1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ՝ ԵՊՀ) սովորողների՝ մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի (այսուհետ՝ առարկայական պարտք) վերահանձնման գործընթացի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի 11-րդ կետի պահանջների:
2. Քննաշրջանի լուծարքային շրջանից հետո առարկայական պարտքը վերահանձնելու համար սահմանվում է երկու եղանակ՝
1) դասընթացի քննության (ստուգարքի) վերահանձնում,
2) դասընթացի կրկնում և քննության (ստուգարքի) վերահանձնում (ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ (հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի 2022 թ. ապրիլի 7-ի թիվ 8 նիստում), ԵՊՀ ռեկտորի «Դասընթացը կրկնելու գործընթացը կանոնակարգելու մասին» 2023 թ. հունվարի 17-ի թիվ 9/55-Լ հրաման):
3. Առարկայական պարտքի հանձնումը և դասընթացի կրկնումը կազմակերպվում են վճարովի հիմունքներով (ԵՊՀ ռեկտորի 2022 թ. ապրիլի 20-ի թիվ 75/9-Լ և 2023 թ. հունվարի 17-ի թիվ 9/55-Լ հրամաններ):
2. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՀԱՆՁՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սովորողն իրավունք ունի առարկայական պարտքը վերահանձնել երկու անգամ՝ մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը՝ բացառությամբ սույն ընթացակարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի:
5. Բակալավրիատի առկա ուսուցման համակարգում սովորողները 1-5-րդ կիսամյակների առարկայական պարտքը պետք է վերահանձնեն ուսումնառության 2-6-րդ կիսամյակն ընկած ժամանակահատվածում:
6. Բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգում սովորողները 1-7-րդ կիսամյակների առարկայական պարտքը պետք է վերահանձնեն ուսումնառության 2-8-րդ կիսամյակն ընկած ժամանակահատվածում:
7. Մագիստրատուրայի առկա ուսուցման 90 և 120, հեռակա ուսուցման 60 և 90 կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ կրթական ծրագրերի սովորողները 1-ին կիսամյակի առարկայական պարտքը պետք է վերահանձնեն 2-րդ կիսամյակում:
8. Մագիստրատուրայի հեռակա ուսուցման 120 կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ կրթական ծրագրերի սովորողները 1-3-րդ կիսամյակների առարկայական պարտքը պետք է վերահանձնեն 2-4-րդ կիսամյակն ընկած ժամանակահատվածում:
9. Մագիստրատուրայի առկա ուսուցման 60 կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ կրթական ծրագրերում առարկայական պարտքի վերահանձում և դասընթացի կրկնություն չի նախատեսվում:
10. Ավարտական կուրսին նախորդող կիսամյակի առարկայական պարտքի վերահանձնում և դասընթացի կրկնություն չի նախատեսվում:
11. Առարկայական պարտքի վերահանձնման վերջին (1-ին կամ 2-րդ) փորձը կազմակերպվում է ավարտական կուրսին նախորդող ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանում:
3. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՀԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
12. Առարկայական պարտքի վերահանձնումը կատարվում է սովորողի դիմումի համաձայն` դասընթացի վերահանձնման համար սահմանված վճարումը կատարելուց հետո: Դիմումը կազմվում է կրթական ստորաբաժանումում (ֆակուլտետ, կենտրոն, ինստիտուտ) սույն ընթացակարգի Աղյուսակ 1-ում ներկայացված ժամանակացույցի համաձայն և սահմանված ժամկետներում ներկայացվում է ԵՊՀ ընդհանուր բաժին:
13. Սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո ներկայացված դիմումը չի քննարկվում, և քննությունը վերահանձնելու թույլտվություն չի տրվում:
14. Վերահանձնման վերաբերյալ հրամանագրումը կատարվում է սույն ընթացակարգի Աղյուսակ 1-ում ներկայացված ժամանակացույցի համաձայն:
15. Կրթական ստորաբաժանումը կազմում է առարկայական պարտքի վերահանձման ժամանակացույց և ձևավորում հանձնաժողով սույն ընթացակարգի Աղյուսակ 1-ում ներկայացված ժամանակացույցի համաձայն, որոնց հրամանների նախագծերը ներկայացվում են ԵՊՀ ուսումնամեթոդական վարչություն:
16. Կիսամյակի քննաշրջանի լուծարքի կազմակերպման համար ձևավորված հանձնաժողովը կարող է գործել նաև սույն ընթացակարգով նախատեսված վերահանձնման ժամանակ:
17. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝
1) համապատասխան ամբիոնի վարիչը կամ համապատասխան կրթական ծրագրի ղեկավարը կամ համապատասխան ամբիոնի պրոֆեսորը/դոցենտը (հանձնաժողովի նախագահ),
2) համապատասխան դասընթացը կամ գործնական ժամերը վարող դասախոսը,
3) ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության ներկայացուցիչը՝ ըստ անհրաժեշտության:
Հանձնաժողովի անվանական կազմը հաստատվում է ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտորի հրամանով:
4. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՀԱՆՁՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ
18. Առարկայական պարտքի վերահանձնումն իրականացվում է սույն ընթացակարգի Աղյուսակ 1-ում ներկայացված ժամանակացույցի համաձայն: Վերահանձնման քննություններն (ստուգարքներն) անցկացվում են դասապրոցեսից ազատ ժամերին:
19. «Առանց եզրափակիչ գնահատման» դասընթացի քննության վերահանձնման ժամանակ սովորողը բարձրացնում է իր արդյունարար միավորը՝ հանձնելով ընթացիկ քննությունները (պահպանելով նախկինում ստացած միավորները):
20. «Եզրափակիչ գնահատումով» դասընթացի քննության վերահանձնման ժամանակ սովորողը վերահանձնում է եզրափակիչ քննությունը (պահպանելով նախկինում ստացած միավորները):
21. «Առանց ընթացիկ քննությունների գնահատման» դասընթացի քննության վերահանձնման ժամանակ սովորողը վերահանձնում է եզրափակիչ քննությունը (պահպանելով նախկինում ստացած միավորները):
22. Քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանի ամփոփման արդյունքում առարկայական պարտքի կրեդիտները գումարվում են տվյալ քննաշրջանից պարտք մնացած առարկաների կրեդիտներին և 12 կրեդիտը գերազանցելու դեպքում սովորողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության հիմքով:
23. Վերահանձնման վերջին հնարավորությունից անբավարար գնահատական ստանալու կամ չներկայանալու դեպքում սովորողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության հիմքով:
24. Վերահանձնման արդյունքները և հեռացման ենթակա սովորողների վերաբերյալ զեկուցագիրը կրթական ստորաբաժանման կողմից ներկայացվում է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչություն՝ քննությունների ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: