Май 06, 2026 | 11:25
Наука
Образование
Исследовательские центры и институты
Курс, который объединяет разные специальности вокруг одной темы и идеи
Слово «лекция» больше не ограничивается только речью преподавателя, а студент не ограничивается только слушанием. Совместная инициатива Института арменоведческих исследований ЕГУ и армянского офиса немецкого фонда «Фридрих Эберт» четвертый год подряд объединяет студентов разных вузов, давая им возможность не только понимать региональные и европейские процессы, но и становиться их аналитиками. Курс на тему «Южный Кавказ и основные принципы политики и процесса принятия решений ЕС» создает именно такую среду, превращая образование в платформу для живого обсуждения, обмена опытом и сотрудничества.
Ոչ ֆորմալ կրթության հարթակ՝ նոր հնարավորություններով
Դասընթացը, որը կարելի է դիտարկել որպես հայագիտական գարնանային-ամառային դպրոց, միավորում է հանրապետության տարբեր բուհերի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին, մագիստրատուրայի առաջին կուրսի սովորողներին, ինչպես նաև ասպիրանտների և երիտասարդ մասնագետների։ Ծրագրի առանցքում ոչ ֆորմալ կրթության զարգացումն է՝ որպես կարևոր լրացուցիչ հարթակ, որը խորացնում է համալսարանական գիտելիքները, ընդլայնում մտահորիզոնն ու վերլուծական կարողությունները։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանի դիտարկմամբ՝ դասընթացի ձևաչափը նպատակ ունի գտնելու այն եզակի մեթոդները, որոնք կարող են լրացնել ավանդական կրթությունը՝ ստեղծելով ինտելեկտուալ միջավայր, որտեղ տեսական գիտելիքն անմիջապես կապվում է իրական քաղաքական և հասարակական գործընթացների հետ։ Այդ նպատակով ծրագրում ներգրավվում են հանրապետության և արտերկրի առաջատար մասնագետներ, որոնք ներկայացնում են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության արդիական խնդիրները եվրոպական արժեքների և միջազգային զարգացումների համատեքստում։
Մրցակցային ընտրություն և մասնագիտական բազմաբնույթ միջավայր
Ըստ Վահրամ Պետրոսյանի՝ դասընթացին մասնակցելու հետաքրքրությունը տարեցտարի աճում է։
«Այս տարի ստացել ենք շուրջ 360 դիմում ընդամենը 25 տեղի համար։ Նախնական ընտրությունից հետո 210 դիմորդ անցել է հարցազրույցի փուլ, իսկ վերջնական փուլում ընտրվել են 30 մասնակիցներ»,- նշեց նա:
Մասնակիցների աշխարհագրությունը և մասնագիտական բազմազանությունը ընդգրկում են ԵՊՀ-ն, Վ. Բրյուսովի անվան պետական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայաստանում ամերիկյան և Շիրակի պետական համալսարանները։
Ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ նպատակադրված կերպով ձևավորվում են բազմապրոֆիլ թիմեր։ Միջազգայնագետները, իրավագետները, սոցիոլոգները, պատմաբանները և այլ մասնագիտությունների տեր մարդիկ միավորվում են նույն խմբերում՝ համատեղ աշխատելու և ծրագրի ավարտին ներկայացնելու կոլեկտիվ հետազոտական աշխատանք։ Այս մոտեցումը նպաստում է համագործակցության մշակույթի ձևավորմանը՝ հաղթահարելով մասնագիտական մեկուսացումը և խթանելով միջառարկայական մտածողությունը։
Բովանդակային հագեցած դասախոսություններ և փորձագիտական դաշտ
Դասընթացի առաջին օրը նշանավորվել է բարձր մակարդակի մասնագիտական քննարկումներով։ ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը հանդես է եկել «ԵՄ ներգրավվածության հիմնական փուլերը Հարավային Կովկասում և Հայաստանում. ԵՄ-Հայաստան հարաբերությունների ժամանակագրությունը» թեմայով դասախոսությամբ։ Նրա ելույթը առանձնացել է խորքային վերլուծությամբ՝ ընդգրկելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը, իրավապայմանագրային հիմքերը, դիվանագիտական մեխանիզմները և տարածաշրջանային դերակատարների ազդեցությունը։
ԵՊՀ ակադեմիական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Էլինա Ասրիյանն էլ անդրադարձել է արտաքին քաղաքական իմիջի ձևավորման հոգեբանական գործոններին՝ համադրելով տեսական մոտեցումները և գործնական օրինակները։ Նրա բանախոսությունը հնարավորություն է տվել ուսանողներին հասկանալու, թե ինչպես են ձևավորվում հանրային ընկալումները և քաղաքական հաղորդակցության հիմնական մեխանիզմները։
Դասընթացին մասնակցել է նաև ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, որը ներկայացրել է միգրացիայի հիմնախնդիրները Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում՝ ընդգծելով ինստիտուցիոնալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։
Դիվանագիտությունից մինչև մեդիա՝ մեկ հարթակում
Ծրագրի երկրորդ օրը կառուցվել է դիվանագիտության և մեդիայի փոխհարաբերությունների շուրջ։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները՝ ներառյալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման օրակարգերը։
«Շանթ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Քրիստինե Ալագուլյանը ներկայացրել է նույն գործընթացների մեդիա լուսաբանման առանձնահատկությունները՝ բացահայտելով լրագրողական աշխատանքի «կուլիսային» կողմերը և հաղորդագրությունների ձևավորման մեխանիզմները։ Այս համադրությունը ուսանողներին հնարավորություն է տվել տեսնելու նույն իրադարձության տարբեր՝ դիվանագիտական և մեդիա դիտանկյունները։
Գիտելիքից մինչև մասնագիտական հնարավորություններ
Դասընթացը ոչ միայն կրթական, այլև մասնագիտական հարթակ է։ Վերջին չորս տարիների ընթացքում ծրագրին մասնակցած ավելի քան 200 երիտասարդների շուրջ 10 տոկոսը ստացել է աշխատանքի առաջարկներ տարբեր կառույցներից, ինչը վկայում է նախաձեռնության գործնական արժեքի մասին։ Բանախոսների հետ անմիջական շփումը, ակտիվ քննարկումները և հարցուպատասխանի ձևաչափը վերածվում են հետագա համագործակցության հնարավորությունների։
Միևնույն ժամանակ, ծրագրում կարևոր տեղ է հատկացվում հետադարձ կապին։ Յուրաքանչյուր քննարկումից հետո անցկացվող հարցումները հնարավորություն են տալիս կատարելագործելու դասընթացի բովանդակությունն ու ձևաչափը՝ հաշվի առնելով մասնակիցների ակնկալիքներն ու առաջարկները։ Ստեղծված վստահության մթնոլորտը խրախուսում է բաց և անկեղծ երկխոսությունը՝ ձևավորելով այն միջավայրը, որտեղ դասախոսն ու ուսանողը հանդես են գալիս որպես գործընկերներ։
Համագործակցության մշակույթի ձևավորում
Դասընթացի կարևորագույն արդյունքներից մեկը տարբեր ֆակուլտետների ուսանողների միջև ձևավորվող կապերն են։ Այն միջավայրում, որտեղ վերանում է ավանդական «ամբիոնի» սահմանը, ուսանողները դառնում են ակտիվ մասնակիցներ՝ ներգրավվելով քննարկումներում, համատեղ աշխատանքներում և ինտելեկտուալ համագործակցության գործընթացում։ Այս գործակցությունը հաճախ շարունակվում է նաև դասընթացից հետո՝ վերածվելով նոր գաղափարների և նախաձեռնությունների հիմքի։





