենամեծ մարտահրավերը ժամանակի ճիշտ կառավարումն էր։ Լինում էին շրջաններ, երբ միաժամանակ պետք էր պատրաստվել քննություններին, աշխատել հետազոտական աշխատանքների շուրջ և մտածել ապագայի ծրագրերի մասին։ Երբեմն նաև ինքս ինձնից չափազանց մեծ ակնկալիքներ էի ունենում և ձգտում ամեն ինչ կատարելապես անելու։
Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ ուսանողական տարիները հենց դրա համար են՝ սովորելու, սխալվելու, փորձ ձեռք բերելու և շարունակելու առաջ շարժվել։ Հետադարձ հայացքով նայելով՝ կարող եմ ասել, որ այդ դժվարություններն ինձ դարձրին ավելի կազմակերպված, համբերատար և նպատակասլաց։
- Ձեր ուսանողական ճանապարհի ընթացքում եղե՞լ է մի փորձառություն, որը ոչ միայն նոր հնարավորություններ է բացել, այլև փոխել է Ձեր վերաբերմունքը սեփական ուժերի և ապագայի նկատմամբ։
- Այո՛, կարծում եմ՝ այդպիսի փորձառությունը «Էրազմուս+» ծրագրին մասնակցելու հնարավորությունն էր։ Մինչ այդ միջազգային ծրագրերն ինձ համար ինչ-որ չափով հեռու և չափազանց մեծ նպատակներ էին թվում։ Սակայն երբ սկսեցի պատրաստվել, դիմել և անցնել ամբողջ գործընթացը, հասկացա, որ շատ սահմանափակումներ ինքներս ենք ստեղծում մեր մտքում։
Արտերկրում սովորելու փորձը ինձ սովորեցրեց ավելի բաց լինել նոր հնարավորությունների առջև, չվախենալ անծանոթ միջավայրից և վստահաբար հավատալ սեփական ուժերին։ Կարծում եմ՝ այդ փորձառությունը զգալիորեն փոխեց իմ մտածելակերպն ու ապագայի նկատմամբ վերաբերմունքը։
- Ժասմի՛ն, ի՞նչն էր Ձեզ մոտիվացնում դիմելու «Էրազմուս+» ծրագրին, և որքանո՞վ էր հեշտ այդ որոշումը կայացնելը։
- Լեզուներն ու տարբեր մշակույթները միշտ եղել են իմ հետաքրքրությունների կենտրոնում, ու դեռ ուսանողական տարիներից մտածում էի, որ հնարավորության դեպքում կցանկանայի որոշ ժամանակ սովորել արտերկրում։ Երբ իմացա «Էրազմուս+» ծրագրի մասին, հասկացա, որ դա հենց այն հնարավորությունն է, որի մասին վաղուց էի երազում։
Սակայն ամենակարևորն այն էր, որ այս ճանապարհին միայնակ չէի։ Ծնողներս առաջին իսկ օրվանից հավատում էին ինձ և մշտապես աջակցում իմ որոշումների հարցում։ Անկեղծ ասած, եթե չլինեին նրանց վստահությունն ու քաջալերանքը, գուցե շատ ավելի դժվար լիներ այդ քայլն անել։ Իմ ցանկությունը, աշխատասիրությունն ու ծնողներիս աջակցությունը միասին դարձան այն ուժը, որի շնորհիվ կարողացա մասնակցել ծրագրին, մեկնել արտերկիր և ձեռք բերել այդ բացառիկ փորձառությունը։
ԵՊՀ-ի շնորհիվ ես հնարավորություն ստացա «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնելու Ֆրանսիա՝ Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարանում ուսանելու, որտեղ սովորեցի 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում։ Առաջին տպավորություններս շատ վառ էին․ մի կողմից՝ կար ոգևորություն, որովհետև առաջին անգամ երկար ժամանակով այլ երկրում էի, մյուս կողմից՝ կար պատասխանատվության զգացում։ Քանի որ Մոնպելիեն հայտնի է որպես «ուսանողների քաղաք», բնականաբար, այնտեղ բազմամշակութային ուսանողական միջավայր է, ինչը փորձառությունն ավելի հետաքրքիր դարձրեց։
Ինձ համար ամենաանսովորը մարդկանց վերաբերմունքն էր միմյանց հանդեպ։ Ֆրանսիայում հաճախ էր պատահում, որ նույնիսկ անծանոթ մարդիկ շատ հեշտ ու բնական կերպով զրույց էին սկսում հասարակական տրանսպորտում, համալսարանում կամ պարզապես քաղաքում։ Այդ անմիջականությունն ինձ սկզբում զարմացրեց, բայց հետո դարձավ փորձառության ամենահետաքրքիր մասերից մեկը։ Հաճելի էր նաև տեսնել, թե որքան լավ էին նրանք ճանաչում Հայաստանը։ Երբ զրույցի ընթացքում իմանում էին, որ հայ եմ, անմիջապես հիշում էին Շառլ Ազնավուրին։ Դա հպարտության զգացում էր առաջացնում և ցույց էր տալիս, թե որքան կարևոր հետք է նա թողել ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային մշակույթում։ Միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր էր տարբեր երկրներից ուսանողների հետ շփվելը և տարբեր մշակույթներ ճանաչելը։
Փորձը ցույց տվեց, թե որքան կարևոր է միջազգային կրթական միջավայրը և որքան շատ հնարավորություններ կարող են ստեղծվել, երբ պատրաստ ես դուրս գալու քո հարմարավետ միջավայրից։ Այն ավելի մեծ վստահություն տվեց ապագայում կրթությունս շարունակելու և միջազգային մագիստրոսական ծրագրերի մասնակցելու հարցում։
- Վերադառնալուց հետո ի՞նչն էիք ամենաշատը գնահատում Հայաստանում, ԵՊՀ-ում։
- Վերադառնալուց հետո ավելի շատ սկսեցի գնահատել իմ ընտանիքի և հարազատների ներկայությունը, ինչպես նաև ինձ հարազատ միջավայրը։ ԵՊՀ վերադառնալն էլ յուրահատուկ զգացողություն էր, որովհետև արդեն վերադարձել էի նոր փորձով և նոր աշխարհընկալմամբ։ Եվ, իհարկե, ավելի շատ սկսեցի գնահատել հայկական խոհանոցը։ Ֆրանսիական խոհանոցը հրաշալի է, բայց, անկեղծ ասած, հետո ես հասկանում, որ ոչինչ չի կարող փոխարինել մայրիկի պատրաստած հայկական ուտեստներին։
- Անդրադառնանք Ձեր ավարտական աշխատանքին։ Ի՞նչ թեմայով էր Ձեր հետազոտությունը, և ինչպե՞ս անցավ պաշտպանությունը։
- Իմ ավարտական աշխատանքը նվիրված էր անգլիաբանությունների ազդեցությանը ֆրանսերենի վրա։ Ինձ միշտ հետաքրքրել են լեզուները և այն, թե ինչպես են դրանք զարգանում ու փոխվում ժամանակի ընթացքում։ Այս թեման հնարավորություն տվեց այդ երևույթը ուսումնասիրելու ավելի խորությամբ։ Հետազոտության ընթացքում վերլուծել եմ, թե ինչպես են անգլերեն փոխառությունները ներթափանցում ֆրանսերեն, հատկապես՝ երիտասարդների խոսքի, մեդիայի, թվային հաղորդակցության ոլորտներ և առօրյա կյանք։ Աշխատանքի շուրջ բավական երկար և սիրով եմ աշխատել, ու թեման ինձ հոգեհարազատ էր։ Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա կարող եմ ասել, որ այն հաջող անցավ։ Իհարկե, ինչպես ցանկացած ուսանող, ես նույնպես հուզված էի, բայց երբ սկսեցի ներկայացնել աշխատանքս, արդեն վստահություն էի զգում իմ կատարած հետազոտության և իմ ընտրած թեմայի նկատմամբ։ Իսկ ներկայացնելուց հետո զգացի, որ ամիսների աշխատանքս իր արժանի ավարտը ստացավ։
- Եթե մեկ բառով նկարագրեք Ձեր ուսանողական տարիները, ո՞ր բառը կընտրեք։
- Կընտրեի «բացահայտում» բառը։ Բացահայտում՝ ոչ միայն գիտելիքների, այլև մարդկանց, նոր հնարավորությունների և իմ։ Երբ առաջին կուրսում ես, թվում է, թե համալսարանը պարզապես կրթություն ստանալու վայր է, բայց տարիների ընթացքում հասկանում ես, որ դա նաև մի ճանապարհ է, որտեղ բացահայտում ես քո ուժեղ կողմերը, հետաքրքրությունները, երազանքներն ու նպատակները։ Ինձ համար ուսանողական տարիները հենց այդպիսի ճանապարհ էին՝ լի բացահայտումներով, փորձություններով և գեղեցիկ հիշողություններով։
- Այսօր ի՞նչ կասեիք այն Ժասմինին, որը նոր էր սկսում իր ուսանողական ճանապարհը։
- Կասեի՝ մի՛ կասկածիր քո ուժերին։ Օգտվի՛ր յուրաքանչյուր հնարավորությունից, նույնիսկ եթե սկզբում այն վախեցնող է թվում։ Եթե առաջին կուրսի Ժասմինին ասեին, որ մի քանի տարի անց նա ուսանելու է Ֆրանսիայում, նոր մշակույթ է բացահայտելու և վերադառնալու է ավելի ինքնավստահ ու կրթական ոլորտում հասունացած, գուցե դժվար հավատար։ Բայց հենց այդպիսի փորձառություններն են ձևավորում մեզ։
- Եթե հնարավորություն ունենայիք վերապրելու ուսանողական տարիները, ի՞նչը այլ կերպ կանեիք։
- Անկեղծ ասած՝ շատ բան չէի փոխի, քանի որ նույնիսկ դժվարություններն ու սխալներն իրենց դերն են ունեցել իմ անձի ձևավորման գործում։ Բայց եթե ինչ-որ բան կարողանայի փոխել, երևի ավելի քիչ կմտահոգվեի մանրուքների համար և ավելի շատ կհավատայի ինքս ինձ։ Նաև ավելի հաճախ կօգտվեի այն հնարավորություններից, որոնք սկզբում թվում էին անհասանելի կամ չափազանց համարձակ։ Ուսանողական տարիների ընթացքում հասկանում ես, որ երբեմն ամենահետաքրքիր փորձառությունները սկսվում են հենց այն պահից, երբ որոշում ես դուրս գալ քո հարմարավետ միջավայրից։
- Եթե պատկերացնեք Ձեզ մի քանի տարի անց, ինչպիսի՞ մարդ և մասնագետ կցանկանայիք լինել․ այդ ճանապարհին կրթությունն ի՞նչ դեր կունենա Ձեզ համար։
- Մի քանի տարի անց կցանկանայի տեսնել ինձ որպես մասնագետ, որը ոչ միայն լավ տիրապետում է իր մասնագիտությանը, այլև շարունակում է սովորել, զարգանալ և հետաքրքրվել նոր գաղափարներով։ Ինձ համար կարևոր է լինել մարդ, որը կարողանում է հաղորդակցվել տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ, բաց է աշխարհի նկատմամբ և պատրաստ է մշտապես կատարելագործվելու։ Կրթությունն այդ ճանապարհին հիմնարար դեր ունի։ Ես այն երբեք չեմ ընկալել միայն որպես դիպլոմ կամ մասնագիտություն ձեռք բերելու միջոց։ Ինձ համար կրթությունը մտածողություն է, աշխարհընկալում և հնարավորություն՝ անընդհատ ընդլայնելու սեփական մտահորիզոնը։ Հենց կրթության շնորհիվ եմ բացահայտել նոր հնարավորություններ, մասնակցել միջազգային ծրագրերի և ձևավորել այն նպատակները, որոնց այսօր ձգտում եմ։
- Այսօր, երբ արդեն ավարտել եք համալսարանը և ամփոփում եք այդ կարևոր փուլը, ի՞նչ նպատակներ ունեք։ Կրթությունը շարունակել նախատեսո՞ւմ եք։
- Այո՛, կրթությունս շարունակելը հաստատ իմ ապագա ծրագրերի մեջ է։ Կարծում եմ՝ հատկապես մեր ժամանակներում սովորելը չի ավարտվում համալսարանն ավարտելով։ Ես ցանկանում եմ շարունակել մասնագիտական զարգացումս, խորացնել գիտելիքներս լեզուների, միջմշակութային հաղորդակցության և միջազգային կրթության ոլորտներում։ Իմ նպատակներից մեկն է շարունակել աշխատել ինքս ինձ վրա, ձեռք բերել նոր փորձառություն և մասնակցել այնպիսի ծրագրերի, որոնք հնարավորություն կտան զարգանալու ոչ միայն մասնագիտական, այլև անձնական առումով։ Ցանկանում եմ, որ ապագայում իմ գիտելիքներն ու փորձը ծառայեն մարդկանց միջև կապեր ստեղծելուն, մշակույթների փոխըմբռնմանը և արդյունավետ հաղորդակցությանը։
Ժասմին Լոռեցյանի համար ԵՊՀ-ում անցկացրած տարիները դարձել են մի փուլ, որի ընթացքում նա ոչ միայն մասնագիտություն է ձեռք բերել, այլև ապրել է մի միջավայրում, որտեղ նա բացահայտել է սեփական ներուժը, ձեռք բերել արժեքավոր փորձ և հստակեցրել իր հետագա ուղին։


