- Главная
- Node
- «Էրազմուս+»-ը՝ կամուրջ դեպի միջազգային ակադեմիական համագործակցություն
Апреля 13, 2026 | 13:16
Կրթական ծրագրեր
Կրթություն
«Էրազմուս+»-ը՝ կամուրջ դեպի միջազգային ակադեմիական համագործակցություն
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Սեդա Վաղարշյանը ս.թ. փետրվարից «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում հետազոտական աշխատանք է կատարում Լեոնի համալսարանում (Իսպանիա), որտեղ նա ընդգրկված է «Իրավաբանական պատասխանատվություն» բազմամասնագիտական դոկտորական ծրագրում։
Լեոնի համալսարանում գտնվելու ընթացքում Սեդան ոչ միայն կատարում է գիտահետազոտական աշխատանք, այլև ակտիվորեն մասնակցում է իրավունքի փիլիսոփայության և սահմանադրական իրավունքի ոլորտներին առնչվող ակադեմիական միջոցառումներին, կրթական այցերին և գիտական քննարկումներին՝ դառնալով միջազգային ակադեմիական միջավայրի լիարժեք մասնակից։
Ընդգծելով ծրագրի շրջանակում արտերկիր մեկնելու կազմակերպական աշխատանքներին՝ Սեդան մատնանշեց Իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային համագործակցության վարչության անգնահատելի աջակցությունը, ինչը մեծապես օգնել է նրան հաղթահարելու մի շարք դժվարություններ։
Սեդայի խոսքով՝ Լեոնի համալսարանում նրա գիտական ղեկավարը՝ Մարիա Էսթերը, ինչպես նաև դոկտորական դպրոցի և ֆակուլտետի դասախոսական կազմը առանձնանում են իրենց հոգատարությամբ։
«Ցանկացած հարցում, այդ թվում` ոչ ակադեմիական, նրանք միշտ պատրաստ են օգնելու, ինչը հատկապես կարևոր է օտար ակադեմիական միջավայրում»,- ընդգծեց նա։
Միևնույն ժամանակ, Լեոնի համալսարանում ուսումնառությունը հնարավորություն է տալիս ձևավորելու ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կարևոր կապեր։ Միջազգային ակադեմիական միջավայրը միավորում է տարբեր երկրների ուսանողների, ինչը նպաստում է միջմշակութային հաղորդակցությանը և փորձի փոխանակմանը։
«Այստեղ շատ ուսանողներ կան Բրազիլիայից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, և սա մեծ հնարավորություն է՝ ստեղծելու նոր կապեր, ճանաչելու տարբեր մշակույթներ և ընդլայնելու սեփական աշխարհայացքը»,- նշեց Սեդան։
ԵՊՀ ասպիրանտի համար մշակութային անսովոր տարբերություններից մեկը համալսարանական հաղորդակցության ձևաչափն է․ Լեոնի համալսարանում ուսանողները դասախոսներին դիմում են «դու»-ով և անունով, ինչը տարբերվում է հայկական ակադեմիական ավանդույթներից։
Նա համոզված է՝ այսօրինակ փորձառությունը բացառիկ հնարավորություն է ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական աճի համար։
«Թեև դժվարություններ կան, սակայն դրանք որևէ կերպ չեն ազդում այն փաստի վրա, որ սա լավագույն փորձն է ավելի կայուն դառնալու և ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու համար»,- ասում է ԵՊՀ ասպիրանտը։
Սեդայի խոսքով՝ Երևանի պետական համալսարանի ընձեռած հնարավորությունները, որոնցից է նաև «Էրազմուս+» ծրագիրը, կարևոր հարթակ են ուսանողների համար միջազգային փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքներ ու հմտություններ զարգացնելու և աշխարհայացքը ընդլայնելու տեսանկյունից։