1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը» ղեկավար ձեռնարկը սահմանում է բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը, ընդհանուր բովանդակությունն ու ուսանողի բեռնվածությունը։
2. Բակալավրի կրթական ծրագիրը բաղկացած է 2 հիմնական` ընդհանուր կրթական ու մասնագիտական կառուցամասերից, որոնցից յուրաքանչյուրով նախատեսված աշխատանքներն առկա ու հեռակա ուսուցման համակարգերի համար իրականացվում են ըստ Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում ներկայացված աշխատածավալների համամասնության:
3. Առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է (8 կիսամյակ): Ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շաբաթյա տևողություն, որից 15 շաբաթը հատկացվում է լսարանային պարապմունքներին, 2-ը` ընթացիկ քննություններին ու ստուգարքներին, իսկ 3-ը՝ եզրափակիչ քննություններին:
4. Հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի տևողությունը 5 տարի է (10 կիսամյակ): Ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 16-շաբաթյա տևողություն, որից 4 շաբաթը հատկացվում է լսարանային պարապմունքներին, 8-ը` ինքնուրույն աշխատանքին, խորհրդատվություններին ու ընթացիկ քննություններին, իսկ 4-ը՝ եզրափակիչ քննություններին: Ուսումնական ստորաբաժանման խորհրդի որոշմամբ ու ռեկտորի թույլտվությամբ լսարանային պարապմունքները տրված ժամաքանակների սահմաններում կարող են իրականացվել նաև այլ ժամանակացույցով։
5. Բակալավրի կրթական ծրագրի ուսումնական բեռնվածությունը 240 կրեդիտ է՝ առկա ուսուցման մեկ կիսամյակի համար 30 կրեդիտ (10 % թույլատրելի շեղումով), իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 24 կրեդիտ (10 % թույլատրելի շեղումով): Ուսանողի շաբաթական լրիվ ուսումնական բեռնվածությունն առկա ու հեռակա ուսուցման համակարգերում 1,5 կրեդիտ է։ Ուսումնական մեկ կրեդիտի ժամային համարժեքը 30 ժամ է։
6. Ընդհանուր կրթական կառուցամասի աշխատածավալը ուսումնական բեռնվածությունում 27 կրեդիտ է, իսկ մասնագիտական կառուցամասինը` 213 կրեդիտ։ Ընդհանուր կրթական կառուցամասը ներառում է պարտադիր ու կամընտրական դասընթացներ: Մասնագիտական կառուցամասը ներառում է 3, 6 կամ 9 կրեդիտ աշխատածավալով պարտադիր, կամընտրական, հատուկ մասնագիտական, հարակից կրթական ծրագրերից ընտրվողդասընթացներ, ինչպես նաև կրթական այլ մոդուլներ՝ պրակտիկա(ներ) ու 12 կրեդիտ ծավալով ավարտական աշխատանք։ Այս կառուցամասի դասընթացները կարող են լինել մոդուլացված։
7. Առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ուսանողի շաբաթական լսարանային առավելագույն բեռնվածությունը 1-4-րդ կիսամյակներում 22 ժամ է, իսկ 5-7-րդ կիսամյակներում՝ 20 ժամ (ներառյալ պրակտիկաները)։ Կրթական այն ծրագրերում, որոնցում նախատեսվում է ուսումնական պրակտիկա (կամ պրակտիկայի այլ ձևեր), տվյալ կիսամյակի լսարանային ընդհանուր բեռնվածությունը (այդ թվում՝ պարտադիր մասնագիտական դասընթացների քանակը, կրեդիտների ընդհանուր թիվը) համապատասխանաբար նվազում է։ Պրակտիկայի բեռնվածությունը ներառվում է տվյալ կիսամյակի ընդհանուր բեռնվածության մեջ։
8. Հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի դասընթացների լսարանային աշխատանքի ժամաքանակը կազմում է առկա ուսուցման ձևի համար նախատեսված լսարանային ժամերի 1/3-ը, իսկ մնացած ժամաքանակը նախատեսվում է ուսանողի ինքնուրույն աշխատանքի համար։
9. Բակալավրի կրթական ծրագրի մասնագիտական կառուցամասի մասնագիտական դասընթացների լսարանային աշխատանքի ժամաքանակը կազմում է ընդհանուր ժամաքանակի 1/3-ը, իսկ մնացած ժամաքանակը նախատեսվում է ուսանողի ինքնուրույն աշխատանքի համար։
10. Դասընթացի (ուսումնական մոդուլի) շաբաթական լրիվ աշխատածավալը որոշվում է ուսանողի լսարանային ու ինքնուրույն աշխատանքի ժամաքանակների գումարով։ Դասընթացին հատկացվող կրեդիտների քանակն առկա ուսուցման դեպքում որոշվում է՝ շաբաթական լրիվ բեռնվածությունը բազմապատկելով 15 շաբաթով ու արդյունքը բաժանելով 30 ժամի։
11. Առկա ու հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերի ուսումնական պլանների ձևաթերթերը ներկայացված են համապատասխան հավելվածներում։
2. ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
2.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՄԱՍ
Ընդհանուր կրթական կառուցամասը նպատակաուղղված է բակալավրի որակավորման համար անհրաժեշտ ընդհանրական/փոխանցելի գիտելիքների ու կարողությունների ապահովմանը։
12. Պարտադիրդասընթացների ընդհանուր աշխատածավալը 23 կրեդիտ է։ Այն ներառում է 11 դասընթաց (այս կառուցամասում ընդգրկված է նաև «Ֆիզդաստիարակությունը», որին կրեդիտ չի հատկացվում, և այն ենթադրում է կազմակերպման այլ ձևաչափ) (տե՛ս Հավելված 1, 2, 3 և 4)։ Այս դասընթացներն իրականացվում են 1-ին, 2-րդ ու 3-րդ կուրսերում և նպատակաուղղված են ուսանողների ընդհանրական (փոխանցելի) գիտելիքների և կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը։
13. Կամընտրական դասընթացների ընդհանուր աշխատածավալը 4 կրեդիտ է և ներառում է 2 կրեդիտ աշխատածավալով 2 դասընթաց (ուսումնական մոդուլ) (տե՛ս Հավելված 1, 2, 3, 4 և 5)։ Կամընտրական դասընթացներն ապահովում են ուսանողների սոցիալ-տնտեսական, բնագիտական ու մշակութային ընդհանուր գիտելիքների ձևավորումն ու զարգացումը։ Կամընտրական դասընթացներն իրականացվում են 2-րդ կուրսում, իսկ ուսանողների կողմից դրանց ընտրությունը կատարվում է 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում՝ մինչև ապրիլի 1-ը, գրանցումների էլեկտրոնային համակարգում (ռեգիստրար)։ Կամընտրական դասընթացների իրականացումը համակարգում է Ուսումնամեթոդական վարչությունը։ Կամընտրական դասընթացն իրականացվում է, եթե դրանում ընդգրկված են նվազագույն թվով ուսանողներ (համաձայն ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական ու ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերի): Անհրաժեշտության դեպքում կարող են ձևավորվել միջֆակուլտետային հոսքեր։
2.2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՄԱՍ
Մասնագիտական կառուցամասը, որում ներառված են պարտադիր մասնագիտական, կամընտրական/հատուկ մասնագիտական և հարակից կրթական ծրագրերից ընտրված դասընթացներ ու կրթական այլ մոդուլներ, նպատակաուղղված է բակալավրի որակավորման մասնագիտական հենքային գիտելիքների և կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը։ Մեկ կիսամյակում մասնագիտական դասընթացների թիվը չի կարող գերազանցել 5-ը:
14. Պարտադիր մասնագիտական դասընթացների աշխատածավալը 150 կրեդիտ է (տե՛ս Հավելված 1, 2, 3 և 4)։ Այս կրթամասի բովանդակությունը, դասընթացներն ու դրանց կրեդիտատարությունը որոշում են կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումները (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն)՝ ապահովելով բակալավրի կրթական մակարդակում տվյալ մասնագիտության համար պահանջվող գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ձեռքբերումը։ Դրանք մշակվում են` հաշվի առնելով որակավորումների ազգային ու ոլորտային շրջանակների և մասնագիտական աշխատաշուկայի արդի պահանջները, ինչպես նաև տվյալ մասնագիտության միջազգային ծրագրային ուղենիշները։
15. Կամընտրական մասնագիտական դասընթացներն նպաստում են ուսանողի մասնագիտական նախասիրություններով պայմանավորված հատուկ գիտելիքների ու կարողությունների ձեռքբերմանը։ Կամընտրական մասնագիտական դասընթացների ընդհանուր աշխատածավալը 48 կրեդիտ է, որից 12-18 կրեդիտը նախատեսված է հարակից դասընթացների համար (տե՛ս 17-րդ կետը)։ Առաջարկվող դասընթացները պետք է ներկայացվեն կրկնակի թվով: Դրանցընտրությունն իրականացվում է գրանցումների էլեկտրոնային համակարգում (ռեգիստրար)։ Կամընտրական մասնագիտական դասընթացներն իրականացվում են 5-8-րդ (հեռակա ուսուցման դեպքում՝ 7-10-րդ) կիսամյակներում։
