- Главная
- Node
- Մեկնարկել է Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոցը
Июль 01, 2026 | 12:12
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Մեկնարկել է Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոցը
Դսեղում ընթանում է Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողովը, որը համախմբել է ԵՊՀ և արտերկրի երիտասարդ գիտնականներին և ուսանողներին՝ ձևավորելով միջազգային համագործակցության և կիրառական հետազոտությունների հարթակ։
Ամառային դպրոց-աշխատաժողովի նպատակն է սոցիալական հարթակներում և մասնագիտական խմբերում գիտնականների և ուսանողների առցանց շփումը տեղափոխել իրական միջավայր:
«Սոցիալական և մասնագիտական հարթակներում («Facebook», «ResearchGate» և այլն) գիտնականներն ու ուսանողները մշտապես առցանց շփման մեջ են, քննարկում են տեսական խնդիրներ: Այս ամառային դպրոցը նպատակ ունի գիտական առցանց հաղորդակցությունը տեղափոխելու իրական համագործակցության հարթակ՝ ապահովելով ավելի արդյունավետ քննարկումներ և համատեղ աշխատանք»,- ասաց ամառային դպրոցի կազմակերպչական թիմի անդամ, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Օլգերտ Դալլաքյանը:
Նա ընդգծեց, որ ամառային դպրոցին մասնակցում են 10 գիտնականներ ԵՊՀ-ից և արտերկրից, այդ թվում՝ Գերմանիայից, Լեհաստանից, Իսրայելից և Ռուսաստանից: Հյուրընկալված բանախոսները ներկայացնում են Գերմանական էլեկտրոնային սինխրոտրոնը՝ Գերմանիայի գիտահետազոտական խոշորագույն կենտրոններից մեկը, ՌԳԱ Ա․ Ն․ Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտը, Վեյցմանի գիտությունների ինստիտուտը, Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանը:
Օլգերտ Դալլաքյանի խոսքով՝ ճամբարին մասնակցելու համար գրանցվել են 20 ուսանողներ, որոնք մասնագիտանում են ֆիզիկական քիմիայի, տեսական ֆիզիկայի և մոդելավորման տեխնիկայի ուղղություններով։
«Նրանցից 7-ը ԵՊՀ-ից են՝ Քիմիայի ֆակուլտետից և Ֆիզիկայի ինստիտուտից, իսկ մնացած 13-ը՝ արտերկրի բուհերից, այդ թվում՝ Մոսկվայի պետական համալսարանից, Մյունխենի տեխնիկական համալսարանից, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանից և այլն»,- ընդգծեց նա:
Աշխատաժողովն ունի հնգօրյա հագեցած գրաֆիկ և բաղկացած է երկու հիմնական մասից՝ դասական կոնֆերանս, որտեղ գիտնականները ներկայացնում են իրենց ընթացիկ հետազոտություններն ու գիտական նորությունները, և ինտենսիվ աշխատաժողովներ: Գիտական ծրագրի առանցքային ուղղություններից են մոլեկուլային դինամիկան, կոնֆորմացիոն անալիզը, բազմառեֆերենս հաշվարկները:
Օլգերտ Դալլաքյանը նշեց, որ ուսանողները բաժանվելու են խմբերի և փոխատեղման (ռոտացիոն) մեխանիզմով ամեն օր աշխատելու են տարբեր ուղղություններով։
«Մասնակիցներն աշխատելու են իրենց համակարգիչներով: Կազմակերպիչները հատուկ հաշվարկային ռեսուրսների որոշակի հասանելիություն կապահովեն ուսանողների համար»,- մատնանշեց նա:
Ճամբարի տրամաբանական ավարտը կլինի գիտական հաքաթոնը: Վերջին օրը ուսանողները խմբերով կմրցեն միմյանց դեմ՝ փորձելով արագ և արդյունավետ լուծել կազմակերպիչների առաջադրած բարդ մոդելավորման խնդիրը՝ կիրառելով ստացած նոր հմտությունները: Կազմակերպվելու է նաև պոստերային սեանս, որտեղ ուսանողները կցուցադրեն իրենց սեփական հետազոտական աշխատանքները:
Նշենք, որ նախագիծը ֆինանսավորվել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական միջոցառումների դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Ամառային դպրոց-աշխատաժողովը կամփոփվի ս․թ․ հուլիսի 3-ին:


