1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ ԵՊՀ) ֆինանսական վերլուծությունների վարչությունը (այսուհետ` Վարչություն) ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԵՊՀ-ի կանոնադրությամբ, սույն կանոնակարգով, ինչպես նաև վարչության լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:
3. Վարչության հաստիքացուցակը հաստատվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի ներկայացմամբ:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Վարչության գործառույթներն են.
1) Տարեկան բյուջետային գործընթացի համակարգումը,
2) Բյուջետային շեղումների վերլուծությունների իրականացումը,
3) Դրամական միջոցների մուտքերի և ելքերի վրա ազդեցություն ունեցող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների կազմումը,
4) ԵՊՀ կողմից մատուցվող ծառայությունների գնագոյացման հաշվարկի կատարումը, դրա պարբերաբար վերանայումը, շահութաբերության ցուցանիշների հաշվարկի կատարումը,
5) Ֆինանսական գործունեության արդյունավետության վրա ազդող բացասական երևույթների վերհանումը, ղեկավարությանը դրա մասին ժամանակին տեղեկացումը և այլընտրանքային տարբերակների առաջարկումը
6) ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագրերում ֆինանսական ուղղությունների մշակումը և վերլուծությունների կատարումը։
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
5. Վարչության աշխատողների աշխատանքային պարտականությունները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, պաշտոնի անձնագրով (աշխատանքի նկարագրով), ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով, ԵՊՀ ներքին իրավական ակտերով և գլխավոր հաշվապահի հանձնարարականներով: Աշխատանքային պարտականությունների կատարումից ԵՊՀ-ին գույքային (նյութական) վնաս պատճառելու դեպքում աշխատողները կրում են լիակատար գույքային և անձնական պատասխանատվություն:
6. Վարչությունը ղեկավարում է վարչության պետը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
7. Վարչության պետը ՝
1) Կազմակերպում և վերահսկում է վարչության գործունեությունը, ապահովում է վարչության հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները, աշխատողներին տալիս համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, ապահովում է այլ ստորաբաժանումների հետ վարչության փոխհամագործակցությունը:
2) Կատարում է աշխատանքի բաժանում վարչության աշխատողների միջև:
3) Սահմանված կարգով տնօրինում է վարչությանը հատկացված ֆինանսական միջոցները:
4) Ներկայացնում է վարչությունը ներհամալսարանական և արտահամալսարանական հարաբերություններում, վարչության անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում:
5) Կազմում և ներկայացնում է ֆինանսական, հարկային և այլ հաշվետվություններ:
6) Պատասխանատվություն է կրում վարչության կողմից իրականացվող աշխատանքների որակի և վարչության առջև դրված խնդիրների պատշաճ և արդյունավետ լուծման համար:
7) Լուծում է սույն կանոնադրությունից բխող և վարչության գործունեության հետ կապված այլ հարցեր:
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8. Վարչության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
9. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով: