- Գլխավոր
- Նորություններ
- ««Mini MBA»-ը նոր մոտիվացիա է և նոր գիտելիք, գործակցային նոր կապեր ստեղծելու հնարավորություն ընձեռող ծրագիր». ԵՊՀ գիտաշխատող Գևորգ Շահխաթունի
Փետրվար 09, 2026 | 15:43
Կրթություն
Հասարակություն
««Mini MBA»-ը նոր մոտիվացիա է և նոր գիտելիք, գործակցային նոր կապեր ստեղծելու հնարավորություն ընձեռող ծրագիր». ԵՊՀ գիտաշխատող Գևորգ Շահխաթունի
ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագիրը շատերի համար դարձել է ոչ միայն կառավարման գիտելիքներ ձեռք բերելու հարթակ, այլև գիտական գաղափարները հաջորդ՝ գործնական փուլ տեղափոխելու գործիք։ Ծրագրի հաղթողներից մեկը՝ ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտական աշխատող Գևորգ Շահխաթունին, առանձնացնում է հատկապես ռազմավարական պլանավորման և ֆինանսական գրագիտության կարևորությունը, ինչն արդեն իսկ հիմք է ծառայում իր գիտական խմբի հետ նոր քայլեր պլանավորելու համար։
«Եթե ուշադիր նայենք գիտության պատմությանը և ձևավորված մշակույթին, կտեսնենք, որ գիտության գրեթե յուրաքանչյուր ճյուղ որոշ ժամանակ անց վերածվում է ինչ-որ արդյունքի՝ արտադրանքի կամ առևտրայնացման ծրագրի։ Այն ամենը, ինչ այսօր մեզ շրջապատում է, հատկապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, ժամանակին եղել է գիտական ուսումնասիրություն, փորձարկում կամ գիտական հոդված, որոնք տասնամյակներ, երբեմն էլ հարյուրամյակներ անց վերածվել են սարքերի, կիրառական լուծումների և նույնիսկ նվաճել տիեզերքը։ Հատկապես փորձարար ֆիզիկոսի համար միշտ էլ գրավիչ է իր գիտական աշխատանքի՝ արտադրանք դառնալու ճանապարհը․ սա է հիմնական մոտիվացիան»,- ընդգծեց Գևորգը՝ անդրադառնալով ծրագրին մասնակցելու իր հիմնական դրդապատճառներին՝ հաշվի առնելով, որ իր մասնագիտական ոլորտը ֆիզիկան է։
Խոսելով ձեռք բերած գիտելիքների գործնական կիրառության մասին՝ նա նշեց, որ դեռ ծրագրի մեկնարկից առաջ իրենց գիտական խումբն արդեն պատրաստի նախատիպեր ուներ, իսկ այժմ պատրաստվում են անցնելու զարգացման հաջորդ փուլին։
Նրա խոսքով՝ մինչև ծրագրին մասնակցելը կարող էր թվալ, թե գիտական աշխատանքի կատարումից հետո արդյունքը արտադրանքի վերածելն ու շուկա դուրս գալը բարդ գործընթաց չէ։ Սակայն դասընթացների ընթացքում պարզ է դարձել, որ այդ ճանապարհը պահանջում է նոր, հաճախ անծանոթ գիտելիքներ ու հմտություններ, տեղեկություններ, որոնց անհրաժեշտությունը նախկինում չի էլ զգացվել։ Այդ առումով գիտական հոդվածից դեպի բիզնես անցումը, նրա գնահատմամբ, ամենևին էլ դյուրին չէ։
ԵՊՀ գիտաշխատողի ծրագիրը, ստացած արդյունքները և դրանց գործնական կիրառելիությունը
– Գևո՛րգ, «Բարձր էֆեկտիվությամբ օժտված մեթանի սենսորների նախագծում» խորագրով Ձեր ծրագիրը վերաբերում է մեթանի սենսորների մշակմանը։ Ո՞ր խնդիրների լուծմանն է այն ուղղված, ինչո՞ւ է մեթանի հայտնաբերումը հատկապես կարևոր ցածր կոնցենտրացիաների դեպքում, և ի՞նչ նոր մոտեցումներ կամ լուծումներ եք առաջարկում։
- Վերջին տարիներին մեր գիտական խմբի աշխատանքները ուղղված են տարատեսակ գազային սենսորների սինթեզմանը, պատրաստմանը․ դրանց շարքում են նաև մեթանի սենսորները։ Մեթանը վտանգավոր գազ է, և դրա հայտնաբերումը հատկապես ցածր կոնցենտրացիաների տեսանկյունից առաջնահերթ խնդիրներից է։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե բնակարաններում արդեն առկա են մեթանի տվիչներ, և հարց առաջանա՝ կա՞ արդյոք գիտական նոր աշխատանքերի անհրաժեշտություն։ Նշեմ, որ այդ սենսորների առջև դրվող պահանջները մինչև օրս չեն բավարարում առկա պահանջներին, և գիտական հետազոտություններն ուղղված են այսօրինակ սենսորների, դետեկտորների պարամետրերի լավարկմանը։ Բացի դրանից՝ ինչպես ներկայացրել ենք ծրագրում, մենք նպատակ ունենք ստանալու տվիչների ինտեգրված համակարգ, որը կաշխատի «խելացի համակարգերի» (IoT) հետ։ Կանխատեսում ենք, որ մոտ ժամանակներում ունենալու ենք վերջնական պատրաստի արտադրանքը, որը նախատիպից կտարբերվի իր լավարկված պարամետրերով և այլ սարքավորումների հետ ինտեգրվելու հնարավորությամբ։
«Դրանք կաշխատեն ավելի լավ պարամետրերով, ավելի զգայուն կլինեն մեթանի, գազի նկատմամբ, կլինեն ավելի էներգախնայող»։
- Կարո՞ղ եք նշել կոնկրետ օրինակ, թե ինչպես սենսորները կլուծեն առկա խնդիրները կամ կխթանեն նորարարական մոտեցումներ:
- Որպես օրինակ կիրառելիության սեգմենտ են նաև ավտոգազալցակայանները, և այդ տեսանկյունից այսօր առկա միջոցները չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին։ Ըստ մեր ուսումնասիրությունների` նույնիսկ կան գազալցակայաններ, որտեղ չկան այդպիսի սենսորներ, վերահսկման համակարգեր, և առաջնահերթ խնդիր է այդ տարածքներում մեթանի կոնցենտրացիայի որոշումը՝ արդյո՞ք դա թույլատրելիի սահմաններում է, թե՞ ոչ։
- Ո՞ր ոլորտներում է նախատեսվում սենսորների կիրառությունը (արդյունաբերություն, շրջակա միջավայր, էներգետիկա, գյուղատնտեսություն և այլն):
- Իրականում շատ հետաքրքիր են Ձեր բերած օրինակները, քանի որ հենց նշված ոլորտներում էլ հնարավոր է տեսնել սենսորների կիրառելիությունը (արդյունաբերություն, շրջակա միջավայր, էներգետիկա):
- Ինչպե՞ս եք նախատեսում կազմակերպել անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը, արտադրությունը և պատրաստի արտադրանքի իրացումը՝ որպես գործող բիզնես շղթա։
- Փորձարարական, լաբորատոր աշխատանքները կատարելիս մենք այսպես թե այնպես անհրաժեշտ նյութեր ենք ձեռք բերում, այն էլ հիմնականում արտերկրից (Եվրոպա, Չինաստան և այլն)։ Սակայն հասկանալի է, որ այդ ծավալը բավարար չէ վաղը կամ մյուս օրը արտադրական փուլի անցնելու դեպքում, և անհրաժեշտ է այլ միջոցներ կիրառել։ Եթե մենք լիարժեք արդեն պատրաստ ենք արտադրական փուլի կազմակերպմանը, ապա այստեղ անհրաժեշտություն է առաջանալու ներդրողների և բիզնես մեխանիզմներ ներդնելու։ Ինչքան էլ մենք ունենանք նախնական փորձ, մասնակցենք դասընթացների, ի վերջո՝ հետազոտողը մնում է հետազոտող, և հաջորդ քայլի դեպքում միայնակ ճանապարհը շարունակելը բավականին բարդ է լինելու․ այստեղ պետք է բիզնես սեկտորի օգնությունը։ Բայց մենք, այո՛, այսօր էլ այդ փակ շղթան իրականացնում ենք մեր դրամաշնորհային ծրագրերով, մեր ունեցած ֆինանսական միջոցներով՝ նյութերի ձեռքբերում, սենսորների պատրաստում, թեստավորում, դրանց համակցում դետեկտորների, էլեկտրական շղթաների հետ։
- Գևո՛րգ, իսկ ի՞նչ քայլեր եք նախատեսում ծրագրի արդյունքները հետազոտական դաշտ տեղափոխելու և կիրառելու համար։ Արդյո՞ք նախատեսում եք զարգացնել Ձեր նախագիծը նաև որպես բիզնես նպատակ՝ մոնետիզացնելու հնարավորությամբ։
- Այո՛, նման ծրագիր նախատեսում ենք, և հենց «Mini MBA»-ին մասնակցությունն է խթան դառնում սենսորները հետազոտական փուլից արտադրական և մասսայական վաճառքի փուլ տեղափոխելու համար։ Քանի որ մեր գործունեությունը փորձարարական ուղղվածություն ունի, մենք իրականացնում ենք նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Փորձարարական մշակումների նախագծեր» դրամաշնորհային ծրագիրը, ինչը նաև փաստում է, որ մենք այլ ելք չունենք, քան ծրագիրը արտադրական շղթայի, բիզնեսի վերածելը։
Ստորև՝ բլից հարցեր, որոնք ամփոփում են ծրագրի հաղթողի փորձը և «Mini MBA»-ի ընթացքում գրանցած բացահայտումները։
- «Mini MBA»-ը մեկ բառով։
- Հնարավորություն:
- Ամենաօգտակար հմտությունը, որը ձեռք բերեցիք ծրագրի ընթացքում։
- Ֆինանսական գրագիտություն:
- Ամենամեծ բացահայտումը ծրագրի ընթացքում։
- Մարդիկ (դասավանդողներ և ուսումնառողներ)։
- Տեսությո՞ւն, թե՞ պրակտիկա։
- Պրակտիկա (որի հիմքը տեսությունն է):
- Թիմային աշխատա՞նք, թե՞ անհատական մոտեցում։
- Թիմային աշխատանք:
- Հինգ շաբաթ՝ արա՞գ, թե՞ արդյունավետ։
- Արդյունավետ:
- Գիտություն + բիզնես = ․․․
- Տեխնոլոգիական բարձունքներ:
- Հաջորդ քայլը «Mini MBA»-ից հետո։
- Ինչպես միշտ, ի գո՛րծ։