Ս.թ. ապրիլի 11-ին Ծաղկաձորում պաշտոնապես մեկնարկեց «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության ու որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթացի առաջին փուլը։
Ավանդական դարձած դասընթացը կյանքի է կոչվել Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սերտ համագործակցության շնորհիվ։ Չորրորդ տարին անընդմեջ իրականացվող ծրագիրն այս տարի առանձնացավ դիմորդների ռեկորդային թվով՝ շուրջ 360 հայտ, որոնցից ընտրվել են 30 լավագույնները։ Նշենք, որ սկզբնապես մասնակիցների առավելագույն թիվը սահմանված էր 25-ը:
Այս տարի ծրագրի կարևոր առանձնահատկություններից էր բուհերի և մասնագիտությունների առավել լայն ընդգրկվածությունը։ Մասնակիցները ներկայացնում էին Երևանի պետական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ազգային ճարտարապետության և շինարարության համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային արխիվը: Երևանի պետական համալսարանից ընտրված մասնակիցները գիտակրթական տարբեր ստորաբաժանումներից էին (հետազոտական ինստիտուտներ ու ֆակուլտետներ)՝ հայագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, իրավագիտություն, արևելագիտություն, պատմություն, լրագրություն, մշակութաբանություն և հարակից այլ ոլորտներից։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դասընթացի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Վահրամ Պետրոսյանը՝ նշելով, որ դասընթացը դեռևս հայտարարության փուլում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ ՀՀԻ տնօրենն ընդգծեց, որ մասնակիցների ընտրությունը եղել է բավականին բարդ ու պատասխանատու գործընթաց, քանի որ բազմաթիվ դիմորդներից ընտրվել են լավագույնները: Վերջիններս հաջողությամբ հաղթահարել էին թե´ նախնական, թե´ հարցազրույցի փուլերը։ Վ. Պետրոսյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց դասընթացի թեմաների արդիականությունը՝ ընդգծելով, որ ոչ ֆորմալ կրթության նմանատիպ մոդելները թե՛ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, թե՛ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են, ինչի վկայությունն էլ հենց այս գործուն աջակցությունն է։ Ընդգծվեց նաև, որ հիշյալ դասընթացները դասվում են գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասում իրականացվող առավել հաջողված նախագծերի շարքին: Ներածական խոսքում ԵՊՀ ՀՀԻ տնօրենը կարևորեց նաև մասնակիցների՝ իրականացվող ծրագրի շրջանակում էթիկայի կոդեքսում ներառված դրույթների պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով դրա դերը թե՛ ակադեմիական միջավայրում, թե՛ մասնագիտական գործունեության ընթացքում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, բ.գ.դ. Միքայել Հովհաննիսյանը։ ԵՊՀ պրոռեկտորը բարձր գնահատեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությունն ու նախագծի հաջող իրագործումը ԵՊՀ ռազմավարության և հայագիտության զարգացման համատեքստում: Շնորհավորելով կազմակերպիչներին ու մասնակիցներին` նա ընդգծեց, որ նման ձևաչափերը ոչ միայն մասնագիտական գիտելիք են ապահովում, այլև օգնում երիտասարդներին հայագիտության տեսանկյունից ճանաչելու թե՛ սեփական ինքնությունը, թե՛ աշխարհը՝ կենսական ուժ հաղորդելով համալսարանի ընդհանուր գործունեությանը։ Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամին տարիներ շարունակ ԵՊՀ ենթակառուցվածքներին ցուցաբերած ինչպես նյութական, այնպես էլ արժեհամակարգային մեծ աջակցության համար։
Ներկաներին ողջունեց նաև «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Նաիրա Գևորգյանը՝ իր ելույթում ներկայացնելով գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի համառոտ պատմությունը, զարգացման դինամիկան և ներկայիս գործունեությունը: Ն. Գևորգյանը, կարևորելով երիտասարդների դերը Հայաստանի ապագայի կերտման գործում, ներկայացրեց հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններն ու ընձեռած հնարավորությունները: Այդ շարքում նա առանձնացրեց ժողովրդավարության զարգացումը, քաղաքական ինստիտուտների կայացումն ու ԶԼՄ-ների աշխատանքը։ Առանձնահատուկ շեշտադրում կատարվեց անվտանգության, սոցիալական արդարության և տնտեսական կայունության գործոններին։ Ն. Գևորգյանը բարձր գնահատեց ԵՊՀ ՀՀԻ հետ ձևավորված արդյունավետ և տարիների փորձ ունեցող համագործակցությունը, կարևորեց դրա շարունակականությունը:
Ելույթ ունեցավ նաև դասընթացի կազմակերպչական հանձնաժողովի անդամ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների հետազոտական բաժնի վարիչ, պ.գ.դ. Սարգիս Գրիգորյանը։
Նա ընդգծեց մասնակիցների ակտիվ և պատասխանատու ներգրավվածության կարևորությունը՝ հորդորելով դասընթացի ընթացքում ցուցաբերել առավելագույն ուշադրություն և նախաձեռնողականություն։ Նա նաև շեշտեց, որ յուրաքանչյուր դասախոսություն հնարավորություն է՝ ձեռք բերելու արժեքավոր գիտելիք և ծանոթանալու տարբեր ոլորտների մասնագետների փորձին, ինչը կարող է էական դեր ունենալ մասնագիտական հետագա զարգացման գործում։
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի «ԵՄ ներգրավվածության հիմնական փուլերը Հարավային Կովկասում և Հայաստանում. ԵՄ-Հայաստան հարաբերությունների ժամանակագրությունը» վերտառությամբ դասախոսությունն առանձնացավ իր բովանդակային խորությամբ, բարձրարժեք վերլուծությամբ և նյութի արդիականությամբ։ Իր բանախոսության ընթացքում նա անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման դինամիկային, փուլերին, իրավապայմանագրային բազային, հեռանկարներին, ԵՄ դիվանագիտության ու որոշումների կայացման մեխանիզմներին, ինչպես նաև այն ազդեցությանը, որ ունեն համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները Հարավային Կովկասում։ Արևմտյան, այդ թվում՝ եվրոպական հիմնադրամների հետ համագործակցության հարուստ փորձի շրջանակում և փորձագիտական լայն հենքի վրա կառուցված դասախոսությունը կարևոր էր ոչ միայն տեսական, այլև պրակտիկ թիրախավորմամբ ու նորարարական մոտեցումներով:
«Քաղաքական իմիջի ձևավորման առանձնահատկությունները» վերտառությամբ դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր, հ.գ.դ. Էլինա Ասրիյանը: Դասախոսությունը կարևոր էր քաղաքական հաղորդակցությունների և հանրային ընկալումների փոխկապակցվածությունը խորապես հասկանալու, ինչպես նաև՝ քաղաքական և պետական իմիջի ձևավորման դերը ժամանակակից քաղաքական գործընթացներում գնահատելու տեսանկյունից: Թեմայի ներկայացման արհեստավարժության և դասավանդման հմտությունների ընդգծված վարպետությամբ ապահովվեց լսարանի ակտիվ ներգրավվածությունը։ Լինելով հոգեբանական գիտությունների դոկտոր և ունենալով հարուստ ակադեմիական փորձ՝ բանախոսն արդյունավետորեն համադրեց տեսական մոտեցումներն ու գործնական օրինակները՝ առանձնացնելով քաղաքական իմիջի կառուցման, ձևավորման և զարգացման հիմնական բաղադրիչներն ու միտումները, ինչպես նաև հանրային ընկալումների ձևավորման մեխանիզմները:
Օրվա երրորդ բանախոսը՝ ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, ներկայացրեց «Միգրացիայի և ներքին անվտանգության բարեփոխումների դինամիկան եվրոպական արժեքների դիտանկյունից» թեման։ Գիտականորեն հիմնավորված, ընկալելի ձևակերպումներով հարստացված դասախոսության ընթացքում ակտիվ հարցուպատասխանի միջոցով մասնակիցների հետ քննարկվեցին միգրացիայի սահմանումը, դրա հիմնական ասպեկտները, միջազգային փորձը, ինչպես նաև բնակչության ներհոսքի և արտահոսքի հարաբերակցության առանձնահատկությունները տարբեր ժամանակահատվածներում։
Հատուկ անդրադարձ կատարվեց համապատասխան պետական ինստիտուտների զարգացման, կայացման ու արդիականացման դինամիկային, առաջնահերթ ուղղություններում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև փոփոխվող աշխարհի իրողություններին արդյունավետ արձագանքելու և միգրացիոն կառավարման համակարգերը ժամանակակից պահանջներին հարմարեցնելու մեխանիզմներին։
Դասընթացի հաջորդ օրը՝ ապրիլի 12-ին, «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ձեռքբերումներն ու հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Դասախոսությունն ընթացավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ բրիֆինգի համապատասխան ձևաչափով:
Բանախոսն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումներին՝ գլոբալ, ռեգիոնալ և լոկալ ակտորների ու գործընթացների համատեքստում: Անի Բադալյանն անդրադարձավ Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող պետությունների հետ երկկողմ հարաբերություններին և միջազգային կազմակերպություններում մեր երկրի գործունեությանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և համապատասխան օրակարգերի մշակման ու կենսագործման կարևորությանը։ Ելույթի ընթացքում շեշտադրվեցին նաև արտաքին քաղաքականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձ կատարվեց Ադրբեջանի հետ հաշտեցման և Թուրքիայի հետ՝ նորմալիզացիայի ՀՀ որդեգրած քաղաքականության կարևորությանը, ինչպես նաև Հայաստանի դիրքավորմանը՝ գլոբալ և ռեգիոնալ փոխակերպումների համատեքստում:
Օրվա երկրորդ բանախոսն էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Շանթ» հեռուստաընկերության հայտնի լրագրող Քրիստինե Ալագուլյանը։ «Միջազգային հարաբերությունների և Հայաստանի արտաքին քաղաքականության լուսաբանման առանձնահատկությունները զանգվածային լրատվամիջոցներում» թեմայով դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ լրատվական օրակարգերի ձևավորման սկզբունքներին և նորությունների չափորոշիչներին քաղաքական լրագրության համատեքստում։ Բանախոսը ներկայացրեց նաև աշխատանքային, պաշտոնական և պետական այցերի, ինչպես նաև միջազգային գագաթնաժողովների լուսաբանման առանձնահատկությունները։ Առանձնակի ընդգծվեց լրագրողների աշխատանքային գործիքակազմերի կիրառումը՝ ընդգծելով մասնագիտական ճիշտ մոտեցումների և տեղեկատվության հավաստի ներկայացման խիստ կարևորությունը։ Միջազգային կարևորագույն իրադարձությունների լուսաբանման մեծ փորձ ունեցող բանախոսը ներկայացրեց քաղաքական լրագրության տեսանելի և անդրկուլիսյան մանրամասները:
Դասընթացի ավարտին ուսանողներին տրվեցին հստակ առաջադրանքներ՝ պատրաստելու հետազոտական աշխատանքներ, որոնք կունենան թիրախային ուղղվածություն և գործնական նշանակություն ՀՀ պետական մարմինների համար։
Նշենք, որ մինչ այժմ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կողմից և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շահառուներ են դարձել հանրապետության շուրջ 15 բուհերի և ԵՊՀ 8 ֆակուլտետների մոտ 200 ուսանող։ Հատկանշական է, որ ծրագրի շրջանավարտներից 22-ը տարբեր բանախոսների կողմից ստացել են աշխատանքի առաջարկ, ինչը վկայում է ծրագրի արդյունավետության և կիրառական նշանակության մասին։ Բացառություն չէր նաև 4-րդ շրջանը:
Հիշեցնենք, որ դասընթացն անցկացվում է քառափուլ ձևաչափով: Երկրորդ փուլը կկայանա սույն թվականի մայիսի 22–24-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ մարզերից մեկում, որի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կներկայացվեն առաջիկայում։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ: