- Գլխավոր
- Նորություններ
- Ամփոփվեցին «Mini MBA» ծրագրի առաջին փուլի արդյունքները․ հայտնի է հաղթող նախագիծը
Հուլիս 03, 2026 | 14:30
Կրթություն
Հասարակություն
Ամփոփվեցին «Mini MBA» ծրագրի առաջին փուլի արդյունքները․ հայտնի է հաղթող նախագիծը
Բիզնես գաղափարից մինչև հաղթող նախագիծ․ ԵՊՀ «Mini MBA» ծրագրի այս տարվա առաջին փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել «ReSell» նախագիծը ներկայացրած թիմը, իսկ մասնակից մյուս թիմերն ու անհատները ստացել են մասնակցության հավաստագրեր։
Մի ընկերական զրույց, մի նոր պատվեր և մի գաղափար, որը հետագայում դարձավ հաղթող ստարտափ։ «ReSell»-ի պատմությունն սկսվել է հենց այսպես, իսկ այսօր այն ճանաչվել է ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի հաղթող նախագիծ։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող, գաղափարի համահեղինակ Հայկ Քոչարյանի խոսքով՝ միտքը ծնվել է սեփական աշխատանքային փորձից։ Մինչ ստարտափի ստեղծումը թիմը զբաղվում էր վեբկայքերի մշակմամբ, երբ հերթական պատվերը ստացավ ոչ թե գովազդի, այլ ընկերական ծանոթության շնորհիվ։
«Մի օր ընկերներիցս մեկին ցույց էի տալիս մեր պատրաստած կլինիկայի կայքէջը, և նա ասաց․ «Իմ քեռին էլ կլինիկա ունի, կարող եմ ծանոթացնել»։ Այդ ծանոթությունը վերածվեց նոր պատվերի։ Հետո հասկացանք, որ գրեթե բոլորն ունեն արժեքավոր կապեր, որոնք հաճախ մնում են չօգտագործված։ Այդտեղից էլ ծնվեց «ReSell»-ի գաղափարը»,- պատմում է Հայկը՝ ընդգծելով, որ թիմի նպատակը մարդկանց անձնական և մասնագիտական կապերը փոխշահավետ համագործակցության վերածելն է։
«ReSell» հարթակի միջոցով մարդիկ կարող են իրենց ծանոթներին առաջարկել օգտակար ծառայություններ և ապրանքներ, իսկ հաջողված վաճառքի դիմաց ստանալ միջնորդավճարներ։ Ըստ հեղինակների՝ այդ մոդելից շահում են բոլոր կողմերը՝ բիզնեսը ձեռք է բերում նոր հաճախորդներ, մարդիկ՝ լրացուցիչ եկամուտ, իսկ հաճախորդները՝ արժեքավոր առաջարկներ։
Հայկի համոզմամբ՝ հենց «բոլորը շահում են» սկզբունքն էլ «ReSell»-ը դարձրել է պարզ, հիշվող և մրցունակ նախագիծ։
«Գաղափարը ժյուրիին ներկայացնելուց առաջ թիմի ամենամեծ մտահոգությունն այն էր, թե արդյո՞ք կհաջողվի սահմանափակ ժամանակում փոխանցել «ReSell»-ի ամբողջ արժեքը։ Թեև գաղափարը պարզ է թվում, դրա հիմքում դրված են հստակ բիզնես մոդել, վստահության մեխանիզմներ, միջնորդների մոտիվացիայի համակարգ և շուկա մուտք գործելու ռազմավարություն։ Հաղթելու իրական հնարավորությունը զգացինք նախագիծը ներկայացնելուց հետո, երբ ժյուրիի հարցերը դարձան ոչ թե «ի՞նչ է սա», այլ «ինչպե՞ս եք սա անելու»։ Այդ պահին հասկացանք, որ գաղափարը ոչ միայն հասկանալի է եղել, այլև հետաքրքրել է որպես իրական բիզնես»,- նշում է նա։
Թիմի անդամ, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Ալինա Խոջայանը մատնանշում է, որ ծրագրի ամենամեծ մարտահրավերը ոչ թե գաղափար մշակելն էր, այլ այն հնարավորինս պարզ ներկայացնելը։
«Երբ երկար ժամանակ աշխատում ես մի նախագծի վրա, սկսում ես մտածել, որ ամեն ինչ ակնհայտ է։ Բայց հետո հասկանում ես, որ իրական մարտահրավերը ոչ թե ավելի շատ պատմելն է, այլ հնարավորինս պարզ ու հասկանալի ներկայացնելը»,- ասում է նա՝ ընդգծելով, որ մենթորների աջակցությամբ կարողացել են բարդ գաղափարը ներկայացնել պարզ լեզվով։
Ալինայի խոսքով՝ երեք հոգով աշխատելն իրենց համար առավելություն է դարձել․ մասնագիտական փորձն ու մտածողությունը օգնել են հիմնավորված որոշումներ կայացնելուն և նախագիծը կատարելագործելուն։
«Mini MBA» ծրագիրը, ըստ ուսանողի, թիմին տվել է ոչ միայն նոր գիտելիքներ, այլև օգտակար հետադարձ կապ, մենթորների աջակցություն և վստահություն, որ «ReSell»-ը կարող է վերածվել իրական կենսունակ բիզնեսի։
«Ծրագիրն օգնել է նաև նոր տեսանկյունից գնահատելու գաղափարը, ավելի հստակ ձևակերպելու բիզնես մոդելը և հասկանալու, թե որն է նախագծի իրական արժեքը»,- շեշտում է նա։
Թիմի մյուս անդամ, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Ալիսա Խոջայանը ասաց, որ հաղթանակից հետո թիմը պատրաստվում է նախագիծն ակտիվորեն փորձարկելու շուկայում՝ ներգրավելով նոր բիզնեսներ և միջնորդներ։ Նրանց նպատակն է ապացուցել, որ մոդելը կարող է իրական արժեք ստեղծել ինչպես բիզնեսների, այնպես էլ մարդկանց համար։
«Մեկ տարի անց «ReSell»-ը պատկերացնում ենք որպես ակտիվ և ճանաչելի հարթակ, իսկ հինգ տարի անց՝ նաև Հայաստանի սահմաններից դուրս գործող համակարգ, որը կօգնի բիզնեսներին ավելի արագ աճելու, իսկ մարդկանց՝ իրենց կապերը վերածելու իրական հնարավորությունների»,- ասում է Ալիսան։
ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագիրն ուղղված է գաղափարների առևտրայնացմանը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ Մասնակիցները ծրագրի ընթացքում աշխատել են մենթորների հետ, կատարելագործել իրենց բիզնես մոդելները և ներկայացրել դրանք ժյուրիին, որի կազմում էին ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։
Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնությունը կարևոր դեր ունի համալսարանի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում՝ նպաստելով գիտական և գաղափարական ներուժի ավելի արդյունավետ կիրառմանը։ Ըստ նրա՝ այս ներուժի զարգացումը կարող է բերել շոշափելի արդյունքների՝ ինչպես ինտելեկտուալ արտադրանքի կիրառման, այնպես էլ դրա մոնետիզացիայի և տնտեսության զարգացման տեսանկյունից։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ «Mini MBA»-ը ձևավորվել է քայլ առ քայլ՝ առաջին խմբի աշխատանքների, ներկայացված նախագծերի և փորձի հիման վրա, ինչից հետո որոշվել է զարգացնել և երաշխավորել ծրագիրը։
«Mini MBA ծրագիրը այսուհետ նաև երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, և այն հավաստագրերը, որոնք դուք կստանաք, լինելու են շատ ճանաչելի ծրագրի համար»,- ասաց պրոռեկտորը։
ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի ղեկավարությամբ իրականացված «Mini MBA» ծրագրի այս փուլում մրցույթի մասնակիցների ներկայացրած 10 բիզնես գաղափարներից հաղթող է ճանաչվել «ReSell» նախագիծը և ստացել դրամական պարգև բիզնես գաղափարը զարգացնելու համար, իսկ մյուս մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր։










