- Գլխավոր
- Նորություններ
- «Հայաստանն այն բացառիկ երկրներից էր, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին չունեցավ տարածքային աղետ». հայերի հերոսական հետագիծը՝ միջազգային գիտական պարբերականում
Ապրիլ 22, 2026 | 11:00
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Քաղաքականություն
«Հայաստանն այն բացառիկ երկրներից էր, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին չունեցավ տարածքային աղետ». հայերի հերոսական հետագիծը՝ միջազգային գիտական պարբերականում
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի, դոցենտ Լիլիթ Մակարյանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Իսկուհի Ավանեսյանի հեղինակած «Հայկական ազգային դիվիզիաները Ստալինգրադի և Կովկասի ճակատամարտում» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված Q1 վարկանիշ ունեցող «Իստորիա» հանդեսում:
Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակն առիթ է դարձել հետազոտողների համար կրկին անդրադառնալու պատմությանը և միջազգային գիտական հանրությանը ներկայացնելու հայկական ազգային դիվիզիաների հերոսական դրվագները:
«Հայկական ազգային դիվիզիաները Ստալինգրադի և Կովկասի ճակատամարտում» վերտառությամբ հոդվածում տեղ գտած շեշտադրումների մասին զրուցել ենք ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Լիլիթ Մակարյանի հետ:
- Տիկի՛ն Մակարյան, հայկական քանի՞ ազգային դիվիզիա է ձևավորվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին, և բացի մարտական գործողություններից՝ ի՞նչ առաքելությամբ էին հանդես գալիս նրանք:
- ԽՍՀՄ հայկական ազգային դիվիզիաները վեցն էին. առաջինը՝ 76-րդ դիվիզիան, ստեղծվել է դեռևս 1920-ականների սկզբին, իսկ մնացածը՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Այս դիվիզիաների կազմում հայերը զգալի մեծամասնություն էին կազմում՝ մոտ 99 տոկոս: Հայկական դիվիզիաների հրամանատարները հիմնականում հայեր էին: Նրանց առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն էր, քանի որ ԽՍՀՄ-ն էր մեր հայրենիքը:
Դիվիզիաները, բացի մարտական գործողություններին մասնակցելուց, ծավալել են նաև մեծ քարոզչական գործունեություն և հրատարակել սեփական թերթերը, օրինակ, 409-րդ դիվիզիայի «Մարտական դրոշը» կամ 261-րդի «Մարտ՝ հանուն հայրենիքի» թերթը: Դրանց հրատարակման նպատակն էր հանրությանը ներկայացնել մեր հերոսական պայքարը, իրադարձությունների իրական պատկերը, որ ժողովուրդը խուճապի չմատնվի:
- Ինչո՞ւ եք անդրադարձել հենց Ստալինգրադի և Կովկասի պաշտպանությանը:
- Հոդվածում անդրադարձել ենք Ստալինգրադի և Կովկասի պաշտպանությանը, քանի որ պատմագիտության մեջ չկար անդրադարձ հայ ժողովրդի հերոսական պայքարին: Նշեմ, որ միայն Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է շուրջ 30,000 հայ: Հայկական ազգային դիվիզիաները գործել են ամենատարբեր ռազմաճակատներում, իսկ 89-րդ՝ Թամանյան դիվիզիան, հասել է մինչև Բեռլին:
- Եվ պատմության գրքերում կարդում ենք, որ Բեռլինում Թամանյան դիվիզիան քոչարի է պարել:
- Այո՛, ճիշտ է:
- Ինչո՞վ էր հատկապես կարևոր Ստալինգրադի և Կովկասի պաշտպանությունը հայ ժողովրդի համար:
