ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը արդեն 2-րդ տարին անընդմեջ համատեղ կազմակերպում են «ԳԵՈ-ներգրավում» ուսանողական ծրագիրը:
Բյուրականի ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում անցկացվող եռօրյա ծրագրին, որի համակարգողն է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Իրինա Սահակյանը, այս տարի մասնակցում էին 1-4-րդ կուրսերի ուսանողներ: Նրանք ճամբարի շրջանակում հնարավորություն ստացան մասնակցելու մասնագիտական և երիտասարդության զարգացմանն ուղղված մի շարք դասընթացների, որոնք ներկայացրին համապատասխան ոլորտի առաջատար մասնագետները: Մասնակիցները ծանոթացան ֆակուլտետում ուսանողներին տրվող հնարավորություններին, բացի այդ՝ բարձրաձայնվեցին առկա հիմնախնդիրները՝ փնտրելով դրանց լուծման հնարավոր ուղիներ:
Քննարկումներում առանցքային էին նաև ավագ դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման հարցերը:
Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, կարևորելով ուսանողների համար կազմակերպվող նմանօրինակ ծրագրերը, նշեց, որ ֆակուլտետը շարունակաբար խթանում է ուսանողների նախաձեռնողականությունը՝ մասնագիտական համայնքի հետ վերջիններիս կապն ամրապնդելու և զարգացնելու համար:
Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի թիմը, որը ներկայացրեց կենտրոնի գործունությունը։ Մասնակիցների համար կազմակերպվեց բանախոսություն, որի շրջանակում ներկայացվեցին նաև «Գրագետ ինքնակենսագրական (CV) կազմելու կանոնները», «Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ գործատուին» թեմաները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «ԳԵՈ-ներգրավում-2024» եռօրյա մասնագիտական ճամբարի շրջանակում աշակերտների ներգրավման ամառային դպրոցի ծրագրի շուրջ ուսանողները աշխատել են ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում: Ծրագրի ընթացքում աշակերտների համար իրականացվել են մի շարք դասընթացներ, բանախոսություններ, հանդիպում ներկայիս ուսանողների, ինչպես նաև հաջողության հասած շրջանավարտների հետ և այց «ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարպետյանի անվան երկրաբանական թանգարան»։
Նմանատիպ հանդիպումները ուսանողներին հնարավորություն են տալիս ոչ պաշտոնական միջավայրում զարգացնելու իրենց ստեղծագործ միտքը, վերլուծական, հաղորդակցական հմտությունները, ձեռք բերելու գաղափարակից ընկերներ, ինչպես նաև դրսևորվելու որպես թիմի ակտիվ առաջնորդներ: