1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) «Ռեգիստրար (Registrar)» համակարգում (այսուհետ՝ համակարգ) դասընթացի բաղադրիչների առավելագույն միավորների ընտրության և գնահատականների մուտքագրման կարգը և ժամկետները:
2. Սույն կարգի դրույթները վերաբերում են ԵՊՀ-ում գործող «Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման» (հաստատված 04.05.2017թ.) և «Ուսումնական գործընթացի կազմակերպման» (հաստատված 07.04.2022թ.) կարգերով սահմանված դասընթացների չորս խմբերին:
2. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
3. Դասերը փաստացի սկսվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, դասախոսը համակարգում մուտքագրում և հաստատում է ընթացիկ կիսամյակում իր կողմից դասավանդվող դասընթացի բաղադրիչների (ընթացիկ քննություն, ինքնուրույն աշխատանք, ընթացիկ ստուգում, մասնակցություն, եզրափակիչ քննություն) առավելագույն միավորները, բացառությամբ «Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգով (հաստատված 04.05.2017թ.) սահմանված դասընթացների, որոնց բաղադրիչների առավելագույն միավորների մուտքագրում և հաստատում չի պահանջվում:
4. Գնահատականները համակարգ մուտքագրվում ու հաստատվում են դասավանդող դասախոսի կողմից, հետևյալ ժամկետներում.
1) Ընթացիկ քննությունից ստացած գնահատականը համակարգ մուտքագրվում ու հաստատվում է ուսանողին տեղեկացնելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան քննությանը հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
2) Ընտրովի բաղադրիչների (ինքնուրույն աշխատանք, ընթացիկ ստուգում, մասնակցություն) գնահատականները համակարգ մուտքագրվում ու հաստատվում են տվյալ կիսամյակի համար սահմանված ստուգարքային շրջանում:
3) Եզրափակիչ քննության, ստուգարքի և ակադեմիական պարտքերի մարման (լուծարքային) շրջանի արդյունքները ուսանողին տեղեկացնելուց հետո՝ համակարգ մուտքագրվում ու հաստատվում են մինչև հաջորդող աշխատանքային օրվա ավարտը:
5. Ակադեմիական պարտքերի մարման (լուծարքային) շրջանում ուսանողի ստացած միավորին գումարվում է մնացած բաղադրիչներից նախկինում ստացած միավոր(ներ)ը և համակարգում մուտքագրվում է արդյունարար միավորը:
6. Համակարգում մուտքագրված և հաստատված գնահատականը փոփոխման ենթակա չէ, բացառությամբ սույն կարգի 6.1-րդ կետով սահմանված դեպքի:
(6-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ ռեկտորի 08.05.2025 թ. թիվ 85/1-Լ հրամանով):
6.1. «Ռեգիստրար (registrar)» համակարգում գնահատականի հաստատումից հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում վրիպակ նկատելու դեպքում դասախոսը գրավոր դիմում է ներկայացնում ռեկտորին՝ կցելով համապատասխան փաստերն ու հիմնավորումները: Դիմումում ներկայացված պարզաբանման և կից ներկայացված փաստերի ու հիմնավորումների արժանահավատության դեպքում ռեկտորը տալիս է «Ռեգիստրար (registrar)» համակարգում գնահատականի փոփոխություն կատարելու թույլտվություն: Սույն կետում նշված ժամկետը բաց թողնելու դեպքում դիմումը ենթակա է մերժման
(6.1-րդ կետը լրացվել է ԵՊՀ ռեկտորի 08.05.2025 թ. թիվ 85/1-Լ հրամանով):
3. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
7. Սույն կարգի 3-4-րդ կետերով սահմանված ժամկետների խախտման դեպքում տվյալ կրթական ստորաբաժանման ղեկավարը, գնահատական(ներ)ը մուտքագրելու և հաստատելու թույլտվություն ստանալու նպատակով զեկուցագիր է ներկայացնում ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտորին՝ կցելով դասախոսի բացատրագիրը:
8. Գնահատականի մուտքագրումն ու հաստատումը պատշաճ կարգով և սահմանված ժամկետում չկատարած դասախոսը ռեկտորի հրամանով կարող է ենթարկվել կարգապահական տույժի: