- Главная
- Node
- Կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հմտություններ՝ ԵՊՀ նոր կրթական ծրագրի շրջանակում
Апреля 23, 2026 | 10:00
Գիտություն
Հասարակություն
Շարունակական կրթություն
Կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հմտություններ՝ ԵՊՀ նոր կրթական ծրագրի շրջանակում
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում տեղի ունեցավ «Հաշտարարություն և կոնֆլիկտների կարգավորում» ծրագրի հավաստագրերի հանձնման արարողությունը՝ ամփոփելով միջգիտակարգային և գործնական ուղղվածությամբ վեցամսյա կրթական կարևոր նախաձեռնության առաջին շրջանավարտների ուսուցումը։ Ծրագիրն ուղղված էր կոնֆլիկտների վերլուծության և կարգավորման տեսական և գործնական կարողությունների զարգացմանը՝ համադրելով տեսական գիտելիքը և կիրառական հմտությունները։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի մշակած ծրագիրը կառուցված էր փոխկապակցված երեք հիմնական դասընթացների շուրջ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին խորությամբ ուսումնասիրելու կոնֆլիկտների հետազոտության մեթոդները, դրանց վերլուծության և կարգավորման մոտեցումները, ինչպես նաև գործնական հաշտարարության մեխանիզմները։ Այս համադրության շնորհիվ մասնակիցները ձեռք են բերել անհրաժեշտ գործիքակազմ՝ մասնագիտական և հասարակական տարբեր միջավայրերում առաջացող կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու, դրանք վերլուծելու և արդյունավետ կարգավորելու համար։
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ծրագիրը կարևոր է համալսարանի կրթական միջավայրի զարգացման տեսանկյունից։
«Համալսարանում քննարկվում է ծրագրի հետագա զարգացումը մագիստրոսական բաղադրիչով, սակայն կարևոր է նաև պահպանել հավաստագիր տրամադրող ծրագրի ձևաչափը, ինչը հնարավորություն է տալիս մասնակցելու ծրագրին նաև այն մասնագետներին, որոնք տարբեր պատճառներով չեն կարող ընդգրկվել երկարաժամկետ կրթական ծրագրերում»,- նշեց նա։
Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց նաև ծրագրի նշանակությունը ուսանող-դասախոս համագործակցության նոր մշակույթի ձևավորման և կրթական միջավայրի բազմազանեցման տեսանկյունից՝ այն դիտարկելով որպես օրինակելի նախաձեռնություն համալսարանական կրթական գործընթացների զարգացման համար։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանի խոսքով՝ ծրագրի ստեղծման գաղափարը ձևավորվել է հասարակության իրական կարիքների գնահատման հիման վրա։
«Պատերազմից հետո հատկապես ակնհայտ դարձավ, որ գտնվելով կոնֆլիկտային տարածաշրջանում՝ մեր հասարակությունն ունի խորքային սոցիալական և հոգեբանական խնդիրներ, որոնք հաճախ կապված են կոնֆլիկտների հետ, սակայն դրանց կարգավորման համար անհրաժեշտ հմտությունները բավարար չափով ձևավորված չեն։ Այս պայմաններում կրթության միջոցով ոչ բռնի հաղորդակցության, հաշտարարության և կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող տեսական և գործնական գիտելիքների և կարողությունների զարգացումը դառնում է հասարակական կարևոր պահանջ, ինչն էլ ծրագիրը մշակելու հիմք է դարձել»,- մատնանշեց Լուսինե Խառատյանը:
Ծրագրի մեկնարկին նախ հայտարարվել էր բաց մրցույթ՝ դասախոսների ընտրության համար։ Նրանց մասնակցությամբ մշակվել է ամբողջական կրթական բովանդակությունը, իսկ դրանից հետո կազմակերպվել է բաց ընդունելություն ծրագրի մասնակիցների համար։ Ստացված շուրջ 60 հայտերից ընտրվել են տասնյոթ մասնակիցներ՝ մասնագիտական և տարիքային տարբեր խմբերից, որոնց թվում՝ ինչպես արդեն աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ, այնպես էլ ուսանողներ։ Դասընթացներն անցկացվել են համակցված՝ անցանց և առցանց ձևաչափերով, իսկ ձևավորված ուսումնական խումբը առանձնացել է մասնագիտական բարձր հետաքրքրվածությամբ և ակտիվ ներգրավվածությամբ։
Ծրագիրը կարող է օգտակար լինել այն մասնագետների համար, որոնք հետաքրքրված են հաշտարարության, կոնֆլիկտների կարգավորման, խաղաղաշինության, հասարակագիտական ուսումնասիրությունների, դիվանագիտության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ոլորտներում գործունեությամբ։ Այն նպաստում է ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև համայնքներում համագործակցության և փոխըմբռնման մշակույթի ձևավորմանը՝ կոնֆլիկտները վերափոխելով զարգացման հնարավորությունների։
Ծրագրի մասնակից Նանոր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այն կարևոր հնարավորություն է դարձել կոնֆլիկտաբանության և խաղաղաշինության ոլորտում համակարգված գիտելիք ձեռք բերելու, ինչպես նաև հետագա գիտական հետաքրքրությունները զարգացնելու հիմք ստեղծելու առումով։ Նրա խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տվել ձևավորելու գիտական և գործնական այն անհրաժեշտ հենքը, որը հնարավորություն կտա հետագայում շարունակելու հետազոտական աշխատանքը տվյալ ուղղությամբ։
Մասնակից Նվեր Սարգսյանը, որն ունի մարդու իրավունքների ոլորտում միջազգային երկարամյա փորձ, ընդգծեց, որ ծրագիրը կարևոր աջակցություն է ինչպես մասնագիտական գործունեության, այնպես էլ անձնական հաղորդակցական հմտությունների զարգացման տեսանկյունից։ Նրա համոզմամբ՝ հաշտարարության գործիքակազմի կիրառումը հատկապես կարևոր է կոնֆլիկտներից տուժած մարդկանց աջակցելու և հասարակության շրջանում խաղաղ հաղորդակցության մշակույթ ձևավորելու համար, իսկ նման ծրագրերի զարգացումը կարող է ունենալ հասարակական մեծ նշանակություն նաև կրթական ավելի վաղ փուլերում դրանց ներառման տեսանկյունից։
Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։