- Ստալինգրադի և Կովկասի ճակատներում խորհրդային զորքերի պարտության դեպքում թուրք-նացիստական ուժերն անմիջապես ներխուժելու էին մեր երկիր. Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանի մոտ կուտակել էր 26 դիվիզիա և սպասում էր պատերազմի ելքին: Թուրքիան իր պանթուրքիստական ծրագրերն ուներ, իսկ Գերմանիան Կովկասը դիտարկում էր որպես արևելյան խաչմերուկ, նպատակ ուներ նաև Հայկական լեռնաշխարհն իր ենթակայության տակ վերցնելու՝ Իրանից Հնդկաստան ճանապարhները վերահսկելու համար: Հայկական դիվիզիաների շնորհիվ ձախողվեց նաև Գերմանիայի ռազմական գործողություններից մեկը՝ հայտնի «Էդելվեյս» օպերացիան, որով պլանավորված էր գրավել Կովկասը:
Մեր երկիրն այն բացառիկ երկրներից էր, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարածքային առումով խուսափեց ավերածություններից:
- Բայց Թուրքիան չէր մասնակցում պատերազմին:
- Թեև Թուրքիան պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, սակայն պահպանում էր «ակտիվ չեզոքություն» և պատրաստություն էր տեսնում. նրանց գեներալները վերապատրաստվում էին գերմանացի սպաների կողմից: Թուրքիան թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական հարցերում աջակցում էր Գերմանիային: Թուրքիայի պահվածքը պատերազմի տարիներին այնքան բացահայտ էր, որ 1945 թ. ԽՍՀՄ-ը չեղյալ հայտարարեց 1925 թ. կնքված բարեկամության և եղբայրության մասին պայմանագիրը, իսկ Ստալինը Պոտսդամի կոնֆերանսում փորձում էր առաջ մղել հայկական հողերի հետբերման հարցը:
- Հոդվածը գրելիս նպատակ եք ունեցել հայերին ներկայացնելու հերոսական տեսանկյունից․ խնդրում եմ՝ բերեք մի քանի օրինակներ հայ հերոսների սխրագործություններից:
- Մեր հոդվածի կարևոր ներդրումն այն է, որ միջազգային գիտական հանրույթն առաջին անգամ հնարավորություն ունի ծանոթանալու բազմաթիվ հայ հերոսների անուններին ու նրանց կատարած սխրանքներին: Օրինակ՝ սերժանտ Հունան Ավետիսյանը Նովոռոսիյսկի ազատագրման ժամանակ Դոլգայա լեռան մոտ իր մարմնով փակել է ֆաշիստական փայտահողային կրակակետի գնդացրային հրագնատը՝ ճանապարհ բացելով իր մարտական ընկերների համար, որոնք էլ ազատագրել են Դոլգայա լեռն ու մի շարք բնակավայրեր: Կապիտան Սամսոն Մկրտումյանն օդանավով 27 մարտական թռիչք է կատարել և ոչնչացրել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա ու մեծ թվով զորք: Լեյտենանտ Սուրեն Թաշչիևը հերոսացել է 7 ինքնաթիռ խոցելու համար: Ավագ լեյտենանտ Ղուկաս Մադոյանը Դոնի Ռոստովի մարտերի ժամանակ ազատագրել է երկաթուղային կայարանը՝ 6 օր պահելով այն և այդ ընթացքում հետ մղելով հակառակորդի 43 գրոհ: Հոդվածում նշվել են նաև այլ հերոսների անուններ ու նրանց սխրանքները:
- Ի՞նչ եզրահանգումների եք եկել Ձեր ուսումնասիրության արդյունքում:
- Եզրահանգման մեջ շեշտել ենք հայ ժողովրդի մասնակցության կարևորությունը նացիզմի դեմ պայքարում: Մեր ժողովուրդը գիտակցել է, որ պայքարում է ոչ միայն ԽՍՀՄ-ի համար, այլև կանխում է երկրորդ ցեղասպանության վտանգը: Եվ կարող ենք ասել, որ Ստալինգրադի հաղթանակը կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Խորհրդային Հայաստան:
Նշեմ, որ հոդվածը գրելիս օգտվել ենք արխիվային նյութերից, հայկական ազգային դիվիզիաների մամուլից, որոնց առաջին անգամ մենք ենք հղում կատարել, ինչպես նաև նորագույն շրջանի գրականությունից: Մեր առջև խնդիր էինք դրել ևս մեկ անգամ հանրահռչակելու մեր պատմությունը, քանի որ դա հայ ժողովրդի հերոսական անցյալն է․ մեր նախնիները գոյության պայքար են մղել, որ այսօր մենք անվտանգ ապրենք մեր հայրենիքում: