Հունիսի 9-ին տեղի է ունեցել «ԱԲ գրագիտություն» վերապատրաստման ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ութ աշխատակիցների հանձնվել են ծրագրի հաջող ավարտը հավաստող վկայագրեր։
Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ինչպես նաև «Armenian Code Academy»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը։ Նրանք շնորհավորել են մասնակիցներին՝ կարևորելով արհեստական բանականության ոլորտում գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումը, ինչպես նաև նման նախաձեռնությունների դերը կրթության որակի բարձրացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման գործում։
Մայիսին մեկնարկած «ԱԲ գրագիտություն» վերապատրաստման ծրագրի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել արհեստական բանականության հիմնարար հասկացություններին, ժամանակակից գործիքներին և դրանց կիրառման հնարավորություններին՝ նպաստելով թվային հմտությունների զարգացմանն ու նոր տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործմանը մասնագիտական գործունեության մեջ։
Ծրագրի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրել են արհեստական բանականության աշխատանքի սկզբունքները, ԱԲ գործիքների կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց պատասխանատու և էթիկական կիրառման հարցերը։ Դասընթացը ներառել է նաև գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերած գիտելիքները կիրառելու տարբեր առաջադրանքների կատարման ընթացքում։
Դասընթացի մասնակիցներից Ելենա Պետրոսյանը նշեց. «Դասընթացը բավականին օգտակար էր, բովանդակալից, մասնակիցները խմբերում աշխատում էին մեծ եռանդով և հետաքրքրվածությամբ։ Ակնկալում եմ, որ ստացած գիտելիքները մոտ ապագայում կկարողանանք կիրառել՝ ներառելով կենտրոնի կողմից դասավանդվող առարկաներում՝ ԱԲ թեմաների շրջանակում»։
Վերապատրաստման ծրագրին մասնակցությունը ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների համար կարևոր հնարավորություն էր՝ ընդլայնելու մասնագիտական կարողությունները, ծանոթանալու ոլորտի նորագույն զարգացումներին և նպաստելու արհեստական բանականության գործիքների առավել արդյունավետ կիրառմանը կրթական գործընթացում։








