««Mini MBA»-ը նոր մոտիվացիա է և նոր գիտելիք, գործակցային նոր կապեր ստեղծելու հնարավորություն ընձեռող ծրագիր». ԵՊՀ գիտաշխատող Գևորգ Շահխաթունի
ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագիրը շատերի համար դարձել է ոչ միայն կառավարման գիտելիքներ ձեռք բերելու հարթակ, այլև գիտական գաղափարները հաջորդ՝ գործնական փուլ տեղափոխելու գործիք։ Ծրագրի հաղթողներից մեկը՝ ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտական աշխատող Գևորգ Շահխաթունին, առանձնացնում է հատկապես ռազմավարական պլանավորման և ֆինանսական գրագիտության կարևորությունը, ինչն արդեն իսկ հիմք է ծառայում իր գիտական խմբի հետ նոր քայլեր պլանավորելու համար։
Գևորգի խոսքով՝ մինչև Բիզնես ինկուբատորի «Mini MBA» ծրագրին մասնակցելը կարող էր թվալ, թե գիտական աշխատանքի կատարումից հետո արդյունքը արտադրանքի վերածելն ու շուկա դուրս գալը բարդ գործընթաց չէ։ Սակայն դասընթացների ընթացքում պարզ է դարձել, որ այդ ճանապարհը պահանջում է նոր, հաճախ անծանոթ գիտելիքներ ու հմտություններ, տեղեկություններ, որոնց անհրաժեշտությունը նախկինում չի էլ զգացվել։ Այդ առումով գիտական հոդվածից դեպի բիզնես անցումը, նրա գնահատմամբ, ամենևին էլ դյուրին չէ։
«Բիզնես ինկուբատորի «Mini MBA» ծրագիրը կամուրջ է գիտության և բիզնեսի միջև». ԵՊՀ դոցենտ Լուսինե Ալոյան
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լուսինե Ալոյանի համար ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագիրը դարձավ գիտության և բիզնեսի միջև կամուրջ՝ հնարավորություն տալով գիտական գաղափարները վերածելու շուկայում կիրառելի և արժեք ստեղծող լուծումների։ Ծրագրի արդյունքներով Լուսինե Ալոյանը ճանաչվել է Բիզնես ինկուբատորի «Mini MBA»-ի հաղթողներից մեկը։
«Որպես գիտնական՝ տեսնում էի, որ բազմաթիվ հետազոտություններ մնում են լաբորատորիաներում՝ առանց հասնելու իրական կիրառության։ Բիզնես ինկուբատորի «Mini MBA»-ը հնարավորություն տվեց իրագործելու գիտական գաղափարները՝ կամրջելով գիտությունը և շուկան»,- նշում է դոցենտը։
Անդրադառնալով«Mini MBA» ծրագրին մասնակցելու իր հիմնական շարժառիթներին և հաշվի առնելով, որ մասնագիտացած է ֆիզիկայի ոլորտում՝ Լուսինե Ալոյանն ընդգծում է, որ մասնակցությունը ծրագրին պայմանավորված էր գիտական աշխատանքը ակադեմիական միջավայրից դուրս բերելու և այն իրական մարդկանց իրական խնդիրների լուծման վերածելու ցանկությամբ։ Նրա խոսքով՝ ֆիզիկան տալիս է բնական երևույթների խորքային ըմբռնում, սակայն այդ գիտելիքներն արժեք ստեղծող լուծումների վերածելու համար անհրաժեշտ է նաև բիզնես մտածողություն։ Հենց այդ նպատակով էլ նա ցանկացել է սովորել, թե ինչպես կարելի է իր հետազոտությունների արդյունքները բերել դեպի բիզնես և դարձնել կիրառելի։
Կարդալ ավելին
Կենսահումուսից մինչև կայուն բիզնես. ԵՊՀ դոցենտը՝ Բիզնես ինկուբատորի «Mini MBA»-ի հաղթողներից
ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի հաղթողների շարքում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Նարեկ Հարությունյանը։ Նրա համար ծրագրին մասնակցելու հիմնական մոտիվացիան սեփական գաղափարը բիզնես նախագծի վերածելու, դրա հանրայնացման և գործնական կիրառելիության ապահովման ձգտումն էր՝ անկախ այն հանգամանքից, որ իր մասնագիտական գործունեության հիմնական ոլորտը աշխարհագրությունն է։
«Բիզնես ինկուբատորի «Mini MBA» ծրագիրն ընդգրկում էր մի շարք հիմնարար թեմաներ և գործնական հմտություններ, որոնք շատ օգտակար եղան ինձ համար»,- նշում է ԵՊՀ դոցենտը։
Հինգշաբաթյա ծրագիրը Նարեկ Հարությունյանին հնարավորություն է տվել ձեռք բերելու մարքեթինգի, ռազմավարական պլանավորման, ֆինանսների և ձեռնարկատիրական կառավարման գործնական հմտություններ, ինչպես նաև զարգացնել առաջնորդության, թիմային աշխատանքի և գաղափարների ներկայացման կարողությունները։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր դեր է ունեցել շուկայի գնահատման, արժեքային առաջարկի ձևակերպման և տվյալահենք մոտեցումների կիրառման տեսանկյունից։
Կարդալ ավելին
Գիտությունից դեպի գործնական կիրառություն. ԵՊՀ մագիստրանտի հաջողությունը Բիզնես ինկուբատորի «Mini MBA» ծրագրում
ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի հաղթողներից է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի մագիստրանտ Լիանա Խաչատրյանը։ Նրա համար ծրագիրն առանձնացել է իր գործնական ուղղվածությամբ, ինտենսիվ ձևաչափով և ակադեմիական գիտելիքը իրական բիզնես միջավայրին կապելու հնարավորությամբ։
Լիանան կարծում է, Բիզնես ինկուբատորի «Mini MBA» որ ծրագիրը արժեքավոր փորձ էր, որը կարելի է արդյունավետորեն կիրառել մասնագիտական և գիտահետազոտական հետագա գործունեության մեջ՝ ապահովելով համակարգված մոտեցում գիտական աշխատանքների և գործնական նախագծերի մշակման ու իրականացման ընթացքում։
««Mini MBA»-ն առանձնանում է իր կարճ, սակայն խիստ կենտրոնացած ձևաչափով։ Այն չի ծանրաբեռնում տեսությամբ, այլ ստիպում է մտածել, վերլուծել և անմիջապես կիրառել։ Բացի դրանից՝ ծրագրի ընթացքում առկա էր անհատական մենթորություն և կառուցողական հետադարձ կապ, ինչը միշտ չէ, որ հանդիպում է նմանօրինակ ծրագրերում»,- ընդգծում է նա։