16. Հատուկ մասնագիտական դասընթացներ: Ելնելով մասնագիտության առանձնահատկություններից՝ կրթական ծրագրի կառուցվածքում կամընտրական մասնագիտական դասընթացների փոխարեն կարող են նախատեսվել հատուկ մասնագիտական դասընթացներ, որոնք ապահովում են մասնագիտական գիտելիքների ու կարողությունների ձեռքբերումը։ Հատուկ մասնագիտական դասընթացների ընդհանուր ուսումնական աշխատածավալը 48 կրեդիտ է, որից 12-18 կրեդիտը նախատեսված է հարակից դասընթացների համար (տե՛ս 17-րդ կետը)։ Առաջարկվող դասընթացների ընտրությունն իրականացվում է գրանցումների էլեկտրոնային համակարգում (ռեգիստրար)։ Հատուկ մասնագիտական դասընթացներն իրականացվում են 5-8-րդ (հեռակա ուսուցման դեպքում՝ 7-10-րդ) կիսամյակներում։
17. Հարակից կրթական ծրագրերից ընտրված դասընթացներ: 6-7-րդ կիսամյակներում (հեռակա ուսուցման դեպքում՝ 8-9-րդ) նախատեսվում է «շարժունության պատուհան», ինչը հնարավորություն է ընձեռում ուսանողին կրթական ծրագրի ղեկավարի համաձայնությամբ դասընթացներ ընտրելու ինչպես բակալավրի հարակից կրթական ծրագրերի, այնպես էլ այլ բուհերի կողմից առաջարկվող դասընթացների ցանկից: Հարակից կրթական ծրագրերից ընտրված դասընթացների ընդհանուր աշխատածավալը 12-18 կրեդիտ է: Դասընթացներն ընտրվում են 4-րդ ու 6-րդ (հեռակա ուսուցման դեպքում՝ 6-րդ ու 8-րդ) կիսամյակներում՝ մինչև ապրիլի 1-ը, գրանցումների էլեկտրոնային համակարգում (ռեգիստրար): Դասընթացն իրականացվում է, եթե դրանում ընդգրկված են նվազագույն թվով ուսանողներ (ուսանողների նվազագույն թիվը սահմանվում է ըստ գործող նորմերի):
18. Կրթական այլ մոդուլներ: Ծրագրի կրթական այլ մոդուլների աշխատածավալը 15 կրեդիտ է, որը ներառում է 3 կրեդիտ աշխատածավալով մասնագիտական պրակտիկա (կրթական ծրագրի առանձնահատկություններից ելնելով՝ կարող է ներառվել նաև համապատասխան աշխատածավալով ուսումնական պրակտիկա) և 12 կրեդիտ աշխատածավալով ավարտական աշխատանք։
1) Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է 8-րդ (հեռակա ուսուցման դեպքում՝ 10-րդ) կիսամյակում կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանման կողմից կազմված ու հաստատված ծրագրով։ Այն իրականացվում է մասնագիտական ուղղվածություն ունեցող ձեռնարկություններում ու հաստատություններում և ավարտվում է ստուգարքով: Ուսանողները ներկայացնում են սահմանված ձևաչափի ու բովանդակության հաշվետվություն պրակտիկայի կատարման վերաբերյալ։
2) Կրթական ծրագրում կարող են նախատեսվել նաև պրակտիկայի այլ ձևեր, որոնց իրականացման կիսամյակն ու կրեդիտատարությունը (շաբաթները) որոշում է կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումը (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն)։
3) Ավարտական աշխատանքը բակալավրի կրթական ծրագրի անհատական ու ամփոփիչ բաղադրիչն է, որի պատրաստումն ու պաշտպանությունն առկա ուսուցման դեպքում իրականացվում են 8-րդ, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 10-րդ կիսամյակում։ Ավարտական աշխատանքի ձևաչափին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Երևանի պետական համալսարանում ավարտական աշխատանքի պատրաստման ու գնահատման կարգում»։
19. Բակալավրի կրթական ծրագրի բաղկացուցիչ դասընթացների կազմն ու բովանդակությունը, ինչպես նաև դասավանդման, ուսումնառության և գնահատման ձևերն ու մեթոդներն ընտրվում են հետևյալ պաշտոնական ու միջազգային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան՝
1) ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակ (որակավորումների ոլորտային շրջանակով՝ առկայության դեպքում) (Տե՛ս «ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը),
2) ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ (Տե՛ս ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ, 2012 թ.) և կրթական ծրագրի մասնագրիլրացման ուղեցույց (Տե՛ս ԵՊՀ կրթական ծրագրի մասնագրի լրացման ուղեցույց, 2016 թ.):
3) տվյալ մասնագիտական ոլորտում կիրառվող միջազգային ծրագրային կողմնորոշիչներ ու հենանիշներ (բենչմարքներ):
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
20. Սույն փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2023 թ. սեպտեմբերի 1-ից, և դրա դրույթները տարածվում են 2023 թ. սեպտեմբերի 1-ից հետո ԵՊՀ ընդունված, տեղափոխված կամ ԵՊՀ-ում ուսանողական իրավունքները վերականգնած ուսանողների վրա